Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ պատգամավոր. «Հայաստանը եղել է, կա եւ լինելու է եվրոպական ընտանիքի անդամ». «Իրատես de facto»

Դեկտեմբեր 03,2013 12:08

 Հատված ԱԺ պատգամավոր ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԻ հարցազրույցից:

Ավարտվեց վիլնյուսյան գագաթնաժողովը, որի մասին ամիսներ շարունակ խոսում էին գրեթե ամբողջ Եվրոպան ու Հայաստանը, Ձեր կարծիքով՝ ի՞նչ կատարվեց Վիլնյուսում։

– Վիլնյուսյան համաժողովը, որի մասին, իրավացի եք, խոսում էին բոլորը, ովքեր իրենց քիչ թե շատ գիտակ են համարում արտաքին քաղաքական և եվրոպական խնդիրներում, խոսում էին սպասելիքներով, չարությամբ, թույնով, լուրջ սպասումներով և այլ երանգներով։ Բարեբախտաբար, եկավ նաև այս օրը, երբ բոլոր չարախոսները և հոռետեսները, ուզեն թե չուզեն, տեսան և լսեցին, որ Հայաստանի մասնակցությունը այս կարևոր համաժողովին արդեն կատարված փաստ է, որ ստորագրվեց համատեղ հայտարարություն, որ մեր երկրի եվրոպացի բարեկամները և գործընկերները ընկալեցին, հասկացան և ընդունեցին մեր երկրի ղեկավարի ներկայացրած փաստերը և փաստարկները և, արդյունքում, ևս մեկ անգամ արձանագրվեց, որ Հայաստանը եղել է, կա ու լինելու է եվրոպական մեծ ընտանիքի անդամ, եվրոպական արժեքներով առաջնորդվող, այդ արժեքների դերակատարությունը մեր երկրում առավել ամրապնդող և ամրապնդման ձգտող պետություն։

Այս ամենը հասկանալի և տեսանելի էր նաև մինչ վիլնյուսյան ժողովը, բայց ևս մեկ անգամ հստակեցվեց, որ առանց խոր և համապարփակ առևտրի մասին համաձայնագրի էլ մեր երկիրը գնալու է դեպի Եվրոպա, և նույն Եվրոպան պատրաստակամ է օգտակար լինելու։ Տնտեսական խնդիրները չմիախառնվեցին քաղաքական խնդիրներին, եվրոպական արժեքների, ժողովրդավարության, մարդու իրավունքների և այս կարգի արժեհամակարգի ձգտող մեր երկրի շահերը հարգվեցին, ընկալվեցին և ընդունվեցին։

Սակայն չորս տարի խոսվում էր ամբողջական փաթեթի մասին, այդ թվում նաև՝ խոր ու համապարփակի։

– Քաղաքականությունը հնարավորինի արվեստ է, քաղաքական խնդիրները լուծվում են ոչ թե մեկ, այլ բազմաթիվ թեորեմների և բանաձևերի օգնությամբ, և եթե մեկ դեպքում ճիշտն ու կարևորը հարաբերականության տեսությունն է,

մեկ այլ դեպքում նույն այդ խնդիրը լուծելու համար առավել կարևոր է դառնում պարզ և հանրամատչելի թվաբանական գործողությունը՝ գումարում-հանում և կրկին գումարում։ Շատ կարևոր է, թե թվաբանական փակագծերը որտեղ են դրված։ Մեր երկրի դեպքում պարզ թվաբանական գործողությունները կատարվեցին խելացի քայլերով, և ստացանք այն, ինչին չէին հավատում, կամ՝ ինչի մասին մեր ընդդիմախոսները խոսում էին քմծիծաղով։ Բայց ծիծաղում է նա, ով վերջում է ծիծաղում, և այսօր կատարվեց քայլ, որը բացառապես հանուն մեր պետական և տնտեսական շահերի էր։ Ինչպես նշեց մեր երկրի նախագահ Սերժ Սարգսյանը, Վիլնյուսի գագաթնաժողովի հռչակագրով մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը շարունակել ու նոր թափ հաղորդել մեր երկրներում իրականացվող բարեփոխումներին։ Հայաստանը վճռական է շարունակելու Հայաստան-ԵՄ հարաբերությունների առանցքը կազմող խորքային և լայնածավալ ինստիտուցիոնալ բարեփոխումները՝ ուղղված կոռուպցիայի դեմ պայքարին, ազատ տնտեսական մրցակցության ապահովմանը, կառավարության գործունեության թափանցիկության բարձրացմանը, դատական համակարգի անկախության ապահովմանը, խոսքի ազատության երաշխավորմանը, քաղաքացիական հասարակության ամրապնդմանը։

Եվրոպական մոդելով Հայաստանի պետականության կառուցումն ու ամրապնդումը մեր գիտակցված ընտրությունն է եղել, և այդ գործընթացն այլևս անշրջելի է։ Մեր գլխավոր նպատակն է Եվրոպական միության հետ ձևավորել այնպիսի գործուն կառուցակարգեր, որոնք մի կողմից արտացոլում են մեր սոցիալ-քաղաքական և տնտեսական հարաբերությունների խորքային բնույթը, մյուս կողմից՝ համատեղելի են համագործակցության այլ ձևաչափերի հետ:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031