Լրահոս
Օրվա լրահոսը

Դիմում են բախտ բացողներին, վախ չափողներին, բայց ոչ՝ հոգեբաններին

Դեկտեմբեր 03,2013 14:38

Հոգեբանին դիմում են այն ժամանակ, երբ արդեն հոգեբույժի կարիքը կա

«Մեզ մոտ մարդիկ ավելի շուտ նախընտրում են գնալ բախտագուշակների, վախ չափողների մոտ, քան հոգեբանի։ Մեզ մոտ հոգեբանը վերջին կետն է, ուր գալիս են այն ժամանակ, երբ ո՛չ հարազատները, ո՛չ ընկերները, ո՛չ բախտագուշակները չեն կարողացել օգնել, եւ անցնելով այդ դատարկ ճանապարհը ու կուտակելով բազմաթիվ հիասթափություններ՝ մարդը արդեն բարդացած վիճակով է դիմում հոգեբանին»,- «Առավոտի» հարցին ի պատասխան, թե ինչո՞ւ Հայաստանում չի զարգանում հոգեբանին այցելելու մշակույթը, ասաց հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Վլադիմիր Միքայելյանը: Մասնագետը որպես համեմատություն բերում է այն փաստը, որ երբ մարդը ատամնացավ է ունենում, ապա միանգամից դիմում է ատամնաբույժի, չի դիմում ընկերներին, հարազատներին, չի գնում բախտագուշակի մոտ, նույնն էլ պահանջում է հոգեկան ոլորտը։ Ըստ պարոն Միքայելյանի՝ հիմնականում այն մարդիկ են գնում հոգեբանի մոտ, որոնց համար իրենց հոգեկան վիճակը կարեւոր է, այսինքն՝ ունենալով հոգեբանական խնդիր՝ անձը փորձում է լուծում տալ դրան։ Իսկ երբ մարդը ունի կարիք, բայց չի այցելում հոգեբանին, սա նշանակում է, որ մարդը այնքան էլ լուրջ վերաբերմունք չունի իր անձի նկատմամբ։

Վլադիմիր Միքայելյանի խոսքերով՝ հոգեբանի ինստիտուտը հիմնականում չի զարգանում խմբային հոգեբանություն ունեցող, ավանդապաշտ էթնոսների մոտ։ Նման հասարակություններում մարդիկ իրենց հոգեկան խնդիրները փորձում են լուծել խմբային կերպով՝ հարեւանի, բարեկամի, ընկերուհու հետ զրուցելու, կիսվելու միջոցով, բայց այդ կերպ, ըստ մասնագետի, խնդիրները չեն լուծվում, ուղղակի ժամանակավորապես մղվում են հետին պլան։ Իսկ այն հասարակություններում, որտեղ գերիշխում է անհատականությունը, պարոն Միքայելյանի ներկայացմամբ՝ մարդը հույսը դնում է միայն իր վրա, այդ պատճառով էլ այդ հասարակություններում հոգեբանի ինստիտուտը լավ է զարգանում, քանի որ խնդիր առաջանալու դեպքում մարդը միանգամից դիմում է պրոֆեսիոնալ մասնագետի օգնության։
Պարոն Միքայելյանի խոսքերով՝ Հայաստանն այս տեսանկյունից միջանկյալ տեղ է գրավում. կրում է ե՛ւ Արեւելքի, ե՛ւ Արեւմուտքի ազդեցությունը. «Եվ չենք կարող ասել, թե որն է ավելի գերակշռում։ Բայց այն երկրներում էլ, որտեղ բացակայում են բարեկամական, խորը հոգեկան կապերը, մարդիկ փորձում են մակերեսային շփումներով լրացնել դա, որպեսզի ինչ-որ կերպ պաշտպանեն իրենց հուզական դաշտը։ Իսկ հուզական դաշտի պաշտպանվածությունը շատ կարեւոր է, քանի որ այդ դաշտի անպաշտպան լինելու դեպքում մարդուն շատ հեշտ է ներգրավել աղանդների, այս կամ այն խմբավորումների մեջ»։

Չնայած նրան, որ Հայաստանում գնալով զարգանում է՝ կան բազմաթիվ հոգեբանական կենտրոններ, որոնք առաջարկում են իրենց ծառայությունները, ինչը Վ. Միքայելյանը դրական է գնահատում, սակայն մասնագետը նկատում է, որ մարդկանց մոտ հոգեբանին այցելելու մշակույթը դեռ լիովին չի ձեւավորվել. «Հոգեբանին այցելելը մեզ մոտ այնքան էլ նորմալ չի ընկալվում. հոգեբանին եւ հոգեբույժին շատ հաճախ նույնացնում են, այնինչ հոգեբույժը բժշկական մասնագիտություն է եւ գործ ունի հոգեկան շեղում ունեցող մարդկանց հետ»։
Պարոն Միքայելյանը կարծում է նաեւ, որ հոգեբանի աշխատանքի մեջ շատ մեծ դեր ունեն տարիքը եւ փորձը։ Ըստ նրա՝ երիտասարդը կարող է տաղանդավոր լինել, բայց իմաստությունը ձեռք է բերվում միայն տարիքի հետ։ Նրան նաեւ շատ է ուրախացնում այն փաստը, որ այսօր գրախանութներում մարդկանց քանակը շատ է հոգեբանական գրականության բաժնում. սա, ըստ նրա, վկայում է այն մասին, որ մարդիկ սկսել են հետաքրքրվել հոգեբանությամբ, ընթերցում են համապատասխան գրականություն։ Մասնագետը համոզված է նաեւ, որ կգա ժամանակ, երբ Հայաստանում, ինչպես շատ երկրներում, հոգեբանի մասնագիտությունը կլինի ամենից շատ պահանջվածը։

Նշենք, որ մեր երկրում հոգեբանի ինստիտուտը սկսեց զարգանալ երկրաշարժից հետո։ Ինչպես նշեց Վլադիմիր Միքայելյանը՝ այդ ժամանակ մարդիկ գտնվում էին ծանր սթրեսային վիճակում, որը արդեն կրում էր ազգային բնույթ։

ԶԱՌԱ ԱՍԿԱՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031