Լրահոս
Օրվա լրահոսը

Խոստովանություն ՀՀԿ-ից. «Հանրությունը համակարգին չի դեմ, մեզ է դեմ» (Տեսանյութ)

Դեկտեմբեր 02,2013 18:54

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր, մինչեւ ԱԺ հերթական քառօրյայի սկսելը, Ազգային ժողովի չորս խմբակցություններ՝ ԲՀԿ, ՀՅԴ, ՀԱԿ եւ «Ժառանգություն» ԱԺ քարտուղարություն են ներկայացրել ձեւաթուղթ՝ 49 պատգամավորի ստորագրությամբ, ինչը, օրենքի համաձայն թույլ կտար իրենց՝ իմպերատիվ կարգով ԱԺ քառօրյայի օրակարգ մտցնել եւ քննարկման դնել իրենց օրենքի նախագիծը: Խոսքը տվյալ դեպքում կենսաթոշակային բարեփոխումներին վերաբերվող օրենքի կիրառումը մեկ տարով հետաձգելու մասին պատգամավորների պահանջի մասին է:

Խոսելով կենսաթոշակային բարեփոխումների մասին՝ ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանն անդրադարձավ այն խնդիրներին, որ այսօր կանգնած են կենսաթոշակային համակարգի առջեւ, ընդունեց, որ կար բարեփոխումների անհրաժեշտություն, սակայն վստահեցրեց, որ այս նոր համակարգը ոչ միայն չի լուծում այն խնդիրները, որոնք կային, այլեւ նոր խնդիրներ է առաջ բերում: Նկատենք, որ բարեփոխումների կարիքը կառավարությունը բացատրում է մասնավորապես ժողովրդագրական խնդիրներով: Ներկայումս մենք կանգնած ենք այն փաստի առջեւ, որ յուրաքանչյուր աշխատողի բաժին է ընկնում մեկ թոշակառու, եւ այս պայմաններում ներկայիս համակարգը, որն առաջնորդվում է «Սերունդների համերաշխության» սկզբունքով, չի արդարացնում իրեն, իսկ մի քանի տարի հետո, ժողովրդագրական նույն պայմաններում կկանգնենք փաստի առաջ, որ յուրաքանչյուր աշխատող ստիպված պիտի լինի իր վճարած հարկերով «պահել» ոչ թե մեկ, այլ ավելի թոշակառուի: Դա նշանակում է, որ մի քանի տարի հետո, եթե չլինեն բարեփոխումները, աշխատողների վրա հարկային բեռը սարսափելի ծանր է լինելու:

Այս մասին խոսեցին, ըստ էության, գրեթե բոլոր ելույթ ունեցողները:

Մասնավորապես, անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանն էլ նկատեց, որ խնդիրը հասկանալի է, եւ ընդհանուր առմամբ բարեփոխման կարիքը հաստատ կա, սակայն գլխավոր պրոբլեմն այն է, որ ժողովուրդն ուղղակի չի վստահում իշխանություններին, եւ ինչ էլ որ անի իշխանությունը՝ անվստահությամբ եւ սվիններով է ընդունում:

Ի դեպ, դա խոստովանեց իր խոսքում նաեւ ՀՀԿ-ն ներկայացնող պատգամավոր Հակոբ Հակոբյանը, որն ասաց. «Ժողովուրդը չի ուզում մեզ լսել, որովհետեւ իրենց հետ խոսելու միակ ձեւը կառավարությանը քննադատելն է: Հանրությունը ոչ թե կուտակայինին է դեմ, այլ մեզ է դեմ: Դա անվստահություն չի նոր կենսաթոշակային համակարգի հանդեպ, դա անվստահություն է մեր հանդեպ»:

Պարոն Հակոբյանը որպես կառավարության հաջողված նորամուծություններ հիշեցրեց ԱՊՊԱ համակարգի ներդրումը, սոցփաթեթների ներդրումը, որոնց ժողովուրդն էլի դեմ էր, սակայն հետո տեսավ, որ ընդունելի նորամուծություններ են:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Տեսանյութը՝ ԱԺ մոնիտորինգ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031