Կառավարությունը դեղագործությունը վաղուց արդեն հայտարարել է տնտեսության առաջնային ճյուղերից, որը ըստ էության, նշանակում է, որ դեղարտադրողներին պետական աջակցություն պետք է ցուցաբերվի:
Aravot.am-ն այսօր առողջապահության նախարարի խորհրդական Ղուկաս Ուրիխանյանից եւ «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի» տնօրեն Հակոբ Թոփչյանից հետաքրքրվեց, թե այս ուղղությամբ ի՞նչ է անում կառավարությունը եւ արդյոք ներկայումս տեղական 17 դեղարտադրողներից կան ընկերություններ, որոնք կկարողանան իրենց արտադրանքը եվրոպական երկրներ արտահանել, թե՞ միայն թույլ զարգացած երկրներ են արտահանում:
Պարոն Թոփչյանի խոսքերով` «Որպեսզի խրախուսենք արտահանումը, կառավարությունը պատշաճ արտադրական գործունեության (GMP) կանոնների ներդրում է կատարել Հայաստանում: Սա նշանակում է` պետք է ապահովել որակ`միջազգային ստանդարտներով, այս դեպքում մեր արտադրողները կկարողանան արտահանել եվրոպական եւ հարեւան երկրներ»: Պարոն Թոփչյանը վստահեցրեց, որ 3 ընկերություններ ներկայացրել են ժամանակացույց, թե երբ կմտնեն GMP-ի դաշտ, որպեսզի սկսեն արտահանել, այժմ հայկական դեղերը միայն ԱՊՀ երկրներ են արտահանվում:
Հարցին, թե գինեկոլոգների կողմից շատ են լինում դժգոհությունները «Սայտոտեք» դեղամիջոցից, որը դեղատներում ազատ վաճառվում է, իսկ կանայք դրանք օգտագործում են հղիության ինքնուրույն ընդհատման համար, որը երբեմն դժբախտ դեպքերով է ավարտվում, նախարարության ներկայացուցիչները վստահեցրին, որ հատուկ դեղատոմսային ձեւ է մշակվում, որպեսզի կանոններ սահմանվեն, թե որ դեպքում պետք է այդ դեղամիջոցը սպառողին վաճառել:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ