Լրահոս
Օրվա լրահոսը

Կռվածիրան

Դեկտեմբեր 03,2013 14:35

Հա, միանգամից վրա մի տվեք՝ թե այդպիսի բառ չկա: Սա ձմեռային իմ առաջին ստեղծագործությունն է: Մի քիչ էլ ներողամիտ եղեք:

Դուք սիրո՞ւմ եք ձմեռը: Շատ ճիշտ եք՝ գազը թանկացել է, հետո էլ գիտեմ, որ շատերի մոտ տարվա այդ հիասքանչ եղանակն արդեն գենետիկորեն ասոցացվում է այն մութ ու ցուրտ տարիների հետ, երբ մեր սիրելի Ռուբոյի հետ միասին ազգովի աղիողորմ երգում էինք՝ ախ, այս ինչ երկար ձմեռ է, արդյոք ե՞րբ կվերջանա…

Բայց չէ՞ որ լավ բաներ էլ են եղել: Չե՞ք հիշում՝ մեր արդեն ավանդական դարձած հավաքատեղին՝ Ազատության հրապարակը հենց ձմռանը՝ փետրվարին ծնվեց, էլ չեմ ասում, որ ձմռան առաջին օրը՝ 1989 թվականի դեկտեմբերի 1-ին, ընդունեցինք երեւի թե վերջին հարյուրամյակների ընթացքում մեր ամենաճիշտ որոշումը՝ Ղարաբաղը Հայաստանին միացնելու մասին: Ու ամենակարեւորը՝ վերջին դարերի ընթացքում առաջին անգամ աննախադեպ ու չլսված բան արեցինք՝ մեր ասածն իրականություն դարձրեցինք:
Հետո էլ՝ դեկտեմբերը նոստալգիայի ամիս է: Ինչպե՞ս կարելի է մոռանալ, որ հենց դեկտեմբերին քանդվեց այն մեծ տերությունը, որտեղ մնացին մեր կյանքի ամենալավ տարիները՝ «Բիթլզ», Բրեժնեւի մասին անեկդոտներ, «Պապլավոկ», «Շուրիկի արկածները» կինո «Մոսկվայում», առաջին համբույր՝ Բոշի այգում, բժշկական երշիկ, «Արարատ-73», ռուս աղջիկներ՝ Սոչիում…
Հա, ինչու հիշեցի Սեւ ծովի առափնյա ավազին մեզ գերող այդ հրաշք մարմինները… Որովհետեւ մեր որոշ անպատասխանատու քաղաքական գործիչներ հիմա էլ փորձում են երիտասարդ սերնդին զրկել ռուսական հարուստ մշակույթի եւ պատմության կրող այդ աղջիկների հետ իրենց պաշտոնական, իսկ ամենակարեւորը՝ աշխատանքային լեզվով մտերմիկ զրուցելու հնարավորությունից… Ախր լավ էլ աշխատում էր այդ մեր լեզուն….

Չգիտեմ, դուք հիշո՞ւմ եք, թե՞ ոչ, բայց ես այսօրվա պես հիշում եմ, թե ինչպես 80-ականների վերջերին հերթական անգամ ազգովի՝ բաստուրմաներով ու շամփուրներով հարմար տեղավորվեցինք Երեան-Մոսկվա գնացքի կուպեներում, որպեսզի գնանք Պիցունդա, ու երբ հասանք Բագրատաշեն՝ Վրաստանի սահմանին, հանկարծ ներս մտավ ակնոցով մի մարդ ու ասաց՝ «Ժողովուրդ, իջեք՝ գնացքից թռչելու ժամանակն է»…
Ինչո՞ւ եմ սա լավ հիշում, որովհետեւ այդ նույն գնացքը, որից ազգովի թռանք միայն այն պատճառով, որ դեպի Ռուսաստան էր տանում, հիմա գտնվում է նույն ռուսների ձեռքին, բայց մենք արդեն դրանից չենք թռչում… Երեւի այն պատճառով, որ այն այլեւս Ռուսաստան չի տանում:

Ռուսաստան գնալու կարիք էլ չկա: Ժամանակները վաղուց փոխվել են, եւ հիմա արդեն Ռուսաստանն ինքն է գալիս մեզ մոտ: Ափսոս, իհարկե, որ այլեւս սեւծովյան ավազին պառկած գայթակղիչ աղջիկների տեսքով չի գալիս, այլ գերազանցապես՝ թանկացող գազի, «Գույք պարտքի դիմաց» գործարքի, «Ինչ, որտեղ, երբ» խաղի աշխատանքային լեզվի տեսքով…
Այո, շատ ճիշտ եք՝ մեկ-մեկ էլ Վլադիմիր Պուտինի տեսքով է գալիս: Ու դա միանգամայն բացատրելի է՝ բա էլ ո՞ւր պիտի գնար «Ֆորբս» ամերիկյան հանդեսի կողմից այս տարի մոլորակի ամենաազդեցիկ մարդ ճանաչված գործիչը: Որովհետեւ մենք գլոբալ, ես կասեի նույնիսկ՝ համաշխարհային ազգ ենք: Էլի ճիշտ եք՝ մեր գլոբալության ու համաշխարհայնության մասին միտքը ես փոխ եմ առել այդ նույն ակնոցավոր մարդուց, որը՝ Սադախլո չհասած, մեզ բոլորիս իջեցրեց դեպի օտարազգի, բայց շատ գայթակղիչ կիսամերկ աղջիկները տանող գնացքից:

Ու գիտե՞ք՝ ես նրա հետ լիովին համաձայն եմ: Իհարկե, ոչ թե երկաթգծի վրա վտանգավոր շարժումներ անելու, այլ մեր գլոբալության հարցում: Եթե մի 10 րոպե ունեք, եկեք վերհիշենք մեր պատմությունը: Չվախենաք՝ ես ձեզ Վայոց ձոր չեմ տանելու, որ դասախոսություն կարդամ աշխարհի ամենահին կոշիկի մասին:

Բավարարվենք թեկուզ միայն այն ժամանակաշրջանով, երբ «փոսի դպրոցի» բակում ամաչելով ու կակազելով սեր էինք բացատրում 10-րդ «գ» դասարանի գեղեցկուհուն, որը հետո, իհարկե, ամուսնացավ կոմսոմոլի քարտուղարի հետ, որն անցումային դժնդակ տարիներին բրգաձեւ ֆինանսական կառույց հիմնեց, բոլորիս սնանկացրեց, փախավ Լոս ու հիմա Ֆեյսբուքով բոլորիս կյանք է սովորեցնում… Բայց չշեղվենք՝ 10-րդ «գ»-ի Անոյի հերն էլ անիծած, թեեւ մինչեւ հիմա շատ «Աբսոլյուտ» խմելուց հետո մեկ-մեկ գիշերը երազումս տեսնում եմ…

Փաստն այն է, որ դեկտեմբերին քանդվեց մեր մանկության Մեծ տերությունը: Ու խնդրում եմ, միամիտ դեմքով հարցեր մի՛ տվեք՝ ո՞վ քանդեց: Շատ լավ գիտեք, որ քանդողը մենք ենք եղել: Եթե ջահելները չեն հիշում, խնդրում եմ իմ սերնդակիցներին նրանց հիշեցնել, որ հենց մեր միլիոնանոց հանրահավաքները սասանեցին Սովետի հիմքերը: Ու նույն միամիտ դեմքով մի՛ հարցրեք, թե այդ տարիներին ով կանգնեցրեց աշխարհը Երրորդ համաշխարհայինի վտանգի առջեւ: Եթե էլի ջահելները չեն հիշում, պատմեք նրանց, որ երբ թուրքերը պատրաստվում էին արդեն մտնել Նախիջեւան, Ելցինը ասաց՝ «Ստոպ, եթե չեք ուզում Երրորդ համաշխարհային սկսվի…»: Էլ չեմ ասում, որ ժամանակին հենց մեր հայրենակիցը՝ Ստաս Նամինի պապիկը, Կարիբյան ճգնաժամի օրերին փրկեց աշխարհը նույն այդ Երրորդ համաշխարհայինից:
Մենք այդպիսին ենք, կուզենք՝ աշխարհը կործանման եզրին կկանգնեցնենք, կուզենք՝ կփրկենք կործանումից… Կուզենք՝ Միություն կքանդենք, կուզենք՝ նոր Միություն կստեղծենք: Բա հենց դրա համար էլ մեզ խնդրեցին, որ մեր եվրոպական գործերը հետաձգենք, գնանք Մաքսային ու օգնենք մարդկանց կարգին տեղ դարձնել այդ անտերը, որը մինչեւ հիմա երեք հզոր առաջնորդներով՝ Պուտինով, Լուկաշենկոյով ու Նազարբաեւով, ոչ մի կերպ չեն կարողանում ապրելու համար հարմար տեղ դարձնել: Բա հենց դրա համար էլ Պուտինը եկել էր՝ մեզ քաղաքավարի խնդրելու:

Ես ընդհանրապես չեմ հասկանում անպատասխանատու ընդդիմադիրներին, որոնք իրենց սակավաթիվ ու ծիծաղելի հանրահավաքներում պնդում են, թե Հայաստանը փոքր ու թույլ մի երկիր է, որը ենթակա է դրսի ուժերի ազդեցություններին: Թեյի թուրմ քսեք ու բացեք ձեր աչքերը՝ իրականում մեզ ձեռքից ձեռք են խլում: Չորս տարի շարունակ եվրոպացիները խնդրում, համոզում էին մեզ, որ եթե չենք ուզում Եվրամիության լիիրավ անդամ դառնալ, գոնե մի կերպ ասոցացվենք այդ քանդվող կառույցին ու օգնենք փրկել Հունաստանը: Նույնիսկ հիշեցնում էին, որ պարզապես պարտավոր ենք փրկել հույներին, որովհետեւ իրենց մոտ՝ Կիպրոսում, նաեւ օֆշորային ընկերություն ունենք…

Չհամաձայնեցինք: Ու ճիշտ էլ արեցինք: Թող Մերկելը փրկի: Մենք շատ ավելի կարեւոր առաքելություն ունենք հիմա՝ կայացնել Մաքսային միությունը:
Այ, դուք հարցնում եք՝ ինչո՞ւ ենք մենք այսքան վատ ապրում: Որովհետեւ անընդհատ ստիպված ենք ուրիշի գործերով զբաղվել, ժամանակ չունենք ինքներս մեզնով զբաղվելու, լավ ապրելու ժամանակ չունենք: Մենք գլոբալ հարցերով ենք տարված՝ ասում են, Պուտինը Գյումրիի ռազմակայանում Զորի Բալայանի եւ Արտաշես Գեղամյանի հետ բավական մանրամասն քննարկել է Մաքսայինի միասնական բանակ ստեղծելու հարցը: Ու կստեղծենք, կգնանք նորից Տյումենում ու Սիկտիվկարում կծառայենք՝ հարսնացու կբերենք հյուսիսից, ինչպես մի ժամանակ անում էինք: Ու ճիշտ էինք անում՝ բա ինչո՞ւ են հիմա հայաստանցի աղջկերքն այդքան սիրունացել՝ հենց ժամանակին մեր բերած հյուսիսային հարսնացուների շնորհիվ:
Մաքսային առաջնություն էլ կկազմակերպենք ու կկրկնենք «Արարատ 73»-ը: Բողոքելու լրացուցիչ տեղ էլ կունենանք: Անընդհատ անիմաստ դիմում ենք Եվրադատարան: Իսկ եթե վերականգնենք Մաքսմիությունը, նախկին երանելի ժամանակների պես էլի հնարավորություն կունենանք դիմել Կրեմլին, նույնիսկ Լենինի դամբարանին:

Գաղափարներ շատ կան: Ու մի՛ վախեցեք կրկին միութենական հանրապետություն դառնալուց: Մի երկու տարի կմնանք այդ Մաքսայինում, եթե տեսնենք, որ բան չի ստացվում՝ Կրեմլին ու դամբարանին գրելը չի օգնում, շատ հանգիստ կքանդենք այդ միությունը ու դուրս կգանք: Մենք միություններ քանդելու դրական փորձ ունենք…

Կմտնենք Եվրամիություն: Եթե այնտեղ էլ դուրներս չգա, մի երկու տարուց՝ դա էլ… Լավ էլի, շշուկով խոսեք, որ եվրոպացիները եւ մաքսայինները չլսեն… Միություններ քանդելու մեր ազգային սովորության մասին՝ այլեւս ոչ մի խոսք: Առանց այն էլ ոմանք մեզ կռվախնձոր են անվանում: Չգիտեմ՝ այդ անուշահամ միրգը՝ խնձորը, որի համար եվրոպական ու մաքսային շուկաներում ֆերմեր Եվայի հետ այդքան երկար սակարկում էր մեր հարազատ Ադամն ու վերջը ոչ բարով մեր բոլորի համար էժանով գնեց, միգուցե արտահայտում է մեր համաշխարհային բնույթը, բայց ես միշտ առողջ ազգայնական եմ եղել, պոլիկլինիկայի բժիշկը երեկ նույնիսկ հանրապետականի դրական տեղաշարժեր արձանագրեց մոտս, եւ ուրեմն կհորդորեմ բոլոր օտարամոլներին՝ մեզ Կռվախնձոր մի անվանեք: Մենք ԿՌՎԱԾԻՐԱՆ ենք….

ԱՐՄԵՆ ԴՈՒԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031