Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Բորիս Նավասարդյանը մանրամասնում է իր հրաժարականի պատճառները

Դեկտեմբեր 03,2013 12:03
navasardyan

Երևանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանը Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի ղեկավար կոմիտեի համանախագահի ընտրություններում իր թեկնածությունը հանելու մասին նոր մանրամասներ է պատմում:

«Հայաստանի այս խայտառակ ձախողումը՝ բոլորիս ձախողումն է, որքանով էլ տարբեր լինեն ամեն մեկիս մեղքի բաժինները: Հայաստանը ձախողեց, որովհետեւ երեք տարուց ավելի բանակցում էր Ասոցացման համաձայնագրի շուրջ, իրականացնում համապատասխան քաղաքականություն երկրի ներսում եւ Եվրամիության հետ հարաբերություններում ու մի քանի օրվա ընթացքում անիմաստ դարձրեց ծախսված միջոցները, նաեւ եվրամիության եւ սեփական պաշտոնյաների ժամանակը: Այսօր կրկին ռեսուրսներ են ծախսվում` նախորդ տարիների աշխատանքի որոշ արդյունքները վերացնելու ուղղությամբ»,- Aravot.am-ին ասաց պարոն Նավասարդյանը:

Նրան մտահոգում է, որ այս շրջադարձը տեղի ունեցավ առանց իրավիճակի տեսանելի փոփոխության կամ նոր հանգամանքների ի հայտ գալու .«Բոլոր այն պատճառները, որոնք բերվում էին որպես հիմնավորում՝ գոյություն ունեին նաեւ 3-4 տարի առաջ, բայց դա չէր խանգարում բանակցություններ վարել եւ հայտարարել Ասոցացման համաձայնագիրը ստորագրելու վճռականության մասին:

Հայաստանն այսօր համեմատում են Ուկրաինայի հետ, բայց դա արդարացված չե: Այն դեպքում, որ Ուկրաինան ստորագրելուց առաջ հայտնվեց շատ կոնկրետ դժվարությունների առջեւ, որոնց մասշտաբները հեշտ չէր կանխատեսել: Եվ Ուկրաինայի ղեկավարությունը ներկայացրել է հասարակությանը եւ ԵՄ գործընկերներին, որ իրենց նկատմամբ հզոր ճնշում է գործադրվել: Նրանց պատճառաբանությունները կարելի է բավարար չհամարել ստորագրումից հրաժարվելու համար, բայց գոնե բոլորին պարզ է` ինչ է տեղի ունեցել:

Իսկ Հայաստանի նախագահը եւ Վիլնյուսում, եւ դրանից առաջ պնդում էր, որ իր երկրի վրա ոչ մի ճնշում չի եղել, էլ ավելի անհասկանալի եւ անորոշ դարձնելով իրավիճակը: Վիլնյուսից վերադարձած մեր պատվիրակությունը հպարտությամբ նշում էր, որ Մաքսային միությանը միանալու Հայաստանի որոշումը «ըմբռնումով է ընդունվել ԵՄ գործընկերների կողմից»: Եկեք հասկանանք, ի՞նչ է թաքնված այդ «ըմբռնման» հետեւում: Հասկացվեց, որ Հայաստանը չի կարող ինքնուրույն որոշումներ կայացնել իր ներքին եւ արտաքին քաղաքականության կարեւորագույն հարցերի վերաբերյալ, ավելին, համարձակություն չունի բացատրել` իրականում ինչ է տեղի ունեցել»:

Ըստ պարոն Նավասարդյանի, աշխարհը հետեւություն է արել` պետք չէ ոչ մեղադրել Հայաստանի իշխանություններին շրջադարձի համար, ոչ էլ ապագայում այդ երկրի իշխանություններին ընկալել որպես հարաբերությունների ոչ լիարժեք կողմ` բոլոր հարցերը լուծելով որոշում կայացնող այլ երկրի հետ. «Սա տարածվելու է նաեւ այնպիսի հարցերի վրա, ինչպիսին Ղարաբաղի հակամարտությունն է եւ հայ-թուրքական հարաբերությունները: Եթե Ուկրաինայի պարագայում ներկա ղեկավարությունը իրեն դրսեւորեց որպես անհուսալի, հետեւողականություն, վճռականություն, պատասխանատվություն չունեցող գործընկեր, ապա Հայաստանի դեպքում այդպիսի անսկզբունքայինի տպավորություն թողեց համարյա ամբողջ քաղաքական էլիտան: Այսինքն, նաեւ ապագայում Հայաստանի հետ արդյունավետ համագործակցելու հնարավորության առումով լուրջ կասկածներ կան… Էլ ի՞նչ պիտի լիներ, որ ձախողում կոչեինք»:

Նա ասաց, որ միայն անձնական հեղինակություն, գիտելիքներ եւ փորձը բավարար չեն ղեկավարելու համար մի կառույց, որը միավորում է 6 ԱԼԳ երկրների եւ ԵՄ անդամ երկրների ներկայացուցիչներին. « Այդպիսի պատասխանատու աշխատանքում համոզիչ եւ վստահ լինելու համար քո հետեւում պիտի ունենաս երկիր եւ հասարակություն, որը հաջողություններ ունի կամ գոնե չի ձախողվել տվյալ կառույցի առաքելությունը հանդիսացող ոլորտում: Բացի դրանից, զարգացումները Հայաստանում թելադրում են ազգային պլատֆորմի ներսում խնդիրների վրա ժամանակի եւ ջանքերի կենտրոնացման անհրաժեշտությունը»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031