Լրահոս
Օրվա լրահոսը

Աղվան Վարդանյանը բացատրեց, թե ինչ ունենք եւ ինչ ենք ունենալու

Դեկտեմբեր 03,2013 17:40

ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի հայտարարությունը ԱԺ հայտարարությունների ժամին

Հարգելի խորհրդարան, 2014 թվականի հունվարի 1-ը շատ մոտ է: Խորհրդարանի մակարդակով, կարծես, ավարտեցինք կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի վերաբերյալ քննարկումները: Հանրապետական մեծամասնությունը հակված չէ ընդունել մեր հիմնավոր, փաստարկված առաջարկությունները:

Մեր երկրի, Հայաստանի անխտիր յուրաքանչյուր քաղաքացու համար կենսական նշանակության հարցի հանդեպ նրանց մոտեցումը, մեր գնահատմամբ, համարժեք և պատասխանատու դիրքորոշում չէ: Անքննելի են որոշումներ կայացնելու մեծամասնության տրամաբանությունն ու մեխանիզմները: Եթե իշխանության մեր գործընկերները մտածում են, թե այս համակարգի կնքահայրերը իրենց պահպանողական գաղափարախոսության կրողներն են, թե նույն արժեքներն են դավանում, կարծում եմ՝ սխալվում են:

Հիմա ժամանակն է ամփոփելու և պատմության համար արձանագրելու կատարվածը: Ի՞նչ ունենք և ի՞նչ ենք ունենալու:

1. Ներդրվում է պարտադրաբար մի համակարգ, որին մեր երկիրն ու հասարակությունը պատրաստ չեն և սոցիալ-տնտեսական ցուցանիշների, և բարոյահոգեբանական առումներով:

 

2. Ներդրվում է մի համակարգ, որին պատրաստ չէ կառավարությունը: Գործընթացն ուղեկցվում է սահմանադրական հնարավոր, օրենքի՝ բացահայտ, հայեցակարգի ու ժամանակացույցի ակնհայտ խախտումներով:

3. Ներդրվում է մի համակարգ, որը գործնականում շատ քիչ աղերս ունի սոցիալական պաշտպանության ոլորտի հետ: Հիմնական նպատակը ֆինանսական շուկան ակտիվացնելն է:

4. Գոյանալիք երկար փողերը տնտեսության իրական հատվածի վրա ազդեցություն չեն ունենալու, չեն նպաստելու եկամտաստեղծ գործունեությանն ու աշխատատեղերի ավելացմանը:

5. Շատ ռեալ է վտանգը, որ արդյունքում ավելանալու է թաքնված զբաղվածությունն ու սև աշխատավարձերի տեսակարար կշիռը:

6. 2014 թվականի հունվարից, և պետական, և մասնավոր հատվածում, աշխատողների աշխատավարձը ավելի պակաս է լինելու, քան էր 2013 թվականի դեկտեմբերին:

 

7. Այս համակարգի արդյունավետությունը ցածր է լինելու կառավարության նկարագրածից, և մասնակիցների համար 30-40 տարի հետո չի ապահովելու արժանապատիվ կենսաթոշակ: Այսքանը արձանագրելով՝ մենք վերահաստատում ենք երեք բան.

ա. Վստահության բավարար պաշար չունեցող այս կառավարությունը ձախողվելու է նաև այս համակարգում, թեև այն համարում է վերջին տարիների իր ամենամեծ ձեռքբերումը:

բ. Կենսաթոշակային ոլորտում բարեփոխումներն անհրաժեշտ են: Մենք պատրաստ ենք շարունակել աշխատանքը ավելի արդյունավետ համակարգ ստեղծելու նպատակով:

գ. Մենք շարունակելու ենք սերտորեն գործակցել պարտադիր բաղադրիչի դեմ ընդվզող հազարավոր քաղաքացիների հետ և հետապնդելու ենք նրանց պահանջները սահմանադրական բոլոր միջոցներով: Մեզ հատկապես ոգևորում է գիտակից, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում արժեքներ ստեղծող երիտասարդության առկայությունը այս շարժման մեջ:

Եվ վերջինը. հարգելի քաղաքական մեծամասնություն Դուք այսօր, այո, ունեք բացարձակ իշխանություն, բայց դա Ձեզ չի ազատում երկրի ու սերունդների առաջ պատասխանատվությունից: Ընդհակառակը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031