Մոտ մեկ ժամ է՝ ոստիկանները թույլ չեն տալիս «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանին եւ մի քանի քաղաքացիների Աբովյան փողոցով բարձրանալ դեպի վերեւ: Aravot.am-ի խմբագրություն ահազանգած քաղաքացի Արամ Ենոքյանի խոսքերով, ոստիկանությունը քաղաքացիներին որեւէ կերպ չի բացատրում, թե ինչո՞ւ է խոչընդոտում քաղաքացիների ազատ տեղաշարժը. «Մեր ճանապարհը փակեցին ու վերջ, թույլ չեն տալիս բարձրանանք: Մի քսան րոպե սպասեցինք, այդպես էլ չթողեցին, մեր հարցերին ոչինչ չեն պատասխանում, արգելում են ու վերջ»:
Արամ Ենոքյանը պատմեց, որ երբ իրենց խումբը փոխել է ուղղությունը եւ փորձել Բուզանդի փողոցով տեղաշարժվել, մոտ 20 ոստիկան կրկին պատ են կազմել եւ արգելել այդ ուղղությամբ եւս տեղաշարժվել. «Մեկ ժամվա ընթացքում ոստիկանները երկու անգամ կոպտորեն ոտնահարեցին մեր ազատ տեղաշարժվելու իրավունքը»:
Ըստ քաղաքացու, այս պահին էլ կանգնած են Բուզանդի փողոցում. «Ուղղակի քայլում ենք, ո’չ վանկարկում ենք, ո’չ բղավում ենք, սովորական քայլում ենք: Ինչո՞ւ են արգելում»,-ասում է Արամ Ենոքյանը:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
Կարդացեք նաև
Տեսանյութը՝ Yerkir videonews-ի