Հատված ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հարցազրույցից:
– Պարոն Շարմազանով, պարտադիր կուտակային համակարգի ներդրումից հետո, փաստորեն Դուք եւս կհամալրեք «պետական ռեկետից» տուժածների շարքերը, քանի որ 1974 թվականից հետո եկող սերնդի ժամանակակիցն եք։ Ինչպե՞ս եք վերաբերում այդ համակարգին։
– Ես չեմ կարծում, որ դա պետական ռեկետ է: Ես հարգում եմ բոլոր բողոքավոր քաղաքացիների կարծիքը եւ նրանց՝ կարծիք հայտնելու իրավունքը։ Ես կարծում եմ, որ սա առաջին հերթին կենսաթոշակային բարեփոխում է եւ բնականաբար յուրաքանչյուր բարեփոխում ունի ե՛ւ դրական, ե՛ւ բացասական կողմեր։ Բնականաբար, բարեփոխման արդյունքները միանգամից չեն երեւում։ Ես ինքս կողմ եմ եւ ժամանակին կողմ եմ քվեարկել։ Ես կարծում եմ, որ սա ոչ թե պետական ռեկետ է, այլ հնարավորություն, որպեսզի 1974 թվականից հետո ծնված քաղաքացիները կենսաթոշակի տարիքում կարողանան ապահովել իրենց կենսաթոշակը։ Տարիներ շարունակ սա քննարկվել է տարբեր կուսակցությունների կողմից։ Պետք չէ այս օրենքի վրա կուսակցական պիտակ դնել։ Սա բարեփոխում է, որը 2003-ից սկսել է քննարկվել եւ ընդունվել է։
– Բացի պետական պաշտոնյաներից, բոլորը բողոքում են պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգից։ Ինչո՞ւ հաշվի չի առնվում ժողովրդի կարծիքը:
Կարդացեք նաև
– Միգուցե ավելի պարզ, հրապարակային պրոպագանդա չի արվել: Միգուցե այստեղ մենք էլ ենք թերացել, ես չեմ կարող ասել։ Բայց ես այն կարծիքին չեմ, որ բոլորը բողոքում են։ Ես ասացի, որ բարեփոխումների
արդյունքները երեւում են տարիներ անց։ Այդ առիթով կարելի է շատ օրինակներ բերել։ Երբ բարեփոխումը լինում է, սկզբնական շրջանում ժողովրդի վախերը շատ են լինում, որովհետեւ մարդիկ ուզում են ապահովագրվել։ Եվ այդ իմաստով միշտ չէ, որ վախերը արդարացված են լինում։ Ես հուսով եմ, որ ժամանակը ցույց կտա, որ այս առնչությամբ վախերը արդարացված չեն։
Մելանյա ԾԱՌՈՒԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում