Ազգային ժողովում այսօր գլխավոր դերակատար էր սոցիալական ապահովության նախարար Արտեմ Ասատրյանը, ում ներկայացմամբ, այսօր խորհրդարանում լսվեցին մի շարք հարցեր, այդ թվում՝ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում մի շարք փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը, «Զբաղվածության մասին» օրինագիծը՝ երկրորդ ընթերցմամբ, զինծառայողների կենսաթոշակների վերաբերյալ օրենքում փոփոխությունները եւ այլն: Այս ամենը՝ չհաշված պարտադիր կուտակային կենսաթոշակների վերաբերյալ աղմկահարույց հարցի, որ լսվեց առավոտյան:
Նկատենք, որ պետական կենսաթոշակներին առնչվող օրենքում փոփոխությունների արդյունքում նախատեսվում է ներկայումս թոշակ ստացող եւ հետագայում էլ մինչեւ 1974թ. ծնվածների կենսաթոշակները բարձրացնել: Պարբերաբար նշվում է, որ այս օրենքի նախագիծն ընդունելու արդյունքում թոշակները կբարձրանան, եւ հաճախ նշվում է 40% թիվը: Այսօր սակայն, երբ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հորդորով սոցապ նախարար Արտեմ Ասատրյանը եւ ԱԺ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը ավելի մանրամասնեցին, թե որքան է բարձրանալու թոշակները, պարզվեց, որ կախված աշխատանքային ստաժից, թոշակառուի անձնական գործակցից եւ այլն, թոշակը կարող է բարձրանալ 0-40 տոկոսով: Մասնավորապես, 10 տարվա աշխատանքային ստաժ ունեցողը, եթե ներկայումս գործող կարգով պիտի ստանար 14800 դրամ, ապա այս կարգն ընդունելուց հետո կստանա 21000 դրամ՝ «եղավ 40 տոկոս»՝ ավետեց նախարարը:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ