Լրահոս
Օրվա լրահոսը

Դեմ են «20 տոկոսի» վաճառքին

Դեկտեմբեր 03,2013 15:36

Ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը «շատ բացասական» է վերաբերվում այդ փաստին, որ «ՀայՌուսգազարդի»`ՀՀ կառավարության 20 տոկոս բաժնեմասը եւս վաճառվեց «Գազպրոմին»: «Հայաստանը պետք է կարողանա առաջինը ունենալ իր ձայնի իրավունքը ցանկացած որոշման ժամանակ: Չունենալով սա՝ մենք դառնում ենք մի ձայնազուրկ մեխանիզմով մի ինչ-որ սեփականություն այդ տարածքում, որը կարող է մի օր մի բանը բռնեն այսպես ծռեն, կամ այնպես ծռեն եւ մենք չենք կարողանալու խոսել, որովհետեւ ասելու են, թե իրենք սեփականատերեր են եւ իրավունք ունեն ամեն ինչ անելու»,- մի քանի լրագրողների հետ զրույցում ասաց ընդդիմադիր պատգամավորը:

Թեւան Պողոսյանի գնահատմամբ՝ հայաստանյան իշխանությունները վաճառում են հնարավոր եւ անհնար ամեն ինչ:

Հիշեցնենք, որ այդ պայմանագիրը կնքվեց երեկ, իսկ մինչ այդ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը դեռ ամիսներ առաջ հաստատել էր, որ ռուսական «Գազպրոմ» ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերի հետ Մոսկվայում քննարկել են համագործակցությանն առնչվող հարցեր: Մասնավորապես, հանդիպման ընթացքում խոսվել է «Գազպրոմի» մասնաբաժինը «ՀայՌուսգազարդում» ավելացնելու մասին՝ 80%-ից հասցնելով 100%-ի։

Նշենք, որ «Գազպրոմին» է պատկանում «ՀայՌուսգազարդի» 80%-ը, իսկ Հայաստանի կառավարությանը՝ 20%-ը։ Հարցին, թե ի՞նչ իմաստ ունի 20 տոկոսը հանձնել «Գազպրոմին», եթե հետո էլ ոչինչ չենք ունենալու և ռուսական կողմը այդ դեպքում կարող է ցանկացած գին թելադրել, Արմեն Մովսիսյանը պատասխանել էր. «Խնդիրը այդպես չի դրված, որ ինչ ուզենան՝ անեն, բանակցությունները հենց դրա համար են գնում, որ ինչ ուզեն, այն չանեն, այլ որպեսզի երկարատև ժամանակաշրջանի համար ավելի ապահոված գազամատակարարում մենք ունենանք»:

Այդ պայմանավորվածությունների մասին դեռ ամիսներ առաջ, խորհրդարանական հայտարարությունների ժամին, ահազանգեցին ՀԱԿ պատգամավորներ Հրանտ Բագրատյանն ու Լեւոն Զուրաբյանը`խոսելով գազի գնի թանկացման մասին:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը եւս դեմ է ՀՀ կառավարության 20 տոկոս բաժնեմասի վաճառքին: Լրագրողների հետ զրույցում նա նախ մասնագիտական անդրադարձ կատարեց. «Բաժնետիրական ընկերությունների մասին օրենքի համաձայն, եթե դուք 2/3-րդ-ից պակաս ձայն ունեք, դա ձեզ տալիս է ընդամենը մի քանի հնարավորություն: Հնարավորություն համար առաջին՝ տնօրենների խորհրդում ունենալ անդամ` բորտ: Երկրորդ, որ դու կարող ես բորտեր ունենալ, բայց, ըստ էության, ակտիվ քո ձայնը շատ փոքր է: Ես ինչքան գիտեմ՝ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար, որը 155 միլիոն դրամի պարտք է մարվել եւ նախորդ պարտքեր, եւ այստեղ խնդիր էր դրվում, որ արդեն համակցված կլինի եւ կդառնա դուստր ձեռնարկություն դասական եւ աշխատավարձերը կլինի եւ այլն, եւ այլն: Հիմա խոսել դրա տնտեսական, արդյունաբերական կամ նպատակահարմարության մասին կոնկրետ, պետք է փաստաթղթերի շարժը ուսումնասիրել եւ ասել»:

Հարցին`իսկ ինչպե՞ս է գոյացել այդ պարտքը, պատգամավորը պատասխանեց. «Տարբեր, մի պատրվակով չէ, եւ չվճարումների արդյունքում եւ այլ ու այլ իրենց փոխհարաբերությունների արդյունքում. պետք է նայել «ՀայՌուսգազարդ» եւ «Գազպրոմ» հարաբերություններին, պետք է տեսնել, թե ինչպե՞ս են այդ պարտքերը գոյացել, սա արդեն ապագայի հարց է»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031