Լրահոս
Օրվա լրահոսը

Հաճույքներով կյանքի համար վճարում ես առողջությամբ

Դեկտեմբեր 03,2013 14:15

Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը՝ ՄԻԱՎ վարակակիրներով
ու թմրամոլներով զբաղվող կենտրոնի մասին

Արարատյան Հայրապետական թեմի ներքո գործում է «Ցերեկային կենտրոն», որը զբաղվում է ՄԻԱՎ վարակակիրներով, թմրամոլներով, աշխատում նրանց ընտանիքների անդամների հետ: Կենտրոնի հոգեւոր պատասխանատուն Սուրբ Զորավոր եկեղեցու հոգեւոր հովիվ տեր Գրիգոր քահանա Գրիգորյանն է: «Առավոտի» հետ զրույցում նա նշեց. «Քսանմեկերորդ դարասկզբի համայն մարդկության առջեւ ծառացած ամենասարսափելի մարտահրավերներից մեկը ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի խնդիրն է: Ողջ աշխարհին համակած այս տենդը չէր կարող եւ չշրջանցեց նաեւ Հայաստանի Հանրապետությունը, որի բազմաթիվ զավակներ, պարբերաբար մեկնելով արտագնա աշխատանքի, ակամա հանդիսացան ՄԻԱՎ-ՁԻԱՀ վարակի ներթափանցման աղբյուր: Հայաստանն առայժմ սահմանափակ փոխշփումներով կենսավարող պետություն է, որը չի գտնվում համաշխարհային աղետների, այդ թվում` ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի տարածման կիզակետում: Այդուհանդերձ, մեր ազգաբնակչության պարագայում ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ով վարակակիրների համեմատական թվերը հարուցում են Հայ եկեղեցու խորը մտահոգությունը եւ մղում Եկեղեցու անմիջական միջամտության»: Նրա խոսքով, հայ եկեղեցականը ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի կանխարգելման գործում կարեւոր տեղ է գրավում, քանի որ հոգեւոր հովիվը կարող է հանդես գալ ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի առումով անվտանգ վարքագիծ ունեցող քարոզողի դերում. «ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի համաճարակի դեմ պայքարի հիմնական ուղիներից մեկը պետք է դառնա հոգեւոր դաստիարակության միջոցով հասարակության մեջ բարոյական եւ հոգեւոր արժեքների ամրապնդումը: Հոգեւոր հովիվը կարող է դառնալ ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ով ապրող մարդկանց շահերի պաշտպանը եւ համատեղ իրականացնել քայլեր` ուղղված խտրականության եւ սոցիալական անարդարության դեմ: Այդ նպատակով էլ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ եւ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան «Կլոր Սեղան» հիմնադրամի աջակցությամբ 2011թ. սեպտեմբերից Երեւանում բացվեց Հայ առաքելական եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմի «Ցերեկային կենտրոնը», որի նպատակն է՝ նվազեցնել Երեւանում եւ մերձակա շրջաններում բնակվող ՄԻԱՎ-ով ապրող եւ ներարկային թմրամիջոցներ օգտագործող մարդկանց եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական մեկուսացումը եւ նպաստել նրանց ինտեգրմանը, սոցիալական վիճակի բարելավմանը, հոգեւոր արժեքների ձեռքբերմանը»: Տեր Գրիգորն ասաց, որ «Ցերեկային կենտրոնը» շահառուներին տրամադրում է տարբեր ծառայություններ՝ հովվական խնամք, հոգեբանական եւ սոցիալական աջակցություն: Քահանան հայտնեց, որ հովվական խնամք եւ աջակցություն տրամադրվում է ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց եւ թմրամիջոցների ներարկային օգտագործողներին ու նրանց երեխաներին: Հոգեւորականն ամեն շաբաթ օր ժամը 11-ին իրականացնում է քարոզներ, կատարում խմբային աշխատանք՝ հոգեւոր թեմաներով: Կազմակերպվում է ֆիլմերի դիտում եւ քննարկում, իրականացվում է ուխտագնացություններ Հայաստանի տարբեր եկեղեցիներ ու սրբավայրեր: Մեր զրուցակցի խոսքով, հոգեւորականի կողմից կատարվում է նաեւ անհատական խորհրդատվություն, խոստովանություն, իրականացվում են տնայցեր, տնօրհնեքի կարգ, նպատակն է՝ նվազեցնել ներքին հոգեբանական լարվածությունը:

Երեխաների համար էլ շաբաթ օրերին կատարվում է Աստվածաշնչի ընթերցում, կազմակերպվում հոգեւոր թեմաներով նկարչություն եւ մուլտֆիլմերի դիտում: Ինչ վերաբերում է հոգեբանական աջակցությանը, այս մասին էլ տեր Գրիգորը նշեց. «Հոգեբանական աշխատանքներն իրականացվում են խմբային ու անհատական տարբերակներով: Դրանք նախատեսված են ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց եւ թմրամիջոցների ներարկային օգտագործողների ու նրանց ընտանիքների անդամների համար: Հոգեբանական աշխատանքներն օգնում են, որպեսզի նրանց մոտ բարձրանա ինքնավստահությունը, հաղթահարվի, այսպես կոչված՝ խարանը, բացահայտվեն ներքին դրական ռեսուրսները, վերանայվի կյանքի նկատմամբ վերաբերմունքը: Երեխաների մոտ աշխատանքներն իրականացվում են վախերի հաղթահարման, մեկուսացման միտումների նվազեցման, շփման հմտությունների մշակման ուղղությամբ»: Քահանան հավելեց, որ սոցիալական աջակցությունն իր մեջ ներառում է` ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց եւ թմրամիջոցների ներարկային օգտագործողներին հավասարը հավասարին խորհրդատվություն, տնայցեր, սննդի փաթեթների տրամադրում, հիվանդանոցում գտնվելու ժամանակ խնամք եւ անհրաժեշտ դեղորայքի տրամադրում, ՄԻԱՎ-ով ապրող հղի կանանց խնամք ինչպես հղիության, այնպես էլ հետծննդյան շրջանում եւ այլն:

Տեր հորը խնդրեցինք, առանց անուններ հնչեցնելու, մեկ-երկու հետաքրքիր դրվագ ներկայացնել: Նա որոշ բաներ պատմեց, ասաց, որ այդ ամենը տեղ է գտնել նաեւ «Իմ փորձը» գրքույկում: Օրինակ՝ խոսեց նախկին բուժքրոջ մասին, որը կիսատ թողնելով ուսումը՝ ամուսնացել ու տեղափոխվել էր Ռուսաստանի Դաշնություն: Ամիսներ անց, պարզվել էր, որ հիվանդ է, վարակվել է ամուսնուց: Վերջինս էլ իր վարակված լինելու մասին իմացել էր 6 տարի առաջ, երբ մի ռուս կնոջից ծնվել էր ՄԻԱՎ-ով վարակված իրենց երեխան, որոնց թողնելով բախտի քմահաճույքին` վերադարձել էր Հայաստան: Ամուսնու մահից հետո կինը յոթ ամսական հղիությամբ լրիվ միայնակ էր մնացել, քանիցս մտածել է ինքնասպանության մասին: Չնայած Ռուսաստանի քաղաքացի չէր, սակայն բժիշները, բարեբախտաբար, նրան վերցրել էին հաշվառման, տվել հակառետրովիրուսային դեղամիջոցներ՝ երեխայի վարակման վտանգը հասցնելով 1%-ի: Կինը վերադարձել է Հայաստան՝ ծնողների մոտ, որոնց զայրացնում էր այն, որ կրծքով կերակրելու փոխարեն՝ ինքը արհեստական սնունդ է տալիս երեխային: Հոգեբանի այցելություններն օգնել էին, որ կինը ոտքի կագնի, անգամ ների մահացած ամուսնուն: Այժմ ինքն է օգնում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց՝ հաղթահարելու դժվարությունները: Մյուս հերոսը նախկին դատապարտյալ է, որը թմրամոլ էր: «ՄԻԱՎ-ով նոր վարակվածներին կասեմ, որ չվախենան ոչ մի բանից, լսեն բժիշկներին, եթե անհասկանալի բաներ կան, խորհրդակցեն ոլորտի մասնագետների հետ ու, ամենակարեւորը, հավատան Աստծուն: Ամեն ինչ լավ կլինի: Առողջներին կասեմ՝ զգույշ եղեք ու ՄԻԱՎ-ի աչքերով մի՛ նայեք մեզ: Նախքան երեխա ունենալը հետազոտվե՛ք հանուն ձեր երեխաների առողջության»,-բոլորին խորհուրդ է տալիս տղամարդը: Մեկ ուրիշ հերոս էլ համոզված է, որ ոչ ոք ապահովագրված չէ որեւէ հիվանդությունից. «Շատ դեպքերում անհնարին ու մեզանից շատ հեռու ու հեքիաթային թվացող բաներն էլ են իրականություն դառնում: Այս կյանքում ամեն ինչի համար պետք է վճարել: Հաճույքներով լի կյանքիս համար ստիպված էի վճարել առողջությամբ»:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031