Անթալիայում ընթացող շախմատի տղամարդկանց աշխարհի թիմային առաջնության 6-րդ տուրում Հայաստանի հավաքականը երեկ 1:3 հաշվով պարտվեց Գերմանիային եւ մրցաշարային աղյուսակում 6,0 թիմային միավորով նահանջեց վեցերորդ հորիզոնական:
Միանձնյա առաջատարի դերը շարունակում է պահպանել թիմային 10 միավոր վաստակած Ուկրաինան, որին ընդհուպ մոտեցել է Ռուսաստանը` 9,0 միավորով հանգրվանելով «մաքուր» երկրորդ տեղում:
Առայժմ աշխարհի գործող թիմային չեմպիոն մեր թիմի գործերն Անթալիայում այնքան էլ լավ չեն ընթանում: Եվ ամենայն հավանականությամբ մրցապայքարի ավարտից հետո չեմպիոն ուրիշը կլինի: Մնում է հուսալ, որ Հայաստանը կկարողանա մրցանակային տեղ գրավել:
Այսօր` 7-րդ տուրում, մեր մրցակիցը Թուրքիան է: Մարզիչ Արշակ Պետրոսյանը որոշել է երկրորդ խաղատախտակի առջեւ հանդես եկող Սերգեյ Մովսիսյանին, որը վերջին երեք տուրերում երկու անգամ պարտվել է եւ մեկ անգամ ոչ-ոքի արել, հանգստանալու հնարավորություն տալ: Մեր տղաների մրցակիցներն են. Լեւոն Արոնյան-Ալեքսանդր Իպատով, Վլադիմիր Հակոբյան-Դրագան Սոլակ, Գաբրիել Սարգսյան- Մուսթաֆա Յըլմազ, Տիգրան Լ. Պետրոսյան- Էմրե Քան:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ