Ազգային ժողովում պարտադիր կուտակային համակարգի դեմ 49 պատգամավորի ստորագրությամբ սկսված քննարկումների ժամանակ բավականին հետաքրքիր զարգացումներ եղան: Բացի ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանի ասածից, թե «հանրությունը համակարգին չի դեմ, մեզ է դեմ», ուշագրավ էր նաեւ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի կոչը՝ ծափահարել Հրանտ Բագրատյանին:
Լ. Զուրաբյանը խոսեց այն մասին, որ այս կարգի ռեֆորմները «շոկային թերապիա» են, բացատրեց, թե ինչ բան է շոկային թերապիան, երբ կարճաժամկետ կտրվածքով մարդիկ կորուստներ են ունենում, բայց երկարաժամկետ դիտարկման արդյունքում դա նպաստում է տնտեսությանը: Բերեց 1990-ականների Լեհաստանի, Ռուսաստանի ռեֆորմների նկարագրությունը, թե ինչ ճգնաժամ սկսվեց, սակայն շատ արագ փոխվեց իրավիճակը: Այս համատեքստում տարօրինակ կլիներ, եթե չհիշվեր նաեւ հետխորհրդային Հայաստանի փորձը: Եվ պարոն Զուրաբյանը հիշեց, որ նմանատիպ ծանր բարեփոխում իրականացրեց նաեւ Հայաստանը՝ 1991-1995-ին՝ «Տեր-Պետրոսյանի, Բագրատյանի եւ ՀՀՇ-ի կառավարությունը»: Պարոն Զուրաբյանը նկատեց, որ դրանք ցավոտ քայլեր էին, բայց դրեցին զարգացման հիմքեր, եւ կոչ արեց «ծափահարել այն մարդուն, որը ներկա է այսօր այս դահլիճում, եւ որը կրելով իր նկատմամբ սոցիալական դժգոհության անխուսափելի ալիքները», այդուհանդերձ, ունենալով «սկզբունքային տնտեսագիտական դավանանք», արեց այդ բարեփոխումները:
Այսքանից հետո անդրադառնալով այս բարեփոխմանը, ՀԱԿ խմբակցության ղեկավարն ասաց՝ «հիմա մի ցավոտ ռեֆորմ էլ դուք եք ուզում անցկացնել», բայց նկատեց, որ նման բան «կարող է անել միայն այն իշխանությունը, որն ունի անվերապահ աջակցություն ժողովրդի կողմից, իսկ այս կառավարությունն այդպես չի ընկալվում»:
Պարոն Զուրաբյանի ելույթն անավարտ մնաց, եւ կշարունակվի վաղը, սակայն մինչ աշխատանքային օրվա ավարտն ազդարարելը՝ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հասցրեց նկատել, որ «այո, քաղաքականությունը հնարավորինի արվեստ է, չէինք սպասում, որ կոչ կանեք ծափահարել Բագրատյանին, եւ մենք հիմա կծափահարենք նրան» ու սկսեց ծափահարել:
Կարդացեք նաև
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ