Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Լեւոն Զուրաբյանի ելույթը ԱԺ-ում՝ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության անունից

Դեկտեմբեր 02,2013 17:14

Եթե կուտակային հիմնադրամների հետ կապված՝ այս կենսաթոշակային բարեփոխումներին մոտենանք զուտ տեսականորեն, այսինքն՝ կտրված Հայաստանի այսօրվա շատ կոնկրետ սոցիալ-տնտեսական կոնտեքստից, ապա առաջարկված ռեֆորմը կարծես հետապնդում է կարեւոր նպատակներ: Իհարկե, շատ երկրներում կիրառվում է կուտակային հիմնադրամներին պարտադիր վճարումներ կատարելու օրենքը: Դա ոչ միայն լրացուցիչ հնարավորություն է ստեղծում ապագայում ավելի մեծ կենսաթոշակներ ստանալու համար: Դա նաեւ ստեղծում է, այսպես կոչված՝ «երկար փողեր», այսինքն՝ կապիտալի շուկայում խիստ անհրաժեշտ երկարաժամկետ ֆինանսական գործիքներ, ինչը նպաստում է կապիտալի շուկայի զարգացմանը եւ երկարաժամկետ ներդրումների ակտիվացմանը:

Բայց սա՝ տեսության մեջ: Հայաստանի իրականությունը լրիվ այլ պատկեր է ներկայացնում:

  1. Սկսենք նրանից, որ նման ռեֆորմները պատկանում են, այսպես կոչված՝ «շոկային թերապիայի» ռեֆորմների դասին: Վաղ 90-ականներից սկսած՝ «շոկային թերապիա» անվանում են այն ռեֆորմները, որոնց իրականացման հետեւանքով քաղաքացիները կարճաժամկետ կտրվածքով կարող են կորուստներ ունենալ, անգամ՝լուրջ զրկանքների ենթարկվել, բայց երկարաժամկետ առումով շահում են, քանի որ այդ ռեֆորմների պտուղները քաղում են ապագայում: Այս առումով ես ցանկանում եմ հիշել Լեհաստանի առաջին ոչ կոմունիստական կառավարության՝ Մազովեցկու եւ Բալցերովիչի անցկացրած ռեֆորմները, երբ կառավարությունը ամբողջությամբ ազատականացրեց գները եւ սկսեց սեփականաշնորհման գործընթաց: Այն ժամանակ, իհարկե, անմիջապես տեղի ունեցավ գների ահավոր աճ, տնտեսության մեջ տեղի ունեցան նաեւ սկզբնական ճգնաժամային երեւույթներ, սակայն շատ արագ կատարելով անցում դեպի շուկայական տնտեսություն՝ Լեհաստանը կարողացավ դառնալ տնտեսական զարգացման դրոշակակիրներից մեկը: Նույնն արեց Ելցինի ժամանակ Գայդարի եւ Չուբայսի կառավարությունը, բայց ես ուզում եմ նաեւ ձեզ բոլորիդ հիշեցնել, որ հեռու պետք չէ գնալ. նմանատիպ ռեֆորմ իրականացրեց Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Բագրատյանի՝ Հայոց Համազգային Շարժման կառավարությունը: Ընդ որում, եթե հիշում եք՝ 1991թ. տեղի ունեցավ գների լիբերալիզացիան, դրանից անմիջապես հետո իրականացվեց հողի եւ ձեռնարկությունների սեփականաշնորհման ծանրագույն ռեֆորմը, իսկ 1995թ. նաեւ իրականացվեց հացի գների լիբերալիզացիան: Բոլոր այս քայլերը բավականին ցավոտ էին անդրադառնում ժողովրդի բարեկեցության վրա: Բայց, մյուս կողմից, անմիջապես ստեղծում էին հիմքեր զարգացման համար, եւ ի վերջո բերում էին ժողովրդի վիճակի բարելավմանը, որն անհնար էր առանց այս ռեֆորմների: Եվ ես կուզեի այսօր ծափահարել այն մարդուն, ով ներկա է դահլիճում, եւ ով նախագահ Տեր-Պետրոսյանի եւ Հայոց Համազգային Շարժման հետ միասին համարձակություն ունեցավ Հայաստանում անցկացնելու այս կենսական ռեֆորմները՝ կուտակելով իր նկատմամբ սոցիալական դժգոհության անխուսափելի ալիքներ, բայց նաեւ լիովին իրագործելով Հայաստանում ազատ շուկայի եւ մասնավոր նախաձեռնության վրա հիմնված իր սկզբունքային տնտեսագիտական դավանանքը:

 

Հիմա նման մի ցավոտ ռեֆորմ էլ դուք եք ուզում անցկացնել: Բայց կարծես չեք հասկանում մի կարեւորագույն հանգամանք. «շոկային թերապիայի» ցավոտ ռեֆորմներ կարող է անցկացնել միայն այնպիսի իշխանությունը, որն օգտվում է ժողովրդի անվերապահ վստահությունից, ձեւավորվել է համաժողովրդական շարժման հետեւանքով իշխանության գալու արդյունքում եւ ընկալվում է ժողովրդի կողմից որպես արդարամիտ, ազնիվ եւ բացառապես պետական շահերով առաջնորդվող քաղաքական թիմ: Այս կառավարությունը ոչ միայն այդպես չի ընկալվում ժողովրդի կողմից, այլև հակառակը՝ երկար տարիների ընթացքում հայտնի է դարձել որպես համակարգային կոռուպցիայի մեջ թաղված, ժողովրդին անխղճորեն կեղեքող, ընտրությունները կեղծող, պետական միջոցները թալանող եւ սեփական ժողովրդի վրա կրակող իշխանություն: Դուք հայտնի եք որպես ժողովրդի ունեզրկման համար նորանոր գործիքներ մոգոնող կառավարություն՝ լինի դա տնտեսության մոնոպոլիզացումը, կարմիր գծերը, արագաչափները եւ վերջապես՝ օֆշորային մութ սխեմաները:

 

Հռչակված ռեֆորմի հաջողության միակ գրավականն անվերապահ վստահությունն է կառավարության ծրագրի նկատմամբ: Դուք այդ վստահությունը չունեք, եւ արդեն միայն այդ պատճառով ձեր ռեֆորմը դատապարտված է տապալման: Իսկ եթե այս կառավարությանը թույլ տրվի իրականացնել այս ռեֆորմը, ապա միակ արդյունքը լինելու է դրա հիմքում ընկած լավ գաղափարների վարկաբեկումը, համատարած հիասթափությունը եւ արտագաղթի խորացումը:

 

  1. Հենց նման կոռումպացված կառավարության պարագայում շատ տրամաբանական են ժողովրդի սպասելիքները, որ կուտակային հիմնադրամների գործը նորից կտրվի իշխանավորների մերձավորներին, ինչը մրցակցության բացակայության պարագայում կբերի չարաշահումների եւ յուրացումների, ինչի հետեւանքով այդ հիմնադրամներին վստահված գումարները ոչ թե կծառայեն քաղաքացիների ապահով ապագայի ստեղծմանը, այլ նորից թալանչի իշխանավոր պաշտոնյաների գերհարստացմանը:
  2. Հայաստանի իրականությունը նաեւ աղքատության մատնված, տնտեսապես դեռեւս ծնկաչոք վիճակում գտնվող հասարակության իրականությունն է: Մարդիկ ուղղակի չունեն ավելորդ փող՝ կուտակային հիմնադրամների միջոցով տնտեսության ֆինանսական շրջանառությունը սնելու նպատակով: Ձեզանից ինչ-որ մեկն ուսումնասիրե՞լ է արդյոք այն մարդկանց վիճակը, ում վրա կընկնի ռեֆորմի իրականացման հիմնական բեռը: Վստահ եմ, որ ոչ: Մինչդեռ, եթե մտնեք պարտադիր այս վճարումների դեմ ձեւավորված 15 հազարանոց ֆեսյբուքային խումբը, կգտնեք բոլոր անհրաժեշտ վերլուծությունները եւ կտեսնեք, որ նրանց մեջ անգամ ամենաունեւորներն ու հաջողակներն այսօր գտնվում են այնպիսի ծանր վարկային բեռի տակ, որ այս 6.61 տոկոսանոց հավելավճարը կարող է ուղղակի փլուզել նրանց ֆինանսական վիճակը:
  3. Օրենքի այնպիսի կիրառումը, որը գործում է միայն 1974թ. հետո ծնվածների վրա, ստեղծում է ակնհայտ տարիքային խտրականություն: Արդյոք պարզ չէ՞, եւ այդ հարցն ինձ տվեցին այսօր այստեղ կայացած հանրահավաքի մասնակիցները, որ եթե որեւէ գործատու ստիպված լինի ընտրություն կատարել 1974թ. առաջ եւ հետո ծնված աշխատողների միջեւ, ապա այլ հատկանիշների հավասարության դեպքում գործատուն կընտրի 1974թ. առաջ ծնվածին: Փաստորեն, օրենքը հակասում է Սահմանադրության 14.1 հոդվածին, որն արգելում է խտրականություն՝ կախված, ի թիվս այլ հատկանիշների, նաեւ տարիքից:
  4. Նորից ցանկանում եմ շեշտել՝ ժողովրդի զանգվածային մասնակցությամբ նման ֆինանսական ռեֆորմների հաջողության բանալին վստահությունն է: Վստահությունը չի կարող ձեռք բերվել պարտադրանքով: Վստահության ձեռքբերման միակ ձեւն այն է, որ ժողովուրդը, մասնակցելով կուտակային հիմնադրամների գործունեությանը կամավորության սկզբունքով, ժամանակի ընթացքում կառուցի իր վստահությունը կենսաթոշակային հիմնադրամների նկատմամբ: Միացյալ Նահանգներում կամ Արեւմտյան Եվրոպայում հասարակությունը վստահում է կենսաթոշակային այդ հիմնադրամներին, որովհետեւ նրանք տասնյակ տարիների ընթացքում, մրցակցության պայմաններում ապացուցել են իրենց ազնվությունը, պրոֆեսիոնալիզմը, միջազգային ֆինանսական շուկաներում գործելու փորձառությունը, ուստի կայացել են որպես վստահելի ֆինանսական հաստատություններ: Մինչդեռ մեր դեպքում առաջարկվում է, ըստ էության, պարտադիր վճարումներ կատարել երկու կենսաթոշակային հիմնադրամի, որոնց մասին մենք միայն գիտենք, որ դրանք օգտվում են մեր գող իշխանությունների հովանավորչությունից, եւ որ ստեղծվել են ու ստացել լիցենզիա ընդամենը մի քանի շաբաթ առաջ:

Պարտադիր վճարումների այս ռեֆորմը նաեւ վաղաժամ է. ոչ ոք չի զբաղվում իր բնակարանի նորոգմամբ հրդեհի ժամանակ: Մենք այսօր պետք է նախ եւ առաջ հանգցնենք մեր բնակարանը մոխրի վերածող հրդեհը: Այս ռեֆորմը կարելի է կատարել միայն՝ հաղթահարելով քրեաօլիգարխիկ համակարգի հետեւանքով ստեղծված տնտեսական ճգնաժամը եւ արտագաղթը:

Ուստի առաջարկում ենք հետաձգել օրենքի կիրառումը 1 տարով եւ ձեռք բերված ժամանակը օգտագործել կուտակային հիմնադրամների պարտադիր բաղադրիչը չեղյալ համարելու փոխզիջումային լուծում գտնելու վրա: Հայ ազգային կոնգրեսը կողմ է քվեարկելու նախագծին:

Մենք կոչ ենք անում մեր ժողովրդին պայքարել իր իրավունքների համար: Իշխանությունը չի նահանջի, մինչեւ տասնյակ հազարավոր մարդկանց չտեսնի փողոցում: Հաջողության բանալին՝ ԱԺ չորս խմբակցության եւ հրապարակում կանգնած ժողովրդի համակարգված եւ համախմբված պայքարն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031