Արեւելյան գործընկերության (ԱլԳ) Քաղաքացիական հասարակության ֆորումի (ՔՀՖ) Ղեկավար կոմիտեն խորը մտահոգություն է հայտնում նոյեմբերի 30-ի վաղ առավոտյան Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւում Եվրամայդանի խաղաղ ցույցի ակտիվ մասնակիցների, հիմնականում երիտասարդ քաղաքացիների նկատմամբ կիրառվող բռնությունների կապակցությամբ։
Սա Եվրոպայի պատմության մեջ առաջին անգամն է, որ ի պաշտպանություն իրենց երկրի եվրաինտեգրման խաղաղ ցույցը դաժանորեն ճնշվել է կառավարության կողմից, որը բազմիցս հայտարարել է Եվրամիությանն ինտեգրվելու իր ռազմավարական նպատակների մասին։ Ուկրաինայի ներքին գործերի նախարարության պաշտոնական հայտարարությունը ուժի կիրառման համարժեքության եւ տոնածառի տեղադրման անհրաժեշտության մասին՝ ծիծաղելի է եւ անընդունելի։
Ուկրաինայի իշխանություններին հիշեցնում ենք, որ խաղաղ մարդկանց հանդեպ կիրառված բռնությունն անհանդուրժելի է։ Մենք պահանջում ենք հարձակման բոլոր դեպքերի եւ վիրավորվածների՝ այդ թվում կանանց եւ անչափահասների հանդեպ բռնության բոլոր դեպքերի անհապաղ հետաքննություն իրականացնել։ Մենք կոչ ենք անում պատժել բոլոր այն պաշտոնյաներին, ովքեր Կիեւում ցուցարարների վրա հարձակվելու վճիռ են կայացրել։
Խաղաղ հավաքների իրավունքը, որն ամրագրված է Ուկրաինայի Սահմանադրությամբ եւ միջազգային պարտավորություններով, պետք է լիովին երաշխավորված լինի։
Ընդունվել է Վիլնյուսում, 2013թ. նոյեմբերի 30-ին։