Լրահոս
Օրվա լրահոսը

Գազի գինը Հայաստանի համար կնվազի

Դեկտեմբեր 03,2013 14:59

Այսպես է ենթադրում ԱՊՀ երկրների ինստիտուտի
տնօրեն Կոնստանտին Զատուլինը

Երեկ Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում տեղի ունեցած հայ-ռուսական տնտեսական համաժողովի ժամանակ քաղաքագետ Կոնստանտին Զատուլինը լրագրողների այն հարցին, թե ի՞նչ կտա Մաքսային միությունը Հայաստանին, պատասխանեց, որ մեր երկրին մատակարարվող գազի գինը կնվազի:

«Ինչպես ես հասկանում եմ, այժմ շարունակվում են բանակցությունները գազի գնի էժանացման շուրջ, որը, անխոս, կարծում եմ՝ դրական արդյունքներ կունենա, Հայաստանին մատակարարվող գազի գինը կսահմանվի այնքան, ինչ Մաքսային միության մեջ մտած երկրներինը: Դուք գիտեք, որ Ռուսաստանը գազ է մատակարարում Բելառուսին, Ղազախստանն ունի իր գազը, Բելառուսին մատակարարում ենք անփոփոխ գնով, այնպիսի գին է, որը թանկ չէ՝ ավելացրած փոխադրումները: Կարծում եմ՝ այն կենթադրվի նաեւ Հայաստանի համար: Դա ձեր հարցի ուղղակի պատասխանն է՝ ի՞նչ է տալիս Մաքսային միությունը Հայաստանին: Ես իրավացի չեմ լինի, եթե չհիշատակեմ այն փաստը, որ մենք Հայաստանի հետ գտնվում ենք նույն ռազմաքաղաքական միության մեջ՝ հավաքական անվտանգության, եւ ես հասկանում եմ, որ Հայաստանի համար միեւնույն չէ՝ համագործակցելո՞ւ է Ռուսաստանն իր հետ ռազմական ոլորտում, թե՞ ոչ»,- ասաց քաղաքագետը: Ըստ նրա՝ այն փաստաթուղթը, որը փաթաթում են Ուկրաինայի, Հայաստանի եւ մյուսների վզին, այնտեղ խոսքը ոչ միայն տնտեսական համագործակցության մասին է, այլեւ ռազմական, պաշտպանության, անվտանգության հարցերի մասին: Սակայն, ըստ ռուս քաղաքագետի, հնարավոր չէ միաժամանակ անվտանգության հարցերով համագործակցել թե մեկի եւ թե մյուսի հետ: Քաղաքագետը Հայաստանի ընտրությունը ճիշտ համարեց՝ նշելով, որ Հայաստանը այս քայլը կատարեց, երբ որ հասկացավ, որ իրեն փորձում էին թակարդը գցել: «Տվյալ պահին ես խոսում եմ Արեւելյան գործընկերության շուրջ, որն անցկացվեց Վիլնյուսում. այդ ծրագիրը ի սկզբանե թակարդը գցելու թեզի վրա էր հիմնված, որպեսզի հնարավորինս շատ թվով երկրների քաշի ԱՊՀ-ից՝ խափանելով համագործակցությունը նախկին սովետական տարածքում»,- ասաց Կոնստանտին Զատուլինը: Ըստ ռուս քաղաքագետի՝ Հայաստանը մեծ կարիքներ ունի, վերջինիս տնտեսությունը դեռեւս գտնվում է շրջափակման մեջ Թուրքիայի, Ադրբեջանի կողմից, եւ անհրաժեշտ է անհապաղ ներդրումներ կատարել, տնտեսական ծրագրեր իրականացնել եւ օժանդակել: Պարոն Զատուլինը անդրադարձավ նաեւ Ուկրաինայում կատարվող դեպքերին՝ նշելով, որ դա մնացորդային ռեակցիա է, բումերանգ, որը վերադարձավ Ուկրաինայի իշխանություններին, որոնք շուրջ երկու տարի է՝ եվրոպական ընտրության պատրանքների մեջ էին: Նրանք այժմ ճիշտ վարվեցին, սակայն այն, ինչ արեցին, արեցին ուշացած: Ռուս քաղաքագետի կարծիքով՝ ամեն ինչ կխաղաղվի, կհարթվի Ուկրաինայում:

Իսկ Վլադիմիր Պուտինը ճնշումներ չի՞ գործադրում արդյոք Հայաստանի վրա, պարոն Զատուլինն ասաց. «Ի՞նչ է նշանակում՝ ճնշում, Ռուսաստանը չի միջամտում Հայաստանի ներքին խնդիրներին, չի փորձում ապակայունացնել իրավիճակը, ինչպես հիմա անում է Եվրոպական միությունը: Չե՞ք կարծում, որ ԵՄ-ն քիթը խոթում է Ուկրաինայում իրավիճակի ապակայունացմանը. ԵՄ պատգամավորները, ներկայացուցիչները ելույթ են ունենում ու բացեիբաց հայտարարում, որ Ուկրաինան հիմա չի ստորագրի, կստորագրի, երբ որ փոխվի Ուկրաինայի նախագահը. սա ի՞նչ բան է, մենք երբեւէ մեզ այդպես պահե՞լ ենք, երբեք չենք պահել այդպես: Իսկ ինչ վերաբերում է ճնշումներին, իհարկե՝ ոչ մի ճնշում էլ չկա, Ուկրաինայում օրինակ՝ ուզում են անհապաղ գազի գնի նվազեցում, նրանք չեն ուզում այն գնով, ինչ ունեն հիմա: Մենք նրանց առաջարկեցինք, որ կարող են գազ ստանալ զեղչով, եթե միանան Մաքսային միությանը, սակայն նրանք պատասխանեցին, որ ուզում են զեղչով գազ, բայց երբեք չեն միանա Մաքսային միությանը»:

Իսկ ԼՂՀ-ն եւս կմտնի՞ Մաքսային միության մեջ՝ այս հարցին ի պատասխան՝ ռուս քաղաքագետն ասաց, որ ինքը շատ է սիրում Լեռնային Ղարաբաղը, շատ ընկերներ ունի այնտեղ, նույնիսկ համարվում է «պերսոնա նոն գրատա» Ադրբեջանի համար, սակայն Լեռնային Ղարաբաղը կմնա իր տեղում, կմնա որպես Լեռնային Ղարաբաղ: «ԼՂՀ-ն այսօր գտնվո՞ւմ է նույն տնտեսական տարածության մեջ Հայաստանի հետ, գտնվում է, էլ ո՞րն է խնդիրը: ԼՂՀ-ի հիմնախնդիրը, իմ անձնական կարծիքն է, այն անխոս պետք է լուծվի խաղաղ ճանապարհով, եւ ինձ՝ որպես քաղաքագետի, թվում է, որ այն լուծելի է, պահանջվում է տղամարդկայնություն երկու կողմից էլ. Ադրբեջանը պետք է համաձայնի նրա հետ, որ Լեռնային Ղարաբաղը պետք է լինի անկախ, իսկ Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի հսկողության տակ գտնվող Ադրբեջանի տարածքները վերադարձվեն: Դա, եթե ուզում եք իմանալ, փաթեթային գործարք է: Այլ բան չի կարող լինել: Երբ այս մասին ես ասում եմ իմ ադրբեջանցի ընկերներին, նրանք արձագանքում են, թե դա հայամետ դիրքորոշում է, այդպես ինձ ասաց Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանը՝ նշելով, որ այն տիպիկ հայկական դիրքորոշում է: Բայց դա իրականությունն է եւ վերջ»,- եզրափակեց Կոնստանտին Զատուլինը:

ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031