Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ քննարկումներն ավարտվեցին

Դեկտեմբեր 03,2013 13:48

Այսօր Ազգային ժողովի հերթական նիստը սկսվեց Կենսաթոշակային բարեփոխումների «պարտադիր» բաղադրիչը մեկ տարով հետաձգելու վերաբերյալ ԱԺ չորս խմբակցությունների ներկայացրած առաջարկի երեկ կիսատ մնացած քննարկումներով:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը շարունակեց երեկ ընդհատված իր ելույթը, կրկնելով, որ կենսաթոշակային համակարգը բարեփոխելուն ուղղված օրենսդրական փաթեթն իրենից ներկայացնում է շոկային թերապիա, իսկ նման բան իրեն կարող է թույլ տալ միայն ժողովրդի անվերապահ աջակցությունն ունեցող իշխանությունը: Այնինչ, ըստ Լ. Զուրաբյանի, ներկա իշխանությունները միայն արտագաղթ, աղքատություն եւ հիասթափություն են բերել, ու «տրամաբանական է», որ այս դեպքում ժողովուրդը կարծում է, թե կուտակային հիմնադրամները կտրվեն իշխանության մերձավորներին, կլինեն չարաշահումներ, եւ «նորից թալանչի իշխանավորների գերհարստացմանը կգնա»:

Նա իշխանություններին նաեւ «գող իշխանություններ» անվանեց, ինչին ընդդիմացավ ԱԺ նախագահը՝ ՀԱԿ խմբակցության ղեկավարին կոռեկտության կոչ անելով:

Իր եզրափակիչ ելույթում ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանը անդրադարձավ երեկ ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մինասյանի հնչեցրած պատմությանն այն մասին, թե ինչպես է ականատես եղել Հոլանդիայում դամբայի շինարարության, երբ շինարարները գիտեին, որ այդ դամբայի կառուցումն ավարտվելու է 300 տարի հետո միայն:

Պարոն Մինասյանը նաեւ ասաց, որ նույնպես էլ մեր երիտասարդները պետք է հասկանան, որ, երբ հիպոթեք են վերցնում տուն գնելու համար, դա նշանակում է, որ պայմանագիր են կապում պետության հետ, որ 20 տարի պետք է ապրեն եւ աշխատեն մեր երկրում, վճարեն հիպոթեքը, նույնը նաեւ պիտի լինի կուտակային թոշակի դեպքում, որ իմանան, որ հավաքում են այդ գումարը եւ 20 տարի հետո նորմալ թոշակ կստանան:

Անդրադառնալով Գագիկ Մինասյանի երեկվա ասածներին՝ Արծվիկ Մինասյանն ասաց, որ Հոլանդիայի օրինակը տեղին չէ, քանի որ Հոլանդիան, ունենալով 500 տարվա պետականության պատմություն, կարող է իրեն թույլ տալ 300 տարվա պլաններով շինարարություն անել, իսկ մենք 20 տարվա պետականության փորձ ունենք եւ «անհնար է դրանով առաջ գնալ»:

Կենսաթոշակային բարեփոխումների «պարտադիր» բաղադրիչը մեկ տարով հետաձգելու նախաձեռնությունը կքվեարկվի եւ ամենայն հավանականությամբ ՀՀԿ-ական մեծամասնության կողմից կմերժվի վաղը:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031