Լրահոս
Օրվա լրահոսը

Արա Աբրահամյանը՝ հայկական դրամը ռուբլով փոխարինելու մասին. «Կիկոսի մահը մի սարքեք» (Տեսանյութ)

Դեկտեմբեր 03,2013 14:13

Երեկ Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում տեղի ունեցած հայ-ռուսական տնտեսական ֆորումի ժամանակ լրագրողների հետ ճեպազրույցում ՌԴ հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, անդրադառնալով Վլադիմիր Պուտինի Հայաստան կատարած այցին, ասաց. «ՌԴ նախագահի այցը դա արդեն երևույթ է, շատ լավ պատրաստված երկու նախագահների պայմանավորվածությունը իրագործվում է: Այս անգամ Սերժ Սարգսյանը`ՀՀ նախագահը, շատ կոնկրետ է խնդիրները, հարցերը դրել և շատ լավ պայմանավորվածություն ձեռք բերել, որովհետև այսպիսի այց չի եղել: Կապ չունի ՝կարճ է, երկար է: Եկել են 12 մարզերի ղեկավարներ, գուբերնատորներ, կան նախարարներ, բավական մեծ քանակի Ռուսաստանի բիզնեսմեններ: Եվ այսօր ուզում են այդ բանակցությունները, որ այդքան խոսում են, ժողովրդին հույս են տալիս և այլն, ավելի պրակտիկ ձևով իրագործել:

Խնդիրը և Հայաստանի, և Ռուսաստանի կողմից դրված է, որ գտնեն այն կետը, որ փոխշահավետ կլինի, համագործակցեն: Բացի դրանից, կա քաղաքական մաս, կա ռազմավարության մաս, պաշտպանության, անվտանգության և այլ, և այլն» :

Լրագրողների այն հարցին, թե Մաքսային միություն մտնելով Հայաստանը չի՞ կորցնի իր սուվերենությունը. Վլադիմիր Պուտինը, Հայաստան ոտք դնելով, միանգամից այցելում է ռուսական ռազմաբազաներ, Արա Աբրահամյանն ասաց. «Մեզ համար շատ կարևոր է, որ գնում է ռազմաբազաներ, այնպես չէ, որ ինքը գնում է, Հայաստանին անտեսում է, մեր բոլորի համար է կարևոր, մեր անվտանգությունն է: Ցույց է տալիս, որ մենք այստեղ ունենք ռուսական բազա, մենք կոլեկտիվ անվտանգության անդամ ենք, այս երկրի անվտանգությունը Ռուսաստանի անվտանգությունն է: Սա ցույց է տալիս, որ ինքը մեծ ուշադրություն է դարձնում այս երկրի վրա, որ մի բան լինի, Աստված հեռու պահի լինի, մեր այս ռուսական բազան մարտունակ լինի, որ կարողանա պաշտպանել մեր երկիրը:

Այնպես որ, սա դրական երևույթ է, սա բացասական չէ: Իսկ որ ասում եք սուվերենություն կորցնել, էդտեղ ի՞նչ կա. Ռուսաստանն էլ է կորցնում, ընդհանրապես չկա մի երկիր, որ չկորցնի: Որ Ֆրանսիան մտավ Եվրասայուզի մեջ, ինքն էլ կորցրեց: Որ դուք ուսումնասիրեք, կտեսնեք, ես օրինակ բերեցի, կան խնդիրներ, որ Ֆրանսիան էլ է կորցնում: Բոլորն էլ ինչ-որ չափով կորցնում են, դա նորմալ երևույթ է միջազգային պրակտիկայում, ուրիշ այլ ձևի ոչ մեկը չի ստեղծել ոչ մի մեխանիզմ»:

Իսկ նորմա՞լ է համարում Արա Աբրահամյանը, որ Հայաստանը, Մաքսային միության մեջ մտնելով, իր դրամը կորցնի: «Դուք Կիկոսի մահը մի սարքեք, ոչ մեկը չի ասում Հայաստանը իր դրամը կորցնի, Կիկոսի մահը պետք է ընդհանրապես գրականությունից հանել: Խնդիրը կոնկրետ է գնում Մաքսային միության մեջ, իհարկե, ամեն մեկը փոխզիջումներով, փոխշահից ելնելով` ինքը զիջում է, իրավունքն էլ է վաճառվում, ոնց որ Ռուսաստանն է վաճառում, կորցնում, այնպես էլ Հայաստանը, սա փոխշահավետ է, սա է կարևորը»:

Արա Աբրահամյանի ասելով, երբ որ Ռուսաստանը ընդունում է Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանը, դա վերաբերում է նաև Ղարաբաղին: «Բանակցություններ են գնում, ես չեմ կարող ժամանակից շուտ ասել ոնց, ինչ է լինելու, բայց ամենակարևոր կետերից, որ Սերժ Սարգսյանը իր խնդիրը հստակ ձևակերպել է, ամենաառաջին խնդիրը, ես ներկա եմ եղել` Ղարաբաղի անվտանգության խնդիրն է եղել: Դա համար առաջին խնդիրն է, դրանից հետո եկել է տնտեսական շահ, երկրի շահ, այ ձեր ասած մեր սովորույթների, մեր լեզվի, դրա մասին խոսելն ավելորդ է, ուզում եք ասել բոլոր եվրոպական երկրները կորցրե՞լ են իրենց տրադիցիաները, իրենց յեսիմինչները»:

Արա Աբրահամյանի ասելով, Մաքսային միության մեջ մտնել՝ չի նշանակում հրաժարվել Եվրամիության հետ համագործակցությունից: «Մենք չենք կարող ասել սպիտակ կամ սև, մենք ունենք պարտնյոր, մենք համաձայն ենք էդ պարտնյորի հետ միասին աշխատել` Եվրախորհրդի հետ միասին, նախագահն այդպես է խնդիրը դրել, սա պրոցես է, որ շարունակվում է»:

Արա Աբրահամյանը չհամաձայնեց լրագրողների հնչեցրած այն մտքի հետ, թե նոր ԽՍՀՄ է ստեղծվում` պնդելով, որ Մաքսային միությունը Մաքսային միություն է, ԽՍՀՄ-ը` ԽՍՀՄ:

«Ես առաջին անգամ ձեզանից եմ լսում, որ ԽՍՀՄ է ստեղծվում», -ասաց ՌԴ հայերի միության նախագահը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031