Լրահոս
Օրվա լրահոսը

Հարկայինը խոչընդոտում է մանր բիզնեսը. «Ժողովուրդ»

Դեկտեմբեր 03,2013 11:41

Թեեւ ՀՀ վարչապետն անընդմեջ հայտարարում է, թե լուրջ քայլեր են ձեռնարկվում մանր ու միջին բիզնեսը զարգացնելու համար, սակայն հենց այդ ոլորտից պարբերաբար ստացվող ահազանգերը հակառակի մասին են փաստում։ Վերջին օրինակն էլ Աբովյան քաղաքում մի քանի տասնյակ խանութների փակվելն ու վաճառականների բողոքն է։ Պատճառը Կոտայքի տարածքային հարկային տեսչության պետ Վարդան Սահակյանի, խանութպանների բնորոշմամբ, նենգ գործելաոճն է, որի համար նրանք պահանջում են նրա հրաժարականը։

Հիշեցնենք, որ անցած շաբաթ Աբովյանում շուրջ 200 առեւտրականներ բողոքի ակցիա են անցկացրել քաղաքի հարկային տեսչության շենքի մոտ։ Նրանք պահանջում են Կոտայքի տարածքային հարկային տեսչության պետի՝ Վարդան Սահակյանի հրաժարականը։ Շաբաթ օրը, երբ առեւտրականները փորձել են պարզաբանում ստանալ Սահակյանից, վերջինս հրաժարվել է ընդունել բողոքի մասնակիցներին։

«Ժողովուրդ»–ի հետ զրույցում աբովյանցի առեւտրականները պատմեցին, որ հարկային տեսուչներն արհեստական խնդիրներ են ստեղծում իրենց համար, «նենգաբար գործ են սարքում» իրենց գլխին, ստիպում, որ ավել գումարներ վճարեն, իսկ ովքեր հրաժարվում են, սպառնում են հաշվեհարդար տեսնել՝ առեւտրականներին սնանկացնելով կամ էլ ակտ գրելով։

Խնդրի առնչությամբ երեկ առեւտրականները հանդիպել են ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի հետ։ Վերջինս խոստացել է հարցը բարձրացնել ԱԺ-ում։ Սակայն խանութպանները պնդում են, որ իրենց հարցերը կլուծվեն այն ժամանակ, երբ Սահակյանն ազատվի իր պաշտոնից։

Տեղեկացնենք, որ Սահակյանը նոր է նշանակվել Կոտայքի տարածքային հարկային տեսչության պետ, նախկինում նա զբաղեցնում էր Հրազդանի հարկային տեսչության պետի պաշտոնը։ Նկատենք, որ նրա պաշտոնավարման շրջանում Հրազդանում նույնպես բողոքի ակցիաներ են անցկացվել, ինչի արդյունքում էլ Հրազդանում սննդի սպասարկման ավելի քան 10 հասարակական օբյեկտ փակվեց, իսկ մի քանի տասնյակ մարդ գործազուրկ դարձավ։ Եվ փաստորեն, նոր պաշտոնում եւս Սահակյանից դժգոհողների պակաս չկա։

Սյունէ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031