Լրահոս
Օրվա լրահոսը

Կարինա Սերբինային բուռն ծափահարեցին՝ չիմանալով ծագման մասին

Դեկտեմբեր 03,2013 14:31

Հայ-ռուսական միջտարածաշրջանային երրորդ համաժողովի շրջանակներում օրերս Ազգային օպերային թատրոնում կայացավ շքեղ գալա համերգ:

ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանի ղեկավարությամբ, թատրոնի նվագախմբի ընկերակցությամբ իրար հետեւեցին ռուս ճանաչված երգիչներ, սոպրանոներ Մարիա Ռուդկոյի, Կարինե Սերբինայի, տենոր Մարատ Գալիի, կլարնետահար Վալենտին Ուրյոպինի ելույթները: Հայաստանյան կողմը ներկայացրեց Ազգային թատրոնի պրիմադոննա Անահիտ Մխիթարյանը: Երեկոն վարեցին ՌԴ ժողովրդական արտիստ Սվյատոսլավ Բելզան եւ հմայիչ Աննա Ավանեսյանը:

«Առավոտը» զրուցեց երգչուհի Կարինա Սերբինայի (Մկրտչյան) հետ: Հանդիսատեսը ոգեւորությամբ ընդունեց մեր հայրենակցուհու ելույթը՝ անգամ տեղյակ չլինելով նրա հայկական արմատների մասին: Կարինա Սերբինայի հնչեղ ու հյութեղ սոպրանոն համեմատվում էր Անահիտ Մխիթարյանի ձայնային գրավչության հետ: Միջազգային մրցույթների դափնեկիր երգչուհին մեզ տեղեկացրեց, որ Գնեսինների անվան ռուսաստանյան երաժշտական ակադեմիան ավարտելուց հետո, կարիերան սկսել է «Նովայա օպերա» թատրոնում, ապա 1999թ. հրավեր է ստացել Մեծ թատրոնից: Այստեղ նա հանդես է եկել գլխավոր դերերգերով՝ Վերդիի «Տրավիատա», «Պարահանդես-դիմակահանդես», Պուչինիի «Բոհեմ», Գլինկայի «Իվան Սուսանին», Մոցարտի «Կախարդական սրինգ», Ռիմսկի-Կորսակովի «Թագավորի հարսնացուն», Չայկովսկու «Պիկ թագուհին» եւ այլ ներկայացումներում: Կարինան ասաց, որ բեմական գործունեության սկզբից, իր խոսքերով՝ տարված է եղել ռոմանսներով: «Մշտապես հնչեցրել եմ ռուս եւ արտերկրյա կոմպոզիտորների ռոմանսներ, բայց պետք է խոստովանեմ, որ հաճախ չեմ կատարել հայ կոմպոզիտորների կամերային ստեղծագործություններ, հատուկենտ եմ հնչեցրել դրանք, այդ թվում՝ Կոմիտաս:

Բայց աննկարագրելի հպարտություն եմ ապրել, երբ արտերկրյա կոլեգաներս հիացմունքով են արտահայտվել հայկական ռոմանսների, հատկապես Կոմիտաս վարդապետի երկերի մասին,- հայտնեց մեր զրուցակիցը եւ կարծես իբրեւ արդարացման խոսք՝ ասաց,- ես ընդամենը 11-12 տարեկանում եմ եղել հորս նախնիների ծննդավայրում, բայց հավատացնում եմ, որ թեկուզեւ աղոտ, հիշում եմ Երեւանը: Հիմա տեսնում եմ, թե ինչպես նախկինում եղած ու նոր ճարտարապետությամբ համեմված Երեւանը պարզապես գեղեցիկ է: Ես սա ասում եմ՝ համեմատելով Ամերիկայի, Ֆրանսիայի, Հարավային Կորեայի, Իտալիայի, Իսպանիայի, Հունաստանի եւ այլ երկրների մայրաքաղաքների հետ»:
Հարցին, թե երգչուհին կարիերան զուգահեռո՞ւմ է դասականը համեմելով ժամանակակից կատարումների հետ, արվեստագետը պատասխանեց. «Իհարկե՝ այո, մեր ժամանակներում դա անխուսափելի է: Իմ մենահամերգներում նորովի են հնչում Չայկովսկին, Բեթհովենը, Գրիգը, Վիվալդին եւ այլ դասականներ: Նպատակ ունեմ համերկրացիներիս հետ երկրորդ հանդիպման ժամանակ հրամցնել հայ դասական ու ժամանակակից կոմպոզիտորների գործեր, օրինակ՝ սիրահարված եմ Բաբաջանյանի երգերին…»:

Զրույցի ընթացքում արվեստագետը հավելեց, որ իր գերնպատակը Երեւանի օպերային թատրոնի բեմում ներկայացման մեջ հանդես գալն է, ափսոսանքով էլ նշեց, որ անուն առ անուն գիտի հայ օպերային արվեստի երախտավորներին, ինչպես նաեւ այսօրվա երգիչների անունները, սակայն երբեւէ բախտ չի վիճակվել բեմում խաղընկեր ունենալ նրանց: Կարինա Սերբինան դրվատանքով խոսեց նաեւ օպերային թատրոնի նվագախմբի, գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանի եւ «հեռակա» ճանաչած մեներգիչների մասին:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031