Լրահոս
Օրվա լրահոսը

Աղջիկներն ավելի ակտիվ են հոգեբանին դիմելու հարցում, քան տղաները

Դեկտեմբեր 03,2013 14:20

Ինչ խնդիրներով են դիմում հոգեբաններին ավագ դպրոցներում

«9-րդ դասարանում սովորող մի աղջիկ սեպտեմբերից դասի էր հաճախում շպարված, ինչն արգելվում է դպրոցներում: Նա սկսել էր վատ սովորել, մինչդեռ ուներ ուսման բարձր առաջադիմություն: Մասնագիտական աչքով նայելիս անմիջապես հասկացանք, որ նրա մոտ մի բան այն չէ, որովհետեւ շատ սուսիկ-փուսիկ աղջիկ էր»,-պատմում է Երեւանի Սերո Խանզադյանի անվան թիվ 184 ավագ դպրոցի հոգեբան Լամարա Գրիգորյանը: Հավելում է, որ երեխայի ծնողի հետ զրույցի ընթացքում պարզում է, որ աղջկա վարքի կտրուկ փոփոխությունը պայմանավորված էր ընտանեկան խնդիրներով. հայրը կապվել էր այլ կնոջ հետ, ամուսնալուծվել էր, մայրն էլ, որոշ ժամանակ սթրեսային վիճակում գտնվելով, անտարբերության էր մատնել աղջկան. արդյունքում երեխան ընկել էր վատ շրջապատ. «Երեխայի հետ զրույցների ընթացքում մենք չվերլուծեցինք նրա մոր եւ հոր պահվածքը, ովքեր անտարբերության էին մատնել աղջկան:

Աշխատեցինք երեխայի անձնային աճի վրա, նա սկսեց հասկանալ, որ դա իր ծնողների կյանքն է, անկախ ամեն ինչից՝ նրանք իր համար անփոխարինելի են, ինքն ավելի լավ ծնող կդառնա՝ չկրկնելով նրանց սխալները»: «Առավոտը» փորձել է պարզել, թե ավագ դպրոցների աշակերտներն ինչ խնդիրներով են դիմում դպրոցի հոգեբանի օգնությանը: Այս առումով կապ հաստատեցինք 10 ավագ դպրոցների հետ (Երեւանի թիվ 16, 42, 46, 54, 83, 115, 119, 182, 184, 190), որոնցից, սակայն, միայն երկուսում էին գործում հոգեբանները (Երեւանի թիվ 184 եւ 119 ավագ դպրոցներում): Պարզեցինք, որ 5-ից 9-րդ դասարանի աշակերտների շրջանում հիմնականում առկա են վախեր եւ տագնապներ, անկարգապահության, ուսման վատ առաջադիմության, շփման դժվարությունների, արժեհամակարգի ձեւավորման հետ կապված խնդիրներ: Իսկ 10-ից 12-րդ դասարանցիները հոգեբանին առաջինը դիմում են միջանձնային խնդիրների դեպքում՝ ծնողների, ուսուցիչների, այլ աշակերտների հետ ունեցած անհամաձայնությունների պատճառով, որոնք, ըստ հոգեբանների, պայմանավորված են դեռահասության տարիքում գլուխ բարձրացած ինքնահաստատման ձգտումով: Հոգեբանի գործն այս դեպքում ոչ թե մեղավորներ փնտրելն է, այլ կոնֆլիկտի առաջացման պատճառները պարզելը: «Հնարավոր է՝ ուսուցչի փոքրիկ նկատողությունից երեխան բռնկվի, սակայն, երբ խոսում ես նրա հետ, պարզվում է՝ առավոտյան թեյ չի խմել, մայրը բարկացել է վրան եւ նա դրանից ազդվել է»,- ասում է հոգեբան Լամարա Գրիգորյանը: Նա նաեւ նշում է, որ բոլոր տեսակի խնդիրներն ազդում են երեխաների վարքի վրա. նրանք կա՛մ ինքնամփոփ, կա՛մ ագրեսիվ են դառնում: Մեր հարցին, ավագ դպրոցներ հաճախում են տարբեր վայրերից եկած աշակերտներ, արդյոք նրանց շրջանում առկա՞ են խմբավորումներ եւ կոնֆլիկտներ, հոգեբանները պատասխանում են՝ այս ուղղությամբ իրենք կանխարգելիչ աշխատանքներ են տանում թե՛ անհատական, թե խմբային ձեւաչափով, որպեսզի բոլոր երեխաները մերվեն իրար եւ խնդիրներ չունենան: Ավագ դպրոցներում հոգեբաններին են դիմում նաեւ մասնագիտական կողմնորոշման հետ խնդիրներ ունեցող աշակերտները: «Մենք զրուցում ենք նրանց հետ, անցկացնում ենք մասնագիտական թեստեր, որոնց միջոցով որոշում ենք երեխաների բնավորությունը, ընդունակությունները, ըստ այդմ՝ խորհուրդ տալիս, թե նա որ ուղղությամբ շարունակի ուսումը»,- ասում է Լամարա Գրիգորյանը: Պարզեցինք նաեւ, որ հոգեբանական խորհրդատվություններն ամենից շատ ուղղված են դեպի դժվար դաստիարակվող, անբարենպաստ, սոցիալապես անապահով ընտանիքի երեխաները (վերջիններիս հոգեբանական աջակցությունից զատ՝ դպրոցի կողմից տրամադրվում է նաեւ սոցիալական օգնություն):

Ինչ վերաբերում է սեռային տարբերություններին, մասնագետները տեղեկացնում են՝ աղջիկներն ավելի ակտիվ են իրենց դիմելու հարցում, քան տղաները: «Աղջիկներն ավելի հստակ են հասկանում իրենց խնդիրներն ու դրանց նշանակությունը: Տղաների մոտ հիմնականում կյանքի իմաստը հասկանալու խնդիրն է: Նրանք ասում են՝ մենք գիտենք, որ մարդ նախ դպրոցն է ավարտում, մասնագիտություն ձեռք բերում, ամուսնանում է, բա հետո՞, հետո՞»,- ասում է Երեւանի Բենիամին Ժամկոչյանի անվան թիվ 119 ավագ դպրոցի հոգեբան Լարիսա Կարապետյանը: Հոգեբանների խոսքով, երեխաների հետ աշխատելու արդյունավետությունը պայմանավորված է ուսուցիչների, սոցաշխատողների եւ հատկապես ծնողների հետ արդյունավետ համագործակցությունով, քանի որ միայն վերջիններիս համաձայնությունը ստանալուց հետո են զրուցում աշակերտների հետ: Մասնագետները նախ խնդիրն են արձանագրում, ապա ծրագիր մշակում եւ ըստ այդմ որոշում երեխայի հաճախականության փաստը, իսկ խորհրդատվության ավարտին կատարում արդյունավետության գնահատում: Եթե նկատում են, որ երեխայի վարքը պայմանավորված է ծնողի սխալ դաստիարակությունից, ապա անպայման զրուցում են նաեւ ծնողի հետ: Հարցին, արդյոք երեխաները չե՞ն բարդույթավորվում, հեշտությա՞մբ են կիսվում իրենց խնդիրներով, մասնագետները պատասխանում են. «Նրանք հոգեբանին դիտարկում են որպես չեզոք մարդու, ով լսում է իրենց առանց քննադատելու եւ մեղավորներ փնտրելու»: Հոգեբան Լ. Գրիգորյանը տեղեկացնում է՝ խնդիրներից զատ՝ աշակերտներն իրեն դիմում են նաեւ աջակցություն ստանալու նպատակով: Պարբերաբար խորհրդատվությունների ընթացքում երեխաների մոտ ձեւավորվում է պատասխանատվության զգացում եւ նկատվում է անձնային աճ: Ըստ մասնագետների, նրանց հետ անհատական աշխատանքները տարվում են ինքնաճանաչման, ինքնահաստատման, կայունացման ուղղությամբ: Նրանք դադարում են այցելել հոգեբաններին, երբ անձամբ որոշակիորեն կարողանում են գտնել իրենց հուզող խնդիրների լուծումները: «Պատահում է նաեւ, երբ որոշ ժամանակ անց նույն կամ մեկ այլ խնդիրը կրկին գլուխ է բարձրացնում: Հիմնական նպատակն այն է, որ երեխաներն իրենց ինքնուրույն կառավարել սովորեն, այնպես չլինի, որ կախվածություն ձեռք բերեն հոգեբանի կամ այլ անձի խորհուրդից»,- ասում է հոգեբան Լամարա Գրիգորյանը:

ՆԱԶԵՆԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Լուսանկարը` արխիվային

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031