Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի առջև խնդիր է դրված ստանալ ոչ թե Եվրոպայի, այլ Ռուսաստանի՞ գովասանագիրը

Դեկտեմբեր 02,2013 17:02

 «Ո՞ւմ մոտ ենք վերածվել օբյեկտի, ինչի՞ օբյեկտի ենք վերածվել»,-Aravot.am-ի հետ զրույցում արձագանքելով իր ընդդիմադիր գործընկերոջ` «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի այն դիտարկմանը , թե Վիլնյուսի գագաթաժողովից հետո «ՀՀ-ն սուբյեկտից վերածվեց օբյեկտի», այսպես արտահայտվեց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը: Նա վստահեցրեց, թե ՀՀ-ն շարունակելու է ԵՄ-ի հետ իր երկխոսությունը, հնարավորինս ընդլայնելու է ԵՄ-ի հետ գոյություն ունեցող օրակարգերը, ՀՀ-ն շարունակելու է իր ակտիվ մասնակցությունը արևելյան գործընկերությանը: Զուգահեռներ տանելով ՀՀ-ի` Մաքսային միությանն անդամակցելու փաստի հետ, պարոն Զաքարյանը նկատեց. «Դա բխում է ՀՀ տնտեսական, էներգետիկ, ռազմավարական անվտանգության շահերից: ՀՀ-ն, մնալով միջազգային իրավունքի սուբյեկտ, իր շահերից բխող քաղաքականություն է իրականացնում: Եվ եթե պարոն Մարտիրոսյանը կարծում է, որ Եվրոպայից գովասանագիր ստանալու համար մենք մեր շահերին հակասող գործողություններ պիտի իրականացնեինք, ապա դա Արմեն Մարտիրոսյանի և իր թիմի խորը մոլորությունն է»:

Մեր այն հակադարձմանը` գուցե ընդդիմության կողմից էլ այս առիթով կարծիքներ հնչեն, թե Ռուսաստանի գովասանագիրը ստանալու խնդիր է դրված, Արտակ Զաքարյանն այսպես արձագանքեց. «Ռուսաստանի գովասանագիր ստանալու խնդիր չկա: Ռուսաստանից մեզ պետք է ստանալ գազ, համագործակցել անվտանգության խնդիրներով, նոր ներդրումների ապահովմամբ, ցամաքային նոր հաղորդակցային միջոցներ ունենալու և ՀՀ ապաշրջափակումը իրականացնելու համար: Իսկ Եվրամիության և դրա անդամ երկրների հետ մենք ունենք համագործակցության խորը և ընդլայնված օրակարգեր, մեր հանձնառած բարեփոխումների ամբողջ ծավալը շարունակելու ենք իրականացնել»:

Անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցի հետ կապված Արմեն Մարտիրոսյանի այն մեկնաբանությանը, թե «տերն այցելում է իր վասալային տարածք» պարոն Զաքարյանն ասաց. «Արմեն Մարտիրոսյանն էլ թող այդպես կարծի: Հայ-ռուս համագործակցության ամենաբարձր մակարդակը հենց նաև ապացուցվում է ՌԴ նախագահի պետական այցով, որն իր օրակարգում ունի կարևոր դրույթների ու փաստաթղթերի ստորագրում, ինչով ադեկվատ օրակարգ ու հարաբերություններ ենք կառուցելու Ռուսաստանի հետ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031