«Ես տեղեկացրեցի Ռուսաստանի Նախագահին Հայաստանի` Մաքսային միություն և Բելառուսի, Ղազախստանի ու Ռուսաստանի Միասնական տնտեսական տարածք շուտ մտնելուն նպատակաուղղված քայլերի մասին: Ռուսաստանի Նախագահը հաստատել է այդ գործընթացին ամենայն աջակցություն ցուցաբերելու ռուսական կողմի պատրաստակամությունը` համապատասխան սույն թվականի սեպտեմբերի 3-ի մեր Համատեղ հայտարարության և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հոկտեմբերի 24-ի որոշման»,- երեկ ասուլիսում հայտարարել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Նաեւ նշել էր. «Ռուսաստանի Դաշնության Նախագահի Պետական այցը կարևոր նշաձող դարձավ հայ-ռուսական հարաբերությունների նորագույն պատմության մեջ: Մենք պայմանավորվեցինք շարունակել ինտենսիվ շփումները հարցերի ամենալայն շրջանակով: Կշարունակվի միջկառավարական և միջխորհրդարանական հանձնաժողովների, ռազմատեխնիկական համագործակցության հանձնաժողովի աշխատանքը: Համոզված եմ, որ այս օրերին ընթացող միջտարածաշրջանային համաժողովի արդյունքում ընդլայնվի շփումների աշխարհագրությունը մեր մարզերի և նահանգների, տեղական ինքնակառավարման մարմինների միջև: Մենք պայմանավորվեցինք խրախուսել և աջակցել հումանիտար, գիտական, մշակութային և երիտասարդական փոխանակումներն ու հանդիպումները:
Վլադիմիր Վլադիմիրի, մենք պայմանավորվեցինք Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև միջպետական նախագահական խորհրդի ստեղծման մասին և մեր աշխատակազմերին հանձնարարեցինք մշակել Խորհրդի աշխատանքները կարգավորող անհրաժեշտ փաստաթղթերի նախագծերը և ներկայացնել դրանք ստորագրման մեր հաջորդ հանդիպման ընթացքում»:
Ասուլիսն ամբողջությամբ՝ PanoramaamTV-ի տեսանյութում