Մեջտեղ ընկավ ՀՀ-ն Մաքսային միությանը անդամագրելու հարցը, եւ շրջանառության մեջ մտավ այն թեզը, թե ՄՄ-ին անդամակցելուց հետո Հայաստանին մատակարարվող գազի զինը կնվազի։ Բայց հստակ չէր հայտարարվում կնվազի 270 դոլարի՞ց, թե 189 դոլարից։ Շուտով պարզվեց, որ կնվազի 270-ից, եւ կդառնա 189 դոլար։ Այսինքն` այնքան, որքան դրված է այսօր գործող սակագնի հիմքում։ Իսկ դա էլ նշանակում է, որ բոլոր էժանացումներից հետո գազը կարժենա այնքան, որքան այսօր։ Բայց սա չի խանգարում անընդհատ շրջանառության մեջ մտցնել գազի էժանացման թեզը։ Սա արդեն իսկ պարզունակ բլեֆ է։
Բայց կա ավելի բարդ բլեֆ։ Խոսքը վերաբերում է «Հայռուսգազարդ»–ում ՀՀ կառավարության ունեցած 20 տոկոս բաժնեմասին։ Այդ բաժնեմասը երեկ տրվեց մնացած 80 տոկոսի սեփականատիրոջը՝ ռուսական «Գազպրոմին»։ Տրվեց եւ ոչ թե վաճառվեց, քանի որ դրա վաճառքից ստացվելիք գումարով մենք փակելու ենք գազի մատակարարումների դիմաց «Գազպրոմին» ունեցած պարտքը՝ 150 միլիոն դոլարը։ Որտեղից գոյացա՞վ այդ պարտքը։ Դա վերը նշված «պարզունակ» բլեֆի արդյունք է։ Որքան էլ կառավարությունը հերքի, թե 2011-ին ռուսները չեն բարձրացրել Հայաստանին մատակարարվող գազի գինը, իրականությունը բոլորովին այլ է՝ բարձրացրել են։ Ու քանի որ ռուսական գազը թանկացած է եղել, իսկ ներքին սպառման գազի գինը պոպուլիստական նկատառումներով թողել էին անփոփոխ, ուստի գոյացել էր պարտք՝ ուղիղ 150 միլիոն դոլար։ Սա մի քիչ ավելի բարդ բլեֆ էր։
Բայց ամենաբարդ բլեֆը վերաբերում է նրան, թե ի վերջո, ի՞նչ գնով է Հայաստանին մատակարարվում ռուսական գազը։ Կասեք 189 դոլա՞ր, կամ 270 դոլա՞ր։ Ամենեւին ոչ։ Այդ գնով ռուսական գազը մատակարարվում է այսուհետ 100 տոկոս ռուսական սեփականություն հանդիսացող «Հայռուսգազարդին», որի միակ սեփականատերը հենց գազ մատակարարող «Գազպրոմն» է։ Իսկ Հայաստանը, ի դեմս հայաստանյան սպառողների, գազը գնում է այնքանով, որքանով վաճառում է «Հայռուսգազարդը»։ Ըստ այդմ, 1000 խմ ռուսական գազի դիմաց մեր սպառողները վճարում են 156 հազար դրամ կամ մոտ 385 դոլար:
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում