Դեկտեմբերի 1-ին Բեյրութի ՀԲԸՄ «Դեմիրճյան» կենտրոնում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ տեղի ունեցավ աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 110-ամյակին նվիրված համերգ:
Երեկոն բացեց Լիբանանի ՀԲԸՄ մասնաճյուղի գործադիր քարտուղար Անիտա Լեբիարը:
Այնուհետեւ իր ողջույնի խոսքում Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը ներկայացրեց Արամ Խաչատրյանի կենսագրության որոշ մանրամասներ, ընդգծեց Արամ Խաչատուրյանի անգնահատելի ավանդն ու ժառանգությունը համաշխարհային դասական երաժշտության զարգացման գործում: Արամ Խաչատրյանի մասին ֆիլմի ցուցադրումից հետո ելույթով հանդես եկավ Լիբանանի ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Հարութ Ֆազլյանը, ով անդրադարձավ մեծանուն կոմպոզիտորի հանրահայտ ստեղծագործությունների մանրամասներին:
Երեկոյի երաժշտական մասում Արամ Խաչատրյանի ստեղծագործությունների կատարումներով հանդես եկան դաշնակահարներ Արմեն եւ Սյուզան Քեչեկները, ջութակահար Բորիս Միրզոյանը: Հնչեցին «Դիմակահանդես» սյուիտը, դրվագներ՝ «Սպարտակ» եւ «Գայանե» բալետներից:
Միջոցառմանը ներկա էին պատգամավորներ, Լիբանանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, մշակութային եւ հասարակական գործիչներ, լիբանանահայ համայնքի կառույցների ներկայացուցիչներ եւ կրոնական այրեր:
ԱԳՆ Մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն