Երբ Հայաստանի հարցը լուծվեց «փաթեթով», Արմեն Մովսիսյանը կատարված գործարքի շուրջ ներկայացրեց պարզապես ցնցող պատճառաբանություն։ «Ազատության» հարցին, թե ինչով էր պայմանավորված Հայաստանի մասնաբաժինը ռուսական ընկերությանը փոխանցելու որոշումը, նա պատասխանեց. «Որպեսզի «Գազպրոմ» ընկերության ներկայությունն ավելի շատ ապահովենք, եւ որպեսզի ավելի շատ շահագրգռություն ունենան այստեղ ե՛ւ գազի գնի հետ կապված, ե՛ւ շահագործման որակի հետ կապված»։ Փաստորեն, Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարը (ի դեպ, թերեւս արդեն պետք է անվանափոխել այդ նախարարությունը) իր այս հայտարարությամբ ընդունում է, որ մինչ այս «Հայռուսգազարդ»–ի 80 տոկոսի սեփականատեր «Գազպրոմ»–ը շահագրգիռ չի եղել որակյալ գազ մատակարարել (հիշենք ռուսական գազի ցածր կալորիականության մասին բողոքները) եւ որպես այդ խնդրի լուծում՝ ողջունում համակարգն ամբողջությամբ ռուսներին հանձնելու տարբերակը։
Առհասարակ, պետք է եզակի ցինիզմ ունենալ տարիներ շարունակ ողջ հանրությանը բացահայտ խաբելուց հետո նման հայտարարություններ անելու համար։
Եվ ուշագրավ է, որ մենք՝ ՀՀ քաղաքացիներս, մեր՝ Հայաստանի պետական սեփականություն համարվող բաժնեմասի վաճառքի մասին տեղեկացանք ոչ թե մեր մուծած հարկերի հաշվին վարձատրվող կառավարությունից, այլեւ «Գազպրոմ»–ի նախագահ Ալեքսեյ Միլերից, ով երեկ հայտարարեց, որ «Հայռուսգազարդ»–ը դառնում է «Գազպրոմ»–ի դուստր ձեռնարկություն։ Դե եթե երկիրը դարձել է Ռուսաստանի «գուբերնիա», տրամաբանական է, որ դրա էներգետիկ համակարգն էլ պիտի դառնա դուստր ձեռնարկություն։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում