Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Պուտինի այցի պատճառով գյումրեցիներին արգելեցին անգամ թաղել մեռելներին (ֆոտոշարք)

Դեկտեմբեր 02,2013 18:20

Ինչպես տեղեկացրել էինք, այսօր Վլադիմիր Պուտինի՝ Գյումրի կատարած այցի պատճառով կաթվածահար էր եղել էր ամբողջ քաղաքը, մայրաքաղաքից ժամանած ոստիկանները, բառի իսկական իմաստով, տնային կալանքի էին ենթարկել բնակչությանը՝ չթույլատրելով տներից դուրս գալ:

Կենտրոնական փողոցներում գրեթե մարդ  չկար, փողոցները դատարկ էին ու ամայի: Իսկ երկրորդական փողոցներում  ոստիկանները  վթարավտանգ իրավիճակ էին ստեղծել. հասարակական տրանսպորտն անգամ հարկադրված էր երթևեկել այդ նեղ, ցեխոտ փողոցներով:

Սակայն ամենազավեշտալին այն է, որ գյումրեցի հանգուցյալներին այսօր չէին թողել հուղարկավորել:

Այն մեքենան, որով փորձում էինք հասնել Գյումրու դրամատիկական թատրոն, ստիպված եղանք կանգնեցնել թատրոնից մոտ մեկ կիլոմետր հեռավորության վրա, սակայն սեփական տներից մեկի տանտերը դուրս եկավ ու խնդրեց չկանգնեցնել իր դռան դիմաց՝ ասելով, որ իր տանը սուգ կա. և Պուտինի պատճառով  հանգուցյալին անգամ չեն թողնում հուղարկավորել:

Վլադիմիր Պուտինի ինքնաթիռը վայրէջք կատարեց նախատեսածից մոտ 2 ժամ ուշացումով,  այդ ընթացքում  հայ-ռուսական տնտեսական համաժողովին  մասնակցող պատվիրակությունը  անհամբեր սպասում էր երկու նախագահներին: Տեսնելով, որ շատ են ուշանալու, համաժողովը սկսեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ խոսելով Մաքսային միությունից ու նշելով, որ ինտեգրացիան կստեղծի հարմարավետ պայմաններ բիզնեսի համար, մարդկանց լավ ապրելակերպի համար:

PrevPhoto
NextPhoto

Ելույթ ունեցավ նաև Ռուսաստանի տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը, որը  գովերգեց Մաքսային միության գաղափարը՝ վիճակագրություն  ներկայացնելով    հայ-ռուսական ապրանքաշրջանառության մասին:

Հետաքրքիրն այն է, որ Վլադիմիր Պուտինը Գյումրի էր բերել ՀՀ ողջ կառավարությանը, սա առաջին դեպքն էր, որ մեր բոլոր նախարարները մի մարդու պես եկել էին Գյումրի  ու տեղավորվել թատրոնի դահլիճի առաջին շարքերում:

7 նախարար էլ մասնակցում էին ՌԴ-ից , ընդհանուր թվով մասնակիցների թիվը 600 էր:

Ինչպես ավելի ուշ իր ելույթում թվարկեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը. «Համաժողովի աշխատանքներին ռուսական կողմից մասնակցում են կառավարության նախագահի առաջին տեղակալ Իգոր Շուվալովը, 7 դաշնային նախարարներ, 7 նահանգապետեր, «Ռոսատոմի», «Ռոսնեֆտի», «Գազպրոմի», «Վնեշտորբանկի», ռուսական մի շարք այլ խոշոր ձեռնարկությունների ղեկավարներ: Այստեղ ներկա են Ռուսաստանի 20 տարածաշրջանների քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներ, գիտական ստեղծագործական մտավորականության ներկայացուցիչներ»:

Նախքան երկու նախագահների համաժողովին մասնակցելը վավերագրական ֆիլմ ցուցադրեցին Հայաստանի պատմական վայրերի ու պատմության հետաքրքիր դրվագների մասին: Այնուհետ ժամանեցին նախագահները: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը բավական ծավալուն ելույթ ունեցավ:Նա ներկայացրեց Գյումրու պատմությունը հայ-ռուսական հարաբերությունների համատեքստում, անգամ հիշեց Նիկոլայ ցարին ու նրա տիկնոջը՝ Ալեքսանդրիային,  որի անունով կոչվել էր  Գյումրին՝ Ալեքսանդրապոլ:

Սերժ Սարգսյանն ասաց.«Այսօր Գյումրին, որը միշտ եղել է մեր ժողովուրդների և երկրների պատմությունների միահյուսման մարմնացումը, իրոք դարձավ հայ-ռուսական հարաբերությունների ապագայի խորհրդանիշը: Դեռևս հեռավոր 1829 թվականին Կովկաս ճանապարհորդության ժամանակ մեծ պոետ Ալեքսանդր Պուշկինը բիբլիական Արարատի ճանապարհին կանգ է առել Գյումրիում: 1837թ. այստեղ հիմնվել է ռուսական ամրոց, և քաղաք է այցելել կայսր Նիկոլայ Առաջինը: Քաղաքը վերանվանվել է Ալեքսանդրապոլ՝ ի պատիվ նրա տիկնոջ՝ կայսրուհի Ալեքսանդրա Ֆյոդորովի: Այստեղ տեղակայված է եղել Ռուսաստանի զինված ուժերի երկու ամենավաստակավոր գնդերից մեկը՝ Հյուսիսային դրագունյան 18-րդ գունդը, որտեղ իրենց ծառայությունն են անցկացրել Խորհրդային Միության ապագա մարշալ Սեմյոն Միխայիլի Բուդյոննին և իրավմամբ ազգային երթի՝ «Սլավոնուհու հրաժեշտի» հեղինակը՝ Վասիլի Ագապինը: Գունդ, որն առանձնացել է շատ ճակատագրական մարտերում և պարգևատրվել Ռուսաստանի մի շարք բարձրագույն պարգևանշաններով, հիրավի, կարելի է համարել ակունքը մարտական եղբայրության ավանդույթների, որոնք շարունակում է 102-րդ ռուսական ռազմակայանը, որտեղ մենք այսօր պատրաստվում ենք այցելել: Այստեղ՝ Գյումրիում է գտնվում «Պատվո բլուրը»՝ ռուս-թուրքական պատերազմի ժամանակ զոհված ռուսական բանակի սպաների պանթեոնը: Այս օրերին Գյումրիում համաժողովի անցկացումն առանձնահատուկ նշանակություն ունի ևս մեկ հանգամանքի պատճառով: 25 տարի առաջ ավերիչ երկրաշարժը հսկայական վնաս է հասցրել այս քաղաքին: Զոհվել է ավելի քան 25 հազար մարդ, հարյուր հազարավորները մնացել էին առանց տանիքի: Ոչնչացվել էր քաղաքային ամբողջ ենթակառուցվածքը, և կաթվածահար էր եղել արտադրությունը: Մենք շնորհակալ ենք բարյացակամ բոլոր մարդկանց, աշխարհի բոլոր երկրներին, Խորհրդային Միության ժողովուրդներին և, իհարկե, առաջին հերթին, Ռուսաստանին՝ աղետի գոտու և Գյումրի քաղաքի վերականգնման գործում նրա անգնահատելի ներդրման համար: Այդ օգնության իսկական խորհրդանիշը, մարմնավորումը դարձավ այսօր Գյումրիում ներկա Նիկոլայ Իվանի Ռիժկովը: Վլադիմի՛ր Վլադիմիրի, բայց որպես բարեխիղճ մարդ, նա արդեն երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված հուշակողոթի մոտ է և սպասում է մեզ: Նա ղեկավարում է հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովը, իսկ այն օրերին ԽՍՀՄ կառավարության նախագահն էր: Նիկոլայ Ռիժկովը գիտի, որ գյումրեցիներն իրավմամբ նրան համարում են յուրային»:

Նախագահն անդրադարձավ նաև Մաքսային միությանն անդամակցելու անհրաժեշտությանը: Վլադիմիր Պուտինն էլ իր հերթին հայտարարեց, որ Ռուսաստանը Կովկասից հրաժարվողը չէ: Այս մասին կներկայացնենք քիչ անց:

Հավելենք, որ մոտ 20 րոպե տևող ելույթներից հետո երկու նախագահները ուղևորվեցին Ամենափրկիչ եկեղեցու ետնամաս՝ ծաղիկներ դնելու երկրաշարժի զոհերի հուշարձանին: Այնուհետ նրանք շրջեցին ռուսական զորամասերում:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031