Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսները մեր հորեղբոր տղերքը չեն. «Առաջին լրատվական»

Դեկտեմբեր 03,2013 11:10

«Առաջին լրատվական»ի զրուցակիցն է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:

 Հայաստանի տարածքում ռուսական զորավարժարանները շրջակայքի գյուղացիական տնտեսությունների համար պատուհաս են դարձել: Ռուսներն այստեղ իրենց իրավունք են վերապահում անարգել օգտագործել գյուղացիների հողատարածքները, իսկ գյուղացիները նրանց ձեռքին կարծես թե գերի են դարձել:

– Ես ուրախ եմ, որ մեր ազգը ստրկությունից ու գերությունից վտանգներ է տեսնում, հավատացնում եմ, որ սա այն ժամանակաշրջանը չէ: Եվ ոչ էլ միջազգային ասպարեզում որեւէ շահագրգռվածություն կա, որ որեւէ պետություն հայերին ստրկացնի կամ գերի վերցնի: Ես կարծում եմ, որ գոնե մինչեւ այսօր ռուսական ռազմաբազաների եւ մեր փոխհարաբերությունների հետ նման խնդիրներ չեն առաջացել: Առավել եւս Պուտինի այցը Գյումրիի ռազմաբազաներ մեզանից որոշակիորեն հեռացրեց պատերազմը, որովհետեւ արդեն բազմաթիվ օրեր, եթե ոչ մի ամբողջ ամիս ադրբեջանական կողմից ռազմաշունչ հայտարարություններ չեն հնչում, որովհետեւ արդեն անտեղի են համարում: Համենայնդեպս, մեզանից պատերազմը հեռացվեց, եւ դրանով պիտի զգալի դարձնենք, որ մեր ազգային անվտանգության խնդիրների լուծման շահը իրեղեն է դառնում:

Բայց չէ՞ որ ՌԴն շարունակում է զենք վաճառել Ադրբեջանին, եւ դրանով այդ երկիրը հաստատ Հայաստանի անվտանգությունը չի ամրապնդում: Իսկ զենք վաճառելն էլ զուտ բիզնեսծրագիր չէ:

– Մենք միշտ մտածում ենք, թե գործ ունենք մեր հորեղբոր տղերքի հետ: Յուրաքանչյուր պետություն իր ռազմական շահերն ունի: Մեր համագործակցությունը մեր շահն է: Դա փոքր է, թե մեծ է, մենք այլընտրանք չունենք, մենք մեր շահի հետեւից ենք գնում: Բայց դա չի նշանակում, որ ՌԴ-ն իրավունք չունի չհարաբերվել Ադրբեջանի կամ ԵՄ պետությունների հետ:

Բայց այս դեպքում ՌԴի ռազմավարական դաշնակիցը Հայաստանն է եւ ոչ թե Ադրբեջանը: Իսկ Ադրբեջանը, ում ՌԴն զենք է վաճառում, մեզ հետ պատերազմական վիճակում է:

– Պատահական չէր ռուսական զորքերի հրամանատար Անդրեյ Ռուզինսկու հայտարարությունը, թե ցանկացած որեւէ բախում` ռուսական զորքերը կմիջամտեն: Հիմա ընդհանուր գաղափարախոսությունը, կարծում եմ, այն է, որ Հայաստանին վտանգ սպառնալու դեպքում ոչ միայն ՌԴ-ն, այլեւ Մաքսային միության անդամ պետություններն իրենց պարտավորություններն ունեն կամ կունենան:

Պարոն Սահակյան, ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի եւ Ռուսաստանի փոխհարաբերությունները: Արդյո՞ք դրանք երկու իրավահավասար պետությունների հարաբերություններ են:

– Ես չեմ կարծում, որ Ռուսաստանը հսկայածավալ պետություն լինելով՝ հանկարծ պիտի մտածի, որ Հայաստանը իրավահավասար է, կամ պիտի մտածի, թե Հայաստանին այնպիսի ճնշումների ենթարկի, որ ձուլվի ՌԴ հետ: Այս խնդիրը չէր կարող լինել: Եթե լիներ, Սովետական Միությունը չէր փլվի: Եթե պետություններն այդ ճանապարհով գնային, 1950-ականներին գաղութացումը չէր վերանա: Հավասարը հավասարի են, այլ բան չի կարող լինել: Հայաստանի քաղաքական էլիտայից բացի, կան ազգային ծանրակշիռ ուժեր, որոնք երբեք ու երբեք չեն կարող թույլ տալ, որ մեր երկրի սուվերենությունը կորի: Եվ այդ վտանգն այս պահին չկա:

Արմինե Ավետյան

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031