«Ազատություն» ռադիոկայան. Ռուսաստանցի հայտնի վերլուծաբանը մարզական տերմիններով է ամփոփում Ռուսաստանի և Արևմուտքի աշխարհքաղաքական հարաբերություններում ստեղծված պատկերը։
«Ուկրաինայի համար Ռուսաստանի մղած պայքարը մոտենում է ավարտին։ Կիևը չի ստորագրել Եվրամիության հետ Ասոցացման պայմանագիրը, ինչը նշանակում է, որ նախագահ Վլադիմիր Պուտինն Արևմուտքի նկատմամբ խոշոր հաղթանակ է տարել»․ – այսպես է The Moscow Times պարբերականում հրապարակած հոդվածում ռուսաստանցի վերլուծաբան և հեռուստամեկնաբան Եվգենի Կիսելյովն անդրադառնում Ուկրաինայի կացությանը։
Ինչ կախարդական բառեր է ասել Պուտինը նախագահ Վիկտոր Յանուկովիչին` հայտնի չէ, սակայն, ամենայն հավանականությամբ, խոստացել է ցածր տոկոսներով միլիարդավոր դոլարների վարկեր, որոնք անհրաժեշտ են Ուկրաինայի տնտեսությունը վերականգնելու և 16 ամիս անց նախագահ վերընտրվելու համար։
Եվգենի Կիսելյովը մարզական տերմիններով է ամփոփում Ռուսաստանի և Արևմուտքի աշխարհքաղաքական հարաբերություններում ստեղծված պատկերը։
Կարդացեք նաև
Վաշինգտոնն այդպես էլ չի կարողանում Մոսկվային համոզել ապաստան չտրամադրել ամերիկյան հետախուզական կառույցների նախկին ծառայող Էդուարդ Սնոուդենին, որի հրապարակած սկանդալային նյութերը չափազանց տհաճ վիճակ են ստեղծել ամերիկացիների համար։ Ռուսաստան – ԱՄՆ՝ 1–0։
Ռուսաստանը խափանում է Սիրիային հարվածներ հասցնելու ամերիկա – բրիտանա – ֆրանսիական ծրագիրը։ Հետևաբար` Ռուսաստան – ԱՄՆ՝ 2-0։
Ռուսաստանը Հայաստանին համոզում է չնախաստորագրել Ասոցացման պայմանագիրը Եվրամիության հետ և դրա փոխարեն անդամակցել Մաքսային միությանը։ Ռուսաստան – ԱՄՆ՝ 3-0։
Forbes հանդեսը մոլորակի ամենաազդեցիկ քաղաքական գործիչ է անվանում Պուտինին, ով առաջ է անցնում Բարաք Օբամայից։ Ռուսաստան – ԱՄՆ` 4-0։
Եվ վերջապես` Մոսկվան Ուկրաինայի նկատմամբ աննախադեպ ճնշում բանեցնելով նախագահ Վիկտոր Յանուկովիչին ստիպում է Վիլնյուսում չստորագրել Ասոցացման պայմանագիրը։ Ռուսաստան – ԱՄՆ` 5-0։ Ֆուտբոլում դա ջախջախիչ պարտություն է։
Պուտինը հաճախ է ասել, որ թույլը պարտվում է։ Բարաք Օբաման, Կիսելյովի համոզմամբ, թույլ գտնվեց ու պարտվեց։
Վերլուծաբանի կարծիքով` Եվրամիությունը երբևէ չի ունեցել հստակ քաղաքականություն Ուկրաինայի հարցում։ Եվ այնուամենայնիվ, այդ ամենն Ուկրաինայում հանգեցրել է բողոքի հզոր ակցիաների, ինչը միանգամայն նոր քաղաքական վիճակ է ստեղծել թե’ Յանուկովիչի, թե’ Պուտինի և թե’ ամբողջ Ուկրաինայի համար։
Ուկրաինայի ներկայիս կացությունն ակամա հիշեցնում է 2004 թվականի ճգնաժամը, որը հանգեցրեց «նարնջագույն հեղափոխության»։
Պուտինը Յանուկովիչին ստիպել է երես թեքել Եվրոպայից, բայց այդ թվացյալ «հաջողությունն» իրականում «պյուռոսյան հաղթանակ» է։
Ասոցացման պայմանագրից հրաժարվելու իրողությունը զայրացրել է մեծ թվով ուկրաինացիների։ Այն օրըստօրե աճում է։
Եթե Ուկրաինայի ճգնաժամը խորանա, դա է՛լ ավելի կապակայունացնի Եվրոպայի կենտրոնում գտնվող այդ գրեթե 50-միլիոնանոց երկիրը։ Իսկ սա արդեն առավել հրատապ մարտահրավեր է ամբողջ աշխարհամասի ու դրա անվտանգության համար։
Արմեն Քոլոյան