Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի փորձագիտական տվյալների բազաների գիտաժողովի բացումը

Դեկտեմբեր 03,2013 15:40
Gaa

«Մեր նպատակն է պարզել, թե Հայաստանում ինչ սկզբունքներով  են գործում փորձագիտական բազաները, ինտեգրվել միջազգային բազաներին և աշխատել  տեղեկատվության արդյունավետ փոխանակման ուղղությամբ:  Միջազգային փորձը ցույց է տալիս, որ այդ բազաների սպառողներն են իրավական ոլորտի աշխատողները, օպերատիվ, քննչական ծառայությունները, փորձագիտական-քրեագիտական աշխատանքներ իրականացնող կառույցները, մյուս կողմից ` գիտական հաստատությունները:  Մենք ուզում ենք, որ մեզ մոտ էլ նման սկզբունքով բազաները կազմավորվեն և զարգանան»,- ասաց Հայաստանի  Հանրապետության  գիտությունների ազգային ակադեմիայի  «Փորձաքննությունների ազգային բյուրո » ՊՈԱԿ-ի տնօրեն Արտաշես Ջավադյանը:

Այսօր ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ «Փորձաքննությունների ազգային բյուրոյում կազմավորված փորձագիտական տվյալների բազաների կազմակերպչական և գիտագործնական փորձի ուսումնասիրությունը, դրանց համադրումը հանրապետությունում առկա դատափորձագիտական բազաների հետ, դրանց ` եվրոպական դատափորձագիտական տվյալների բազաներում  ինտեգրման նախադրյալները» թեմայով երիտասարդական գիտաժողովի բացումը:

Իր հանդիսավոր խոսքում  Արտաշես Ջավադյանը նշեց, որ ողջունելի փաստ է, որ գիտաժողովին մասնակցություն ունեն երիտասարդ գիտնականները, որոնցից երկուսն իրենց զեկույցները կներկայացնեն   միջոցառման բացման ժամանակ, մյուսները` արդեն ՀՀ ԳԱԱ Աղվերանի գիտաժողովների տանը, որտեղ  էլ տեղի է ունենալու բուն գիտաժողովը:

ՀՀ ԳԱԱ -ի «Փորձաքննությունների ազգային բյուրո»  ՊՈԱԿ -ի փորձագետ Նելլի Հովհաննիսյանի զեկույցը նվիրված էր  տվյալ կազմակերպության ֆիզիկատեխնիկական հետազոտությունների  և քիմիական փորձաքննությունների բաժնում կատարված աշխատանքներին:  Մասնավորապես ներկայացրեց թմրանյութերի և հոգեմետ նյութերի հետազոտություններին նվիրված տեղեկատվական բազաների  աշխատանքը` կարևորելով հատկապես գունային թեստերի դերը.  «Օրեցօր աճում են թմրանյութերի քանակներն ու տեսակները, այդ պատճառով մենք անցկացնում են գունային թեստեր, համեմատում դրանց հիման վրա ստեղծված բազաների հետ և որոշում թմրանյութի և հոգեմետ նյութի տեսակները», -ասաց նա:

Ըստ Նելլի Հովհաննիսյանի ` որպես հետազոտվող նյութեր կարող են հանդես գալ ինչպես բուսական, այնպես էլ սինթետիկ ծագման թմրանյութերը. «Օրինակ,  եթե մենք ունենք անհայտ նմուշ և այն տեղադրել  ենք կերամիկական ակոսում,  վրան ավելացրել  որևէ քիմիական նյութ, որից հետո  այն ստացել է նարնջագույն տեսք, կարող ենք ենթադրել, որ անհայտ նմուշն իրենից ներկայացնում է մետամֆետամին »,-հավելեց նա:

Զեկույց ներկայացրեց նաև ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական  վարչության փորձագետ Արսեն Գեղամյանը , ով կարևորեց մատնադրոշմային և գնդակապարկուճային հաշվառումների դերը Հայաստանում` ասելով, որ դրա միջոցով բացահայտվում են մի շարք հանցագործություններ,  իսկ շատերն էլ կանխվում են  . «Միայն այն փաստը, որ յուրաքանչյուր ոք հաշվի կառնի այն հանգամանքը, որ իր անունը հաշվառված է և ենթակա է ստուգման, կխուսափի հանցագործություն կատարելուց»,-ասաց նա:

Արսեն Գեղամյանի զեկույցից հետո հանդիպման մասնակիցները շտապեցին ՀՀ ԳԱԱ Աղվերանի տուն` անցկացնելու գիտաժողովը:  Այնտեղ զեկույցներ են ներկայացնելու հայաստանյան 7 ազգային գիտական  կենտրոնների, գիտահետազոտական ինստիտուտների ներկայացուցիչները: Նշենք, որ գիտաժողովը նվիրված է    ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնադրման 70-ամյակին: Անցկացվում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և ՀՀ ԳԱԱ Երիտասարդական խորհրդի աջակցությամբ:

Նազենի ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031