Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ Արմեն Դարբինյանի՝ բանակցային գործընթացքում մեզ բավարար արժանապատիվ չենք դրսեւորել. «168 ժամ»

Դեկտեմբեր 03,2013 12:15
Armen Darbinyan

Հատված Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի ռեկտոր, ՀՀ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանի հարցազրույցից:

Դուք առաջ եք քաշում «ռուսալեզու աշխարհի» գաղափարը։ Նշել էիք, որ Հայաստանի՝ ռուսական աշխարհին ինտեգրվելը մեզ համար առավել բնական է՝ լեզվի և մշակույթի տարածվածության իմաստով։ Այդ համատեքստում ինչպե՞ս եք գնահատում ուկրաինական վերջին իրադարձությունները։

– Գիտեք, Ուկրաինան չի կարելի համեմատել Հայաստանի հետ։ Ինչքան էլ մեր քաղաքական վերնախավը չուզենա դա նույնականացնել, բացարձակ տարբեր դեպքեր են։ Ուկրաինայի դեպքը և Հայաստանի դեպքը նույն կոնտեքստում դիտելը, ես կարծում եմ, մեթոդոլոգիական, անգամ՝ քաղաքական և աշխարհաքաղաքական սխալ է։

Ուկրաինան ունի իր գերակայությունները, այն իսկապես Եվրոպայի տարածաշրջանում գտնվող, Եվրոպայի հետ անմիջական սահմաններ ունեցող, Եվրոպայի հետ ինտեգրվելու բոլոր հնարավորություններն ունեցող, արդյունաբերական հզոր պոտենցիալով և նաև ռեսուրսային հզորագույն երկիր է։

Այսինքն՝ Ուկրաինան համեմատել Հայաստանի հետ, որը չունի որևէ սահման եվրոպական ազատ առևտրի հետ, որի սահմանները փակ են, որը գտնվում է չլուծված հակամարտության իրավիճակում, որն ունի ուղղակի անվտանգության հետ կապված բարդագույն խնդիրներ, կարծում եմ, որ կոռեկտ չէ։ Ինչպես կգնահատեի. Ուկրաինայի ժողովրդի լուծելիքն է, նաև կգնահատեի՝ Ուկրաինայի քաղաքական  ղեկավարության  ոչ թափանցիկ  վար֊քաձևի խնդիրն է, որովհետև, փաստորեն, նրանք փաստի առաջ կանգնեցրին մի ողջ ժողովուրդ, որը բերեց նման դժգոհությունների դրսևորման։ Ընդամենը կցանկանայի և կուզենայի, որպեսզի ուկրաինական այս դեպքերը հնարավորինս քաղաքակիրթ ձևով անցնեին և վնաս չբերեին մեր եղբայրական ուկրաինական ժողովրդին։

Ուկրաինայի քաղաքացիների մի զգալի հատվածի կողմից չընդունվեց այդ երկրի քաղաքական ղեկավարության վարքագիծը, անթափանցիկ վարքաձևը և վերջին պահին ժողովրդին այդ փաստի առաջ կանգնեցնելը, որ նրանք դեռ պատրաստ չեն ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրել։ Եթե պատրաստ չէին ստորագրելու, պետք է դրա մասին հայտարարեին շատ ավելի վաղուց։

Ես կարծում եմ, որ Ադրբեջանն այս իմաստով շատ ավելի անկեղծ գտնվեց և՛ Եվրոպայի, և՛ Ռուսաստանի, և իր սեփական ժողովրդի նկատմամբ։ Եթե չեմ սխալվում, նրանք 1.5 տարի առաջ հայտարարեցին, որ անդամագրվելու խնդիր չունեն, փորձելու են համակողմանի,  բազմակողմանի  հարաբերություններ ստեղծել, զարգացնել և՛ Ռուսաստանի, և՛ Եվրամիության հետ, և հասնելու են ինտեգրման այն աստիճանի, որն այդ պահին Ադրբեջանի համար ձեռնտու է։ Այդ իմաստով տարիներ շարունակ եվրաինտեգրման գործընթացում գտնվող Ուկրաինայի և Հայաստանի ընթացքը որոշ հասարակական զանգվածների, այդ թվում և լայն զանգվածների, կամ վերլուծաբանների, առավել ևս՝ քաղաքագետների տեսակետից կարող է շատ անտրամաբանական թվալ, բայց դա այդպես չէ, ամեն ինչ տրամաբանության մեջ է, ուղղակի պետք է սեփական ժողովրդի նկատմամբ ավելի հարգալից լինել և ավելի թափանցիկ։

Ի դեպ, կարծիք կար, որ Ադրբեջանի «մատը խառն» էր Հայաստանի եվրաինտեգրման գործընթացը խափանելու գործում։ Հնարավոր համարո՞ւմ եք դա։

– Չփնտրենք մեղավորներին մեզնից դուրս։ Հիմա ինչ-որ մեկը խառնվել է կամ չի խառնվել, այս պահին մեզ չպետք է հետաքրքրի։ Մեզ պետք է հետաքրքրի մեր արժանապատիվ դիրքն ու բանակցային ընթացքում երկրի և ժողովրդի, պետության շահերն առավելագույնս ներկայացնելու և պաշտպանելու մեր ունակությունը։  Արդյոք մենք դա դրսևորե՞լ ենբ։ Իմ կարծիքով՝ ոչ բավարար։

Գայանե ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031