Լրահոս
Օրվա լրահոսը

Անդրեա Կամելլի. «Մենք փորձում ենք ստեղծել մի գործիք, որը կնպաստի առաջարկի և պահանջարկի հանդիպմանը»

Դեկտեմբեր 02,2013 19:10

Հայաստանում «TEMPUS» ծրագրի շրջանակներում իրականացվում է «Հայաստանում մարդկային կապիտալի գնահատման և շրջանավարտների զբաղվածունակությանն ուղղված բարձրագույն կրթության ցանց» (HEN-GEAR) նախագիծը, որը մեկնարկել է 2012թ. հոկտեմբերին և ավարտվելու է 2015-ի հոկտեմբերին:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Բոլոնիայի համալսարանի դասախոս Անդրեա Կամելլին:

Նախագծի նպատակն է Հայաստանում հիմնել շրջանավարտների առաջարկն ու պահանջարկը հավասարակշռող համալիր մոդել, որը կրկնօրինակելու է Բոլոնիայի Ալմա-Լաուրեա միջհամալսարանական կոնսորցիումի կողմից ստեղծված և Իտալիայում ու այլ երկրներում արդյունավետ գործող նմանատիպ մոդելը:

Ընդհանուր գծերով ներկայացնելով նախագիծը՝ Անդրեա Կամելլին ասաց. «Մենք բուհերի ղեկավարներին ներկայացնում ենք, թե 6-7 ամիս առաջ այս կամ այն բուհն ավարտած ուսանողն ինչ կարծիք ունի տվյալ բուհի մասին: Շատ կարևոր է գերազանց առաջադիմությամբ ավարտած ուսանողի կարծիքը կրթական համակարգի բարելավման առումով: Թեև պարզ է, որ բուհը գերազանց ավարտած ուսանողը գոհ պիտի լինի իր ստացած գիտելիքներից, բայց եթե գիտելիքները չի կարողանում օգտագործել աշխատաշուկայում, նշանակում է, որ համալսարանը ամբողջովին չի կատարել իր աշխատանքը»:

Դասախոսն ասաց, որ նախագծի շրջանակներում իրենք իրենց շրջանավարտների զբաղվածության վերաբերյալ ուսումնասիրություններ են անում նրանց ավարտելուց 1, 3 և 5 տարի հետո: «Եվ եթե տեսնում ենք, որ մեր լավագույն շրջանավարտները չեն կարողանում աշխատանք գտնել, դա նշանակում է՝ որոշակի խնդիրներ կան համալսարանում և գործատուների մոտ: Մենք փորձում ենք ստեղծել մի գործիք, որը կնպաստի առաջարկի և պահանջարկի հանդիպմանը»,- ասաց նա և հույս հայտնեց, որ նախագիծը Հայաստանում հաջողություն կունենա:

Նշենք, որ նախագծում ներգրավված են հայաստանյան 8 բուհեր՝ Երևանի պետական համալսարանը, Հայաստանի տնտեսագիտական պետական համալսարանը, Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանը, Հայաստանի ճարտարագիտության պետական համալսարանը, Հայաստանի ագրարային պետական համալսարանը, Երևանի գեղարվեստի պետական ակադեմիան, Գավառի պետական համալսարանը, Գյումրիի Մ. Նալբանդյանի անվան մանկավարժական պետական ինստիտուտը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031