Լրահոս
Օրվա լրահոսը

««ՀայՌուսգազարդի» 20%-ը ռուսական «Գազպրոմին» տալը, ՀՀԿ-ի ընտրվելու գինն է»

Դեկտեմբեր 02,2013 17:59

«ՀայՌուսգազարդի»` պետական բաժնեմասի 20%-ը «Գազպրոմին» տալով, այն գինն է, որը վճարում են իշխանությունը պահելու համար. սա այն 5000 դրամներն են, որ իբր թե լավություն Հայաստանում եղած 3 ընտրությունների ժամանակ բաժանվեցին ժողովրդին: Aravot.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀԱԿ անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը` մեկնաբանելով այսօր ռուսական «Գազպրոմ» ընկերության նախագահ Ալեքսեյ Միլլերի այն հայտարարությունը, ըստ որի, դեկտեմբերի 2-ին կստորագրվի «ՀայՌուսգազարդի» 20%-ի ձեռքբերման պայմանագիրը եւ ըստ էության «ՀայՌուսգազարդը» կդառնա «Գազպրոմի» դուստր ձեռնարկություն եւ դրա 100 տոկոսանոց բաժնետեր:

Պարոն Խաչատրյանի խոսքերով` մյուս կողմից էլ, այդ 20%-ը այս 2 տարիների ընթացքում Հայաստանի սահմանի վրա թանկ գներով մեզ վաճառած գազի գնի տարբերությունն է, որի մասին ՀՀ իշխանությունները չէին ուզում խոսել, թաքցնում էին, բայց փաստորեն, մաքսային ծառայությունն արձանագրել էր 2011 թվի նոյեմբերից. «Իշխանությունները ուղղակի խաբել են, միշտ կառավարության ներկայացուցիչները, էներգետիկայի նախարարը ասում էին` նման բան չկա, գնում ենք նույն գնով, ինչ պայմանագրով է, այսինքն` 150 դոլարով: Հետագայում, եւ հիմա եւս պարզվեց, որ 2 տարվա ընթացքում գումարվել է մոտ 150 միլիոն դոլարի պարտք այդ գների տարբերության պատճառով. սա նաեւ «ՀայՌուսգազարդի ֆինանսական հաշվետվության մեջ է նշված, իբր վնասով է աշխատել. բայց «ՀայՌուսգազարդը չէր կարող վնասով աշխատել»:

Վահագն Խաչատրյանը համոզմունք հայտնեց, որ վերջին 2 տարվա ընտրությունները ֆինանսավորվել եւ հովանավորվել են «Գազպորմի» եւ «ՀայՌուսգազարդի» կողմից. «Դեռ 2012-ի խորհրդարանական ընտրություններից առաջ աղմուկ բարձրացավ, որ գազի գինը բարձրացվել է Ռուսաստանի կողմից, հետագայում էլ Սերժ Սարգսյանի` նախագահի ընտրություններից առաջ եւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ընտրություններից առաջ նման աղմուկ եղավ, բայց եթե այդ ընթացքում հայտարարվեր իրականությունը իշխանությունների կողմից, ապա իշխանությունն ինքն իրեն կբացահայտեր, որ ապաշնորհ է: Բայց միշտ խաբել են, որ Ռուսաստանի հետ պայմանավորվածություններ կան, գազի գինը չի բարձրանա: Այդ ամենը հերքվեց 2013 թվի մայիսին, երբ հայտարարվեց, որ ապրիլի 1-ից գինը բարձրանալու է, բայց կառավարությունը սուբսիդավորելու է: Այնպես էին խոսում, որ վարչապետը մեզ լավություն արեց, լավություն չի կարող անել, պետք է հեռու մնալ նման լավություններից: Այդ լավության արդյունքում սահմանային գինը, որ 270 դրամ պետք է լինի 1000 Խմ-ի դիմաց, ասեց՝ հաշվել 186 դոլարով, որը հիմա մենք վճարում ենք: Բայց անվճար պանիրը միայն թակարդում է լինում: Երբեւիցե ոչ ոք մեզ լավություն չի անի, նույն Ռուսաստանն ու «ՀայՌուսգազարդը» մեր կաշին քերեցին իրենց գներով. ՀՀ քաղաքացիները վճարեցին միջազգային միջին գներից էլ բարձր գներով, ամենաաղքատ երկիր լինելով»:

Ըստ Վահագն Խաչատրյանի, սպառողները, փաստորեն, «ՀայՌուսգազարդի» պետական բաժնեմասը տալով, վճարում են կառավարության կուտակած պարտքի դիմաց:

Ըստ էության, նման գործարքներին պարոն Խաչատրյանը, որպես տնտեսագետ, դեմ չէ, սակայն 20% բաժնեմասը, դա ժողովրդի սեփականությունն է եղել, եւ կառավարությունը, ինչպես բնութագրեց տնտեսագետը, թաքուն եւ առանց նախապես ժողովրդին տեղեկացնելու, չպիտի նման գործարքի գնար.« Ես դեմ չեմ ընդհանրապես նման գործարքներին, բայց ձեւ գոյություն ունի, դա պայմանավորվում են, բանակցում են, գուցե դրա դիմաց ավելի շատ բան էր հնարավոր ստանալ. դա կարող էր ներդրում լիներ, բայց հիմա, իշխանությունը դա տալիս է իր գողացածի դիմաց: «ՀայՌուսգազարդն» էլ մասնակցել է գողությանը, եւ դա քաղաքական նպատակ է ունեցել` լծակներ ունենալու համար»:

Aravot.am-ի այն հարցին՝ հնարավո՞ր է «Գազպրոմն» այլեւս, երբ կամենա, գազի գինը Հայաստանում բարձրացնի, պարոն Խաչատրյանն ասաց, որ թեեւ կա հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, որը պետք է նման հարցերը որոշի` թանկացման հայտն ընդունե՞լ է, թե՞ ոչ, բայց ըստ ՀԱԿ անդամի, այս եւ նման կառույցները Հայաստանում միայն քաղաքական որոշումներ են կայացնում:

Ռուսական «Գազպրոմին» «ՀայՌուսգազարդի» պետական 20% բաժնեմասի տալը, ըստ Վահագն Խաչատրյանի, Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը կորցնելու վառ օրինակ է:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031