Լրահոս
Օրվա լրահոսը

Արտակարգ իրավիճակների նախարարությունում այժմ աշխատում է 26 սայլակավոր մարդ

Դեկտեմբեր 03,2013 16:15

Դեկտեմբերի 3–ը հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրն է, որը ինչպես նշեց « Ունիսոն » հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Ալավերդյանն այսօր Մամուլի ազգային ակումբում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում ՝ոչ թե հաշմանդամներին նվիրված տոն է, այլ հաշմանդամություն ունեցող մարդկանց խնդիրների մասին իրազեկելու օր է։

Ըստ Ա. Ալավերդյանի, այսօր Հայաստանում պաշտոնական տվյալներով ապրում է 192 հազար հաշմանդամություն ունեցող մարդ, որը կազմում է բնակչության 6 տոկոսը։

Ա. Ալավերդյանը նշում է, որ 2010 թվականին Հայաստանը վավերացրեց հաշմանդամություն ունեցող մարդկանց իրավունքների մասին ՄԱԿ–ի կոնվենցիան, և, ըստ էության, Հայաստանում այսքանով էլ ավարտվեց հաշմանդամություն ունեցող մարդկանց խնդիրներով զբաղվելը։

Ա. Ալավերդյանը նշում է, որ այսօր տարբեր պետական շինությունները, ժամանցի վայրերը, կրթօջախները , հասարակական տրանսպորտը Հայաստանում հասանելի չեն հաշմանդամություն ունեցող մարդկանց համար։ Ինչպես նաև՝ Հայաստանում շարունակում է շատ կարևոր խնդիր մնալ հաշմանդամների զբաղվածության հարցը։ Այդ խնդրին լուծում տալու համար «Սեյվ դը չիլդրեն » կազմակերպությունը ստեղծել է LIFE ծրագիրը, որի շրջանակներում կազմակերպվում են դասընթացներ հաշմանդամների համար, աշխատանք է տարվում գործատուների հետ, կրթական հաստատությունների դասախոսների հետ։

Ինչպես նշում է Ա. Ալավերդյանը, կարծրատիպեր ունեն ոչ հասարակության անդամները, այլ հենց իրենք՝ հաշմանդամություն ունեցող մարդիկ։ Եվ իրենք LIFE ծրագրի շրջանակներում իրենց գործունեությունը սկսում են այն քայլով, որ կոտրում են հաշմանդամների կարծրատիպերը իրենց կարգավիճակի մասին։ Հաշմանդամները շատ հաճախ մտածում են, որ պետք է գործատուին պատմեն իրենց բարդ կյանքի մասին, և գործատուն դրանից ելնելով պետք է իրենց աշխատանք հատկացնի, այն ինչ հաշմանդամը պետք է ներկայացնի իր կարողությունները, սովորելու ձգտումը։ Հասարակությունը նույնպես նրանց հանդեպ խղճահարություն է տածում, որը բացասական վերաբերմունք է։

Նա ավելացրեց, որ իրենք համագործակցում են Արտակարգ իրավիճակների նախարարության հետ, և այժմ այնտեղ աշխատում է 26 սայլակավոր մարդ։ Ա. Ալավերդյանը հայտնեց, որ դեկտեմբերի 12–ին « Կոնգրես » հյուրանոցում լինելու է աշխատանքի տոնավաճառ հաշմանդամություն ունեցող մարդկանց համար։ Այս միջոցառումը ևս ուղղված է հաշմանդամների զբաղվածության խնդիրը լուծելու համար։

Ինչպես նշեց LIFE ծրագրի տնօրեն Ջինա Սարգիսովան, իրենք այժմ աշխատում են Երևանում և 4 մարզում ՝ Արարատում, Լոռիում, Գեղարքունիքում, Շիրակում։ Ջ. Սարգիսովան ծրագրի կարևոր կետերից մեկը համարում է հաշմանդամների համար ծառայությունների նպաստավոր և որակյալ դարձնելը. իրենք սովորեցնում են հաշմանդամներին օգտվել համակարգչից, ինտերնետից, ինչը ավելի է հեշտացնում աշխատանք գտնելու գործընթացը։ Այս ծառայությունները մատուցվում են նաև հաշմանդամների հատուկ խմբի՝ կույրերի համար։

Ծրագրի ընթացքում աշխատանքներ են տարվում միջին մասնագիտական կրթություն ապահովող հաստատությունների հետ, և այժմ միջին մասնագիտական կրթության 10 հաստատություններ հարմարեցված են հաշմանդամություն ունեցող մարդկանց համար։ Հարմարեցված են ոչ միայն շենքային պայմանները, այլ աշխատանքներ են տարվել նաև դասախոսական կազմի հետ ՝ որպեսզի նրանք կարողանան ճիշտ հաղորդակցվել այս կամ այն հաշմանդամություն ունեցող անձի հետ։ Այդ աշխատանքների արդյունքում, 2 տարվա տվյալներով 154 հաշմանդամ դարձել են այդ հաստատությունների ուսանողները։ Աշխատանքներ են տարվում նաև գործատուների հետ՝ հաշմանդամների խնդիրների մասին ճիշտ տեղեկատվություն տալու նպատակով։

 Զառա ԱՍԿԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031