«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի գնահատմամբ, ընդդեմ Մաքսային միության կարգախոսով բողոքի երթի ընթացքում ոստիկանների գործողություններն ամբողջությամբ ապօրինության շրջանակներում էին: «Խաղաղ հավաք էր, խաղաղ երթ:
Ամիրյան փողոցում ակտիվիստները չարեցին այնպիսի գործողություններ, որոնք կստիպեին ոստիկաններին հարձակվել այնպես, ինչպես հարձակվեցին կամ շրջափակել ու խոչընդոտել տեղաշարժը: Երբ ոստիկանները հարձակվեցին, ակտիվիստները երկու մետր հեռու էին նրանցից: Նրանց կատարածը խախտում էր մարդու իրավունքների հռչակագրի, Սահմանադրության, ինչ հնարավոր էր այսօր խախտեցին»,- ասաց պարոն Մարտիրոսյանը:
Ինչ վերաբերում է ակցիայի նախաձեռնող խմբի բանակցություններին Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանի հետ, ինչի արդյունքում ակցիայի մասնակիցները կամաց-կամաց ցրվեցին, պարոն Մարտիրոսյանն ասաց՝ որոշումը կազմակերպիչներինն էր, ինքը գնահատականներ չի տա, միայն կարող են աջակցել այդ որոշմանը:
«Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանի կարծիքով էլ, եթե ոստիկանապետի հետ բանակցությունները չլինեին, ապա անհամեմատ շատ կլիներ բերման ենթարկվածների թիվը. «Միայն այն, որ մի քանի հարյուր մարդու դեմ դուրս է բերվել երկրի ոստիկանության մարտական ՊՈԱԿ-ները, նշանակում է, որ իրավիճակն ավելի լուրջ է, քան կարելի է պատկերացնել: Տեսանելի է, որ իշխանությունները ավելի լավ են պատկերացնում, թե ինչով սա կարող է ավարտվել»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Լուսանկարը՝ Լեւոն Բարսեղյանի