Բոլորս խոսում էինք Պուտինից. մեր տատիկները կասեին. «Մարդը ճանապարհի վրա է, էդքան մի խոսեք»: Մենք Պուտինին մեղադրում ենք, որովհետեւ նա Գյումրի է սկզբում գալիս, հետոՙ Երեւան, մենք Պուտինին մեղադրում ենք, որովհետեւ հրաժարվեցինք ԵՄ-ի հետ ասոցիացումից, փոխարենը հայտնեցինք Մաքսային միությանը միանալու մասին, մենք Պուտինին մեղադրում ենք, որ նա առանձնահատուկ դաժան է վարվում հետխորհրդային երկրների հետ, այդ թվումՙ Հայաստանի, մենք Պուտինին մեղադրում ենք, որովհետեւ նա Հայաստանի հետ իրեն չի պահում ինչպես ռազմավարական դաշնակից, այլ դիտարկում է մեր երկիրը որպես ռազմաբազա, հարավային ֆորպոստ: Մենք Պուտինին շատ բաների մեջ ենք մեղադրում, վերջին հաշվով մենք Պուտինին մեղադրում ենք մեր որոշումների մեջ, քանի որ մեր անհամարձակության մեջ մեղավոր է Պուտինը… Այնինչ, ո՞րն է Պուտինի մեղքը, որ նա գերտերության նախագա՞հ է, բայց մի՞թե դա մեղք է: Արդյոք կարելի՞ է մարդուն մեղադրել, որ ինքը, ի տարբերություն հետխորհրդային երկրներում շատ-շատերի, իրոք ընտրվել է ՌԴ նախագահ ու իրեն պահում է ինչպես գերտերության նախագահ: Եթե Սերժ Սարգսյանն, օրինակ, հնարավորություն ունենար ֆորպոստ համարելու եւ դարձնելու Քուվեյթը, չէ՞ր օգտվի այդ հնարավորությունից: Այդ պարագայում ոչ ոք Սերժ Սարգսյանին չէր մեղադրի, որովհետեւ Քուվեյթը Հայաստանի ֆորպոստ դարձնելը բխում է Հայաստանի ազգային շահերից: Այլ հարց է, որ Քուվեյթը ու նրա բնակչությունը պարզապես թույլ չէին տա, որ իրենց դարձնեին ու դիտարկեին որպես ֆորպոստ: Այսինքն, երբ որեւէ պետության ղեկավար այնքան ազդեցիկ է ինքն ու դրանով իսկ ազդեցիկ է դարձնում իր երկիրը, որ կարողանում է ձեռք բերել հարավային, հյուսիսային, արեւմտյան ու արեւելյան ֆորպոստներ, դրանում նրան չես կարող մեղադրել: Մեղադրել պետք է այն երկրներին, որոնք թույլ են տալիս, որ իրենց դարձնեն ֆորպոստներ:
Այս առումով անհասկանալի է, թե ո՞րն է Պուտինի մեղքը, ի՞նչ նպատակ ունիՙ ընդդիմանալ նրա այցելությանը, նրա հայտարարություններին, նրա այցի առանձնահատկություններին: Մեր խնդիրը դա չէ, մենք մեր երկրում ազգային ինքնագիտակցության, պետականության ամրապնդման, ազդեցիկ նախագահով, ազդեցիկ երկիր կառուցելու խնդիր ունենք: Խանգարո՞ւմ է արդյոք այս նպատակների համար Պուտինը, իհարկե խանգարում է, բայց նա բոլորին է խանգարում, օրինակՙ Վրաստանին, Մոլդովային, Ուկրաինային…
Ուրեմն մեր ֆորպոստ լինելու մեջ մեղավորը մենք ինքներս ենք, եւ այստեղ ոչ թե Պուտինի մեղքն է նշվելու, այլՙ մեր mea culpa-ն: Ի վերջո հզորները մեղք չունեն իրենց հզորության մեջ, մեղավորը թույլներն են, քանի որ թույլ ենՙ հերիք չէ, նաեւ համարձակություն չունենՙ ուժեղանալու:
Հովիկ ԱՖՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այսօրվա համարում