Լրահոս
Օրվա լրահոսը

Ցուցարարների ու ոստիկանների բախումները բոլորովին համարժեք չէին հայաստանյան ընդհանուր տրամադրություններին. «Ազգ»

Դեկտեմբեր 03,2013 11:45

Արդյո՞ք ողջ հայ ժողովրդի եւ նրա իշխանությունների սուվերեն ընտրությունն էր Մաքսային միությանն անդամակցելը, ինչպես որ Պուտինն է կարծում: Կամ արդյոք արագ փոփոխվող աշխարհում հարկավոր նոր մոտեցումները կարելի է միայն գտնել Մաքսային միությունում, ինչպես նախագահ Սարգսյանն էր ասում իր ելույթում, եւ ուր /ՄՄ/ մուտքի համար Հայաստանն արագացված աշխատում է: Եվ որքանո՞վ են հատկապես արդյունավետ Հայաստանին տրվող արտոնությունների եւ առավելությունների կիրառման այն մեխանիզմները, որոնց շնորհիվ գուցե Հայաստանի տնտեսությունն այդպիսով կկենսունականա իսկապես, ու իսկապես Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառության շատ մեծ ծավալներով Հայաստանը դուրս կգա դժվար վիճակից: Սա էլ հետո տեսնելու բան է` այժմ միայն ոգեւորությունն է տեսանելի, որը հնարավոր չէ բռնել եւ շոշափել: Դրան գումարվում են ուկրաինական զարգացումները, որոնք ընդհանրապես կարող են խանգարել Մաքսային միության կազմավորմանը, ու դա մեզնից կախված բան չէ: Բայց եւ չենք կարող չհարցնել` իսկ, ասենք, նույն Ռուսաստանն ուզո՞ւմ է տեսնել տնտեսությունը կարգի բերած եւ ուրիշներից չկախված Հայաստան:

Իսկ թե ի՞նչ տեսակի այց էր Պուտինի այցը` պետակա՞ն, պաշտոնակա՞ն, թե՞ աշխատանքային, այդպես էլ արարողակարգից հնարավոր չեղավ գլխի ընկնել (չնայած պաշտոնապես կոչվում էր պետական այց, բայց դա իսկապես երկրորդական է): Մանավանդ` հավանաբար Պուտինի ուղեղը զբաղված էր Ուկրաինայում տեղի ունեցողով, որը խորապես նրան չմտահոգել չէր կարող:

Իսկ որ ցուցարարներ կային Երեւանի փողոցներում` է, դա նորմալ է, ուզած գաղափար կողմնակիցներ ու հակառակորդներ ունի, Պուտինի այցի դեմ բողոքողներին եւս կարելի է հասկանալ: Նրանք իրենց բողոքը հիմնավորում են մտահոգություններով, որ ՄՄ մտնելով Հայաստանն ինքնիշխանությունը չկորցնի, ու Պուտինը կամ ինչ-որ վերպետական կառույց կդառնան մեր երկրին թելադրողը: Ու որ ցուցարարները հիշել էին 1920 թվականի դեկտեմբերի 2-ը, երբ կնքվեց Հայաստանը խորհրդայնացնելու հայ-ռուսական պայմանագիրը` աչքը տեսածից է վախենում, ու ռազմավարական գործընկեր երկրի ղեկավարին էլ թող հայտնի լինեն մեր մտահոգությունները, ի՞նչ կա այդտեղ: Ու պետք չէր այդպես ջղաձգվել, ինչպես մեր ոստիկանությունն էր ջղաձգվում, ակտիվիստների ու լրագրողների բերման ենթարկելով. եղա՞վ, է, թող Պուտինն էլ տեսնի, որ Հայաստանում եւս մտահոգություններ ու մտահոգվողներ կան:

Ցուցարարների ու ոստիկանների բախումները բոլորովին ադեկվատ չէին հայաստանյան ընդհանուր տրամադրություններին ու հարիր չէին մեզ` ոչ ցուցարարներին բերման ենթարկելու, ոչ էլ վերջիններիս ոչ համարժեք պահվածքի առումով: Իսկ թե ո՞վ էր հրահրում երեկվա բողոքի վիճակները, դա երկրորդական է, բոլոր դեպքերում ոստիկանությունն է պատասխանատու իրավիճակի համար, ով օրվա երկրորդ կեսի հայտարարությամբ արդարանում էր, թե երթի ժամանակ իրավախախտում կատարածները ոչ թե ձերբակալվել, այլ մեկուսացվել են հավաքի վայրից` վարչական պատասխանատվության ենթարկվելու նպատակով բերվել ոստիկանություն եւ ազատ արձակվել: Ընդդիմադիրների հաշվարկներն ու մտահոգվածությունը բերման ենթարկվածների վերաբերյալ այլ տեղեկատվություն էր պարունակում:

Մարիետա ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031