Լրահոս
Օրվա լրահոսը

15 միլիոնի մաքսանենգ «Այֆոն» եւ «Այփադ» Վրաստանից

Դեկտեմբեր 03,2013 13:28

Ըստ «Դատալեքս» կայքի՝ Երեւանի բնակիչ, 1986թ. ծնված Մերուժան Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. օգոստոսի 21-ին Վրաստանից գնել է 4 միլիոն 615 հազար 800 դրամ շուկայական արժեքով «Այփադ» եւ «Սամսունգ ՋԹՆ 8000 Գալաքսի Նոթ 10.1» մոդելի պլանշետային համակարգիչներ, մեկ հատ «Սամսունգ ՋԹ 19500 Գալաքսի Ս4» մոդելի սմարթֆոն, երկու հատ «Այֆոն 5» մոդելի եւ «Այֆոն 4 Ս» մոդելի բջջային հեռախոսներ, դրանք պահել է սեփականության իրավունքով եղբորը պատկանող եւ իր կողմից շահագործվող «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայում եւ նույն օրը, ժամը 23.30-ի սահմաններում մաքսային հսկողությունից թաքցնելու եղանակով Բագրատաշենի մաքսակետով տեղափոխել Հայաստան:

Ավտոմեքենայի զննությամբ դրանք հայտնաբերվել են Գուգարքի տարածաշրջանային մաքսատան նախաբացթողումային հսկողության վարչության եւ մաքսային հսկողության բաժնի աշխատակիցների կողմից:

Երեւանի բնակիչ, 1971թ. ծնված Սահակ Պապոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. օգոստոսի 27-ին, ժամը 20.30-ի սահմաններում Բագրատաշենի մաքսակետով ժամանելով Հայաստան, ՀՀ մաքսային ծառայության աշխատակիցների բանավոր հարցին պատասխանել է, որ հայտարարագրման ապրանքներ չունի:

Նա իր վարած «Ֆոլկսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայի առջեւի եւ հետեւի նստատեղերի տակ թաքցնելով պահել է ընդհանուր 4 միլիոն 263 հազար դրամ արժողության 11 հատ «Այֆոն 5» տեսակի բջջային հեռախոս եւ մեկ հատ «Այփադ» տեսակի պլանշետային համակարգիչ, որոնք տեղափոխել է ՀՀ մաքսային սահմանով: Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները կրկնակի զննություն են իրականացրել եւ Ս. Պապոյանի ավտոմեքենայից հայտնաբերել մաքսանենգությամբ Հայաստան տեղափոխված վերոհիշյալ իրերը:

Աբովյանի բնակիչ, 1977թ. ծնված Վարուժան Ավագյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. սեպտեմբերի 2-ին Վրաստանից Բագրատաշենի մաքսակետով ժամանելով Հայաստան, մաքսային ծառայության աշխատակիցների բանավոր հարցին պատասխանել է, որ հայտարարագրման ենթակա ապրանքներ չունի: Նա իր վարած «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի սրահի դիմացի նստատեղի ռետինե գորգի տակ թաքցնելու եղանակով պահել է ընդհանուր 6 միլիոն 174 հազար դրամ արժողության 16 հատ «Այֆոն 5» տեսակի բջջային հեռախոս, իսկ ավտոմեքենայի հետեւի նստատեղին դրած երկու հատ «Մինի Այփադ» տեսակի պլանշետային համակարգիչ, որոնք տեղափոխել է Հայաստանի մաքսային սահմանով: Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կատարած կրկնակի զննումից հետո ավտոմեքենայից հայտնաբերվել են այդ իրերը:

Մերուժան Հայրապետյանին, Վահագն Ավագյանին եւ Սահակ Պապոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 215 հոդված 1-ին մասով («Մաքսանենգություն»): Նրանց նկատմամբ, որպես խափանման միջոց, ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը: Վերոհիշյալ գործերով դատավարություններն ընթանում են Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031