Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՍԴՀԿ-ն վարչապետի «պրոյեկտը» չի՞

Դեկտեմբեր 03,2013 14:44

Կուսակցության նորընտիր ատենապետ Նարեկ Գալստյանը հավաստիացնում է,
որ ժամանակը կապացուցի իրենց ճշմարտացիությունը

– Լուրեր են շրջանառվում, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը նախապատրաստվում է 2018 թվականի նախագահական ընտրություններին, ու այդ է պատճառը, որ Դուք՝ վարչապետի նախկին օգնականը, ստանձնեցիք ՍԴՀԿ ատենապետի պաշտոնը: Ի՞նչ կապ ունեն ՍԴՀԿ-ի քաղաքական ծրագրերը վարչապետ Տիգրան Սարգսյանի քաղաքական ծրագրերի հետ:

– Որեւիցե կապ չունեն եւ չեն էլ ունենալու: ՍԴՀԿ-ն առանձին, անկախ քաղաքական ուժ է: Այն, որ ես եղել եմ վարչապետի օգնականի պաշտոնում, դա դեռ չի նշանակում, որ մի ամբողջ կուսակցություն կապ ունի այս կամ այն անձի հետ:
Ձեր մատնանշած տարբերակը մի լրագրողի վերլուծության արգասիք էր, որն ընդհանրապես աղերս չունի իրականության հետ: ՍԴՀԿ-ն ունի իր ծրագրերը: Ես հասկանում եմ, որ դրանց համար պետք է ժամանակի փորձություն, եւ ես վստահ եմ, որ ժամանակն ամեն ինչ կապացուցի:

– ՍԴՀԿ-ն տարբեր ձեւաչափերով մասնակից է եղել հայաստանյան քաղաքական կյանքին, սակայն գաղտնիք չէ՝ այն երբեք էլ դոմինանտ դերակատարում չի ունեցել: Դուք, որ բավականին երիտասարդ տարիքում վարչապետի օգնական էիք արդեն, ինչո՞վ գայթակղվեցիք, ի՞նչը ստիպեց թողնել զբաղեցրած դիրքը եւ լծվել կուսակցական գործի:

– Համաձայն չեմ ձեր գնահատականի հետ այն մասով, որ կուսակցությունը քաղաքական դերակատարում չի ունեցել: Իհարկե, չի եղել այն վիճակում, որում կցանկանար տեսնել ցանկացած կուսակցական՝ Հայաստանում, թե Սփյուռքում: Բայց, այնուհանդերձ, իր դերակատարումն ունեցել է: Վերջին չորս տարիների ընթացքում ՍԴՀԿ-ն եղել է բավական թույլ վիճակում՝ հաշվի առնելով որոշակի ներքին խնդիրները, որոնց էջը, փառք Աստծո, փակվել է:
Ինչ վերաբերում է իմ որոշմանը՝ վարչապետի օգնական եղած շրջանում կառավարության պաշտոնական կայքէջում իմ անվան դիմաց նշված էր, որ ՍԴՀԿ-ից եմ. իմ կուսակցական ընկերները ցանկացել են, որ այս հանգրվանում ես լինեմ վարչության ատենապետ: Ես հասկանում եմ, որ իմ երիտասարդ լինելը նաեւ ինչ-որ տեղ կարող է ոչ սոլիդ ընկալվել: Ինչեւէ, դա եղել է կուսակցական ընկերների որոշումը, համագումարի վերջնական արդյունքը, եւ ես ընդունել եմ այդ որոշումը, քանի որ եղել եմ, կամ ու կմնամ ՍԴՀԿ անդամ: Մի առիթով ասել եմ, որ անձը կուսակցության մեջ որեւէ դերակատարություն չունի. ես ընդամենը միջոց եմ, խոսափող, որպեսզի ներկայացնեմ կուսակցության կարծիքը, այնպես, ինչպես մեր մնացած ընկերները:

– Նախկին կուսակիցների, արդեն մոտ չորս տարի ընդդիմախոսների հետ, ովքեր հայտարարել են Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատական կուսակցություն գրանցելու մասին, համագործակցության եզրեր կա՞ն:

– Ոչ: Այդ էջը մեզ համար փակ է:

– Համահնչակյան կառույցի նախկին ատենապետ Սեդրակ Աճեմյանն ու Հայաստանում նրա ծավալած բիզնես-գործունեությունն այսօր ի՞նչ ազդեցություններ ունեն կուսակցության հայաստանյան կառույցի վրա:

– Ես անուններով չեմ խոսի, որովհետեւ կուսակցության կենտրոնական վարչության ցանկացած անդամ Հայաստանի հետ է, Հայաստանի համար է մտածում եւ աշխատում, այդ թվում նաեւ ընկեր Սեդրակ Աճեմյանը: Մենք բոլոր ընկերների հետ ունենք շատ սերտ, շատ մտերիմ հարաբերություններ: Փառք Աստծո, մեր մեջ առաջին անգամ ձեւավորվել է փայլուն փոխհասկացողության դաշտ ու մթնոլորտ:

– Համահնչակյան կառույցում էլ կարծես խնդիրներ կային, հարթվե՞լ են:

– Ամենեւին խնդիր չի եղել: Դրանք հատուկ նպատակով մեր կողմից հայտնի անձանց կողմից շրջանառվող խոսակցություններ են:

– Ո՞ւմ կողմից:

– Չեմ կարծում, որ կուսակցության ներքին խնդիրները պարտադիր է հրապարակային դաշտ հանել: Համենայնդեպս, դրանք հարթված են:

– Իսկ Վահան Շիրխանյանը լքե՞լ է ՍԴՀԿ-ն:

– Ընկեր Վահանը կուսակցական է, մեր ավագ ընկերն ու խորհրդատուն:

– Ի՞նչ է անելու ՍԴՀԿ-ն՝ Ձեր ատենապետությամբ:

– Կուսակցությունը սկսելու է ակտիվ քաղաքական գործունեություն: Առկա իրավիճակում ՀՀ քաղաքացին չէ, որ պետք է գտնի ՍԴՀԿ-ն. կուսակցությունն է, որ պետք է գտնի ՀՀ քաղաքացուն: Այն քաղաքացուն, որի իրավունքները ոտնահարվում են, որը տուժել է սոցիալական անարդարության առկա իրավիճակից, մոնոպոլիայից, մենաշնորհներից, օլիգարխիայից, առկա բազում եւ բազմաթիվ խնդիրներից: Ես վստահ եմ, որ այս մեկնարկում մենք կհասնենք հաղթական եզրագծին: Մեր հիմնական նպատակը հայաստանյան քաղաքական դաշտում կուսակցության դերակատարումը մեծացնելը եւ ՀՀ քաղաքացու վստահությունը շահելն է: Մենք հանդես ենք գալու ոչ թե դեմ, այլ հանուն սկզբունքներով. հանուն սոցիալական արդարության, մեկնարկային հավասար հնարավորությունների եւ այլն: Մենք ձախ գաղափարական ուղղություն ունեցող քաղաքական կազմակերպություն ենք, եւ մեր հիմնական թիրախը դա է լինելու: Ընդամենը չորս օրվա ընթացքում մենք արդեն հասցրել ենք համագործակցության առաջարկներ ներկայացնել, որոշ դեպքերում պատասխաններ ենք ստացել, ԱՊՀ եւ եվրոպական համանուն գաղափարական հոսանքների հետ: Առաջիկայում փոխադարձ այցեր են սպասվում, դրանք մամուլում կլուսաբանվեն: Աշխարհի տարբեր երկրներում մեր 25 կազմակերպական կառույցներն էլ ակտիվ աշխատում են արտաքին կապերի ոլորտում: Այսինքն՝ սկսվում է, չասեմ կուսակցաշինության, բայց նորովի վերականգնման գործընթաց: Ես վստահեցնում եմ՝ արդյունքում ՍԴՀԿ-ն իր խոսքն ասելու է քաղաքական դաշտում:

– Ձեր թվարկած առաջնահերթություններից դատելով՝ ՍԴՀԿ-ն գործելու է ընդդիմադիր դաշտում: Տպավորություն է, որ սա հերթական իշխանական «պրոյեկտն» է՝ վերահսկելի ընդդիմություն ունենալու համար: Մանավանդ՝ ենթադրվում է, որ կուսակցությունն առաջիկայում նաեւ համալրվելով է ուժեղանալու:

– Համալրվելու է, բայց ոչ թե այն մարդկանցով, ովքեր կապված են իշխանության հետ կամ ձեր տրամաբանությամբ՝ ովքեր գործելու են իշխանության թելադրանքով, այլ այն մարդկանցով, ովքեր մեզ համակիր են, կիսում են մեր գաղափարախոսությունը եւ երկար տարիներ ակտիվորեն համագործակցել են մեզ հետ: Պարզապես հայտնի ներկուսակցական խնդիրների պատճառով վերջին տարիներին մենք փոքր-ինչ սառեցրել էինք անդամությունը. հիմա կուսակցության դռները բացվել են: Ընդամենը մեկ շաբաթ անց 30 երիտասարդներ են համալրելու ՍԴՀԿ-ի շարքերը, եւ դա հրապարակային է լինելու:
Ինչ մնում է «իշխանական պրոյեկտին»՝ ես հասկանում եմ, որ շատ մարդիկ երկար տարիներ ցանկացան, որ այդ տրամաբանությունը տիրի դաշտում: Բայց դրանք մարդիկ էին, ովքեր տարբեր ժամանակաշրջանում, տարբեր հանգամանքների բերումով իրենք են փորձել ինչ-որ համագործակցություն փնտրել իշխանությունների հետ, ինչն իրենց մոտ երբեք չի ստացվել, որովհետեւ առնվազն իրենք իրենց ներսում էլ ազնիվ չեն եղել, որպեսզի կարողանան որեւիցե պայմանավորվածության գալ որեւիցե մեկի հետ: Այդ ամենի մասին մամուլում բազմաթիվ հրապարակումներ եղել են: 126-ամյա կուսակցությունը չի կարող որեւէ մեկի «պրոյեկտը» լինել: Շատ մարդիկ ցանկանում էին, որ, օրինակ, մենք լինեինք ՀԱԿ-ի «պրոյեկտը», բայց չստացվեց:
– Ի դեպ, ընդդիմադիր դաշտում ՀԱԿ-ի հետ համագործակցելո՞ւ եք:
– Մենք պատրաստ ենք համագործակցել ցանկացած քաղաքական կազմակերպության հետ, որը կիսում է ՍԴՀԿ-ի գաղափարներն ու տրամաբանությունը, որի ծրագրերը չեն հակասում մեր ծրագրին ու կանոնագրին: Կուսակցության 20-րդ համագումարը որդեգրել է լավին՝ լավ, վատին՝ վատ քաղաքականությունը: Եթե երկրում ինչ-որ լավ բան է լինում, միայն նրա համար, որ մենք իշխանության մեջ չենք, չենք զբաղվելու անառողջ քննադատությամբ: Միաժամանակ մեր երկրում այնքան խնդիրներ կան, որոնց կողքով ՍԴՀԿ-ն չի կարող անտարբեր անցնել: Առաջիկայում այդ ամենը կտեսնեք՝ ես վստահեցնում եմ: Հիմա գեղեցիկ բառեր ասել՝ առանց հենարանի, առնվազն ճիշտ չէ. ժամանակը կապացուցի մեր ճշմարտացիությունը:
Իսկ ՀԱԿ կոչվող քաղաքական կազմակերպության մի շարք լիդերներ վերջին չորս տարիներին ամեն կերպ փորձել են պառակտել ՍԴՀԿ-ն: Դա նրանց չի հաջողվել: Այդ ամբողջ պատմությունից մենք ավելի ամուր, միասնական եւ համախմբված ենք դուրս եկել: ՀԱԿ-ը շարունակում է խառնվել կուսակցության ներքին գործերին, եւ, հետեւաբար, ՀԱԿ-ը մեզ համար չի կարող ընկալվել իբրեւ գործընկեր կազմակերպություն՝ հաշվի առնելով նաեւ նրա ոճն ու գաղափարախոսությունը: Մենք ՀԱԿ-ից դուրս եկանք հենց նրա գաղափարախոսությունը եւ որդեգրած մի շարք գործելակերպեր հաշվի առնելով:

Զրույցը՝  ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031