Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արտակ Զեյնալյանը՝ համատարած բերման ենթարկումների մասին. «ՀՀ-ն արձանագրում է հետընթաց, բարի գալուստ Մաքսային միություն» (Տեսանյութ)

Դեկտեմբեր 03,2013 14:33

«Ինքնիշխան Հայաստան» պաստառի փակցման համար մեզ բերման են ենթարկել»,-այսօր «Մեդիա կենտրոնում» պատմեց երեկ կազմակերպված բողոքի ակցիաների մասնակից Արթուր Աֆթանդիլյանը: Նա տեղեկացրեց, որ իրեն ու իր ընկերոջը Արշակունյաց պողոտայի կանգառից են բերման ենթարկել քաղաքացիական հագուստով 5 անձինք: Նա նաև պատմեց, թե իրենց հինգ ժամ են պահել ոստիկանական բաժանմունքում և անգամ թույլ չեն տվել կատարել օրենքով սահմանված կարգով թույլատրելի մեկ զանգը:

Արթուրը անդրադարձավ նաև այն փաստին, որ մեծ թվով անձանց են բերման ենթարկել: Այս մասին նա ասաց. «Վերջին տարիներին մեկ օրվա մեջ այսքան մեծ թվով՝ 110 անձինք բերման չեն ենթարկվել: Կներեք, բայց կար գլխաքանակ ապահովելու խնդիր, որը պիտի զեկուցվեր ՀՀ-ում և ՀՀ-ից դուրս»:

Այս առիթով ՀՀ ոստիկանության Իրավաբանական վարչության պետ Մերուժան Հակոբյանը հակադարձեց. «Որևէ ինքնանպատակ բան չկա, որ քանակ պիտի ապահովվեր: Գլխաքանակի խնդիր գոյություն չունի: Ինչ վերաբերում է ձեզ՝ բաժնում թույլատրելի ժամանակից ավելի պահելուն, ապա այդ ամենը պարզելու համար ծառայողական քննություն կանցկացվի»:

«Հրապարակ» օրաթերթի լրագրող Վարդան Մինասյանը ևս երեկ բերման է ենթարկվել: Նա պատմեց. «Երբ ես տեսագրում էի ակցիան, կողքիս կանգնած անձնավորությունը ձեռքս ոլորեց, ներսից դուրս եկան մի շարք անձինք ու ինձ առևանգեցին: Չէի էլ նկատել, որ ձեռքս ոլորողը ոստիկանապետն է: Հեռախոսով փորձում էի փոխանցել լուրը խմբագրություն, հանկարծ մի երիտասարդ հարվածեց ծնոտիս: Մեքենայում կային երկու անչափահասներ, նրանք վախեցած էին, թե իրենց կծեծեն: Հետո ոստիկանությունում ինձ ութ անգամ հարցրին, թե ով եմ, երբ իմացան, որ լրագրող եմ, սկսեցին իմ գործով զբաղվել՝ թողած անչափահասներին: Բերման ենթարկողների աչքերը մի տեսակ  ուռած էին, կարծես ինչ որ բան էին սրսկել, մի տեսակ բոլորը ագրեսիվ էին»:

Վարդան Մինասյանը պարոն Հակոբյանից հետաքրքրվեց՝ իր տեսախցիկը հետ վերադարձվելո՞ւ է և արդյոք պահպանվե՞լ է դրա միջի ինֆորմացիան: Պարոն Հակոբյանը կրկին հակադարձեց, թե ծառայողական քննություն կհարուցվի և հանգամանքները կպարզվեն: Իսկ հարվածները նա «քրեօրեն պատժելի արարք» որակեց: Հետո նշեց, թե լուրջ խնդիր ունեն լրագրողներին տարբերակելու հարցում, ուստի գուցե հետագայում լրագրողներին վառ կապույտ ժիլետներ բաժանեն, որ տարբերվեն:

«Իրավունքի գերակայություն» ՀԿ-ի նախագահ Արտակ Զեյնալյանը տվեց կատարվածի իրավական գնահատականը. «Այն, որ մարդկանց քաղաքացիական հագուստով անձինք են բերման ենթարկել, սա առևանգում է: Այն, որ առաջիկա երկու ժամերի ընթացքում որևէ գործողություն չի կատարվել, վկայում է այն մասին, որ մարդուն ազատությունից զրկելու նպատակ է հետապնդել: Նպատակն է եղել խոչընդոտել անձանց խոսքի ու հավաքների ազատության իրավունքի իրականացմանը: Սա նաև իրականացվել է քաղաքական հայացքների համար, սա է ոստիկանության վարքագծին տրված իրավական գնահատականը: Սա խմբավորմանը ծառայող զինյալների վարքագիծ է: Հայաստանը արձանագրում է հետընթաց, բարի գալուստ Մաքսային միություն»:

Պարոն Հակոբյանը ի հակադարձում լրագրողի հայտարարության՝ նշեց, ընդամենը մեկ անչափահաս է եղել:

Պաստառ փակցնելու հետ կապված բերման ենթարկման մասին Մերուժան Հակոբյանը նշեց, թե դա հասարակական վայր է, որտեղ չի կարելի պաստառ փակցնել: Արտակ Զեյնալյանն ի պատասխան ասաց. «Դա խաղաղ հավաքների ժամանակ իրականացվող արտահայտչաձև է: Բայց երբ խաղաղ հավաքի ժամանակ որակում են՝ որպես իրավախախտում, դրանով կասեցնում են նրա՝ խաղաղ հավաքների իրականացման իրավունքը: Փուչիկներ, դրոշներ փակցնողներին բերման չեն ենթարկել: Փաստորեն, նրանք, ովքեր ոստիկանապետի լիցենզիան ունեին, նրանց բերման չեն ենթարկել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031