Aravot.am-ը ԿԳ նախարարության արտաքին կապերի եւ սփյուռքի վարչության պետ Տիգրան Սահակյանից հետաքրքրվեց՝ երեկ ինչ փաստաթուղթ ստորագրեց ԿԳ նախարարը՝ ռուսական կողմի հետ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ներկայությամբ:
Տիգրան Սահակյանը տեղեկացրեց, որ ՌԴ եւ ՀՀ կրթության և գիտության նախարարությունները ստորագրել են հուշագիր՝ 2014-2015 թվականների համար միջնակարգ ընդհանուր կրթության ոլորտում համագործակցության ընդլայնման և զարգացման հետագա քայլերի մասին:
Վարչության պետի խոսքով, հուշագիրը ենթադրում է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող երկկողմ ծրագրերի իրականացում, ՌԴ և ՀՀ միջնակարգ ընդհանուր կրթության վերաբերյալ տեղեկատվության ու ոլորտի արդիականացման մասին փորձի փոխանակում` երկու պետությունների գիտամանկավարժական կազմակերպությունների ներգրավմամբ: Փաստաթղթում, ի թիվս այլ կետերի, նաեւ նշված է. «Կմշակվեն համատեղ միջոցառումների ծրագիր՝ ՀՀ միջնակարգ կրթության ուսումնական հաստատություններում ռուսաց լեզվի և գրականության ուսումնասիրման և դասավանդման և համապատասխանաբար ՌԴ միջնակարգ կրթության ուսումնական կազմակերպություններում հայոց լեզվի և գրականության ուսումնասիրման և դասավանդման աջակցության նպատակով»:
Ի դեպ, հուշագրի կետերից մեկի համաձայն էլ կողմերը կնպաստեն Երևանում Ռուսական վարժարանի բացման նախաձեռնության իրականացմանը և կիրականացնեն համաձայնեցված միջոցառումներ այդ ուսումնական հաստատության գործունեության աջակցության հարցերով, որում ուսումնական գործընթացը կիրականանա Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության` ընդհանուր և միջնակարգ կրթության պետական չափանիշներին համապատասխան, ռուսերենով` հայերենի, հայոց պատմության և Հայաստանի մշակույթի, ինչպես նաև օտար լեզուների ՀՀ քաղաքացիների համար հայերենով պարտադիր ուսուցմամբ»:
Կարդացեք նաև
Ընդ որում, հայկական կողմը այս ծրագրի իրականացման շրջանակներում վարժարանի բացման և գործունեության համար տրամադրում է ՀՀ սեփականություն հանդիսացող կառույց` առանց վարձակալության գումարի գանձման, ինչպես նաև հողակտոր ուսումնական և փորձարարական, հանգստյան, տնտեսական, մարզական գոտիների համար:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ