Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Էդուարդ Շարմազանով․ Քաղաքացին իր մաշկի վրա կզգա Պուտինի այցի դրական փոփոխությունները

Դեկտեմբեր 03,2013 18:08

Հարգելի խորհրդարան,

Վերջին օրերին մեր երկրի քաղաքական կյանքում տեղի ունեցավ երկու նշանակալի իրադարձություն: Նախ, Վիլնյուսում Հայաստանն ամենաբարձր մակարդակով ներկայացվեց ԵՄ Արեւելյան գործընկերության գագաթաժողովին, որտեղ նշվեց, որ ՀՀ-ԵՄ քաղաքական երկխոսությունն ու ժողովրդավարական բարեփոխումները մեր երկրում այլեւս անշրջելի են, եւ եվրոպական մոդելով Հայաստանի պետականության կառուցումն ու ամրապնդումը եղել է մեր պետության գիտակցված ընտրությունը:

Հարկ է նշել, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ մեր պետության առաջնորդը Վիլնյուսում վերահաստատեց մեր այն վճռականությունը, որ թուրքական ժխտողականության դեմ պայքարը պետք է շարունակվի՝ անդրադառնալով նաեւ Թուրքիայի կողմից Հայաստանի ապօրինի շրջափակմանը:

Վիլնյուսում ազդակ հղվեց, որ հայկական կողմերը՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, ԼՂ հակամարտության բացառապես խաղաղ եւ քաղաքական կարգավորման կողմնակից են, եւ անհնար է հասնել հիմնախնդրի վերջնական հանգուցալուծմանը՝ առանց Արցախի ուղղակի մասնակցությանը բանակցություններին:

Հարգելի խորհրդարան,

Երեկ տեղի ունեցավ ՀՀ ռազմավարական դաշնակից Ռուսաստանի նախագահի պետական այցը Հայաստան, որն աննախադեպ էր իր արդյունքներով եւ նոր էջ բացեց հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններում:

Մեր ընդդիմախոսները պարբերաբար փորձում էին կասկածի ենթարկել որեւէ լուրջ դրական փոփոխության հնարավորությունը Հայաստանի շարքային քաղաքացու կյանքում:

Զերծ մնալով քաղաքական պոպուլիզմից` խոսեմ փաստերով: Դատեք ինքներդ: Նախ, հարկ է նշել, որ Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների բանակցությունների արդյունքներով ստորագրվեց 12 կարեւորագույն փաստաթուղթ, ամրապնդվեց Հայաստան-Ռուսաստան ռազմաքաղաքական համագործակցությունը, ինչն ինքնին հավելյալ երաշխիք է մեր անվտանգության եւ խաղաղության համար:

Սա լա՞վ է, թե՞ վատ:

Ռուսաստանը նվազեցնում է Հայաստանին մատակարարվող գազի սակագինը՝ 1000 խմ-ի դիմաց նախկին 270 դոլարի փոխարեն սահմանելով 189 դոլար:

Սա դրակա՞ն է, թե՞ ոչ մեր քաղաքացիների համար:

Նավթի եւ նավթամթերքի համար Ռուսաստանը հանում է օրենքով նախատեսված արտահանման 30 տոկոս մաքսատուրքը՝ սոցիալ-տնտեսական զարգացման աննախադեպ հնարավորություններ ստեղծելով:

Հիմա սա լա՞վ է, թե՞ վատ:

Լինելով ՀԱՊԿ անդամ՝ Հայաստանը ռուսական զենք եւ զինամթերք կգնի ներռուսաստանյան գներով:

Սա դրակա՞ն է , թե՞ ոչ:

Եզրակացությունը մեկն է: Անհերքելի է, որ շարքային քաղաքացին իր մաշկի վրա ուղղակիորեն կզգա այս պետական այցի դրական փոփոխությունները: Իսկ այն, որ մի քանի ընդդիմադիր գործիչներ դրանից կարող են տխրել, մեզ համար էական չէ:

Շնորհակալություն ուշադրության համար:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ettentcchi says:

    Քանի դուք ես երկրում եք, անգամ Պուտինն էլ չի կարող փրկել այս ազգին:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031