Արդեն քանի օր է՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի այցով պայմանավորված, մայրաքաղաքում, կարելի է ասել, արտակարգ դրություն է, անգամ կիրակի օրով Երեւանի փողոցներում, որտեղով պիտի անցներ Վլադիմիր Պուտինի կորտեժը, ողջ օրը կազմ ու պատրաստ կանգնած էին կանաչապատման աշխատակիցները, որոնք ծառերից թափվող տերեւներն օդում էին բռնում: Փողոցների նշագծումներն էլ չէին հասցրել երեկ ավարտել եւ այսօր առավոտյան Մաշտոցի պողոտայում դեռ ներկի դույլերով մարդիկ դեղին-սպիտակ գծանշումներ էին կատարում:
Մաշտոցի պողոտայով վեր ու վար անող ճանապարհային ոստիկանները բարձրախոսներով հայտարարում էին ավտոմեքենաների համարները` վարորդներին հրահանգելով հանել մայթեզրին կայանած բոլոր ավտոմեքենաները, նրանք հանել էին տալիս նաեւ «Փարքինգ սիթի սերվիսին» պատկանող կարմիր գծանշումով կայանատեղիի ավտոմեքենաները նույնպես: Իսկ կարմիր գծերով կայանատեղիներ պողոտայում գրեթե ամեն քայլափոխի կան:
Մաշտոցի պողոտայում քաղաքացու եւ ոստիկանի մեջ լեզվակռիվ եղավ. քաղաքացին պնդում էր, որ ինքը վճարել է, որ առանց խնդիրների կայանի իր ավտոմեքենան, իսկ ճանապարհային ոստիկանը քաղաքացուն հրահանգում էր «չերկարացնել եւ ավտոմեքենան արագ տեմպերով հանել»:
Aravot.am-ը վճարովի ավտոկայանատեղիի ծառայություն մատուցող«Փարքինգ սիթի սերվիսի» տնօրեն Վազգեն Հարությունյանից հետաքրքրվեց, թե ո՞վ պետք է փոխհատուցի քաղաքացիների կրած նյութական եւ բարոյական վնասները, քանի որ նրանք վճարել են կայանելու համար, սակայն նրանց ինչ-ինչ պատճառներով արգելում են օգտվել մատուցվող ծառայությունից:
Կարդացեք նաև
Պարոն Հարությունյանը նկատեց. «Մենք ծառայություն ենք մատուցում Երեւանի քաղաքապետարանին, մենք բնակչությանը ծառայություն չենք մատուցում: «Փարքինգ սիթի սերվիսը» գործի կազմակերպողն է: Եթե այդպիսի իրավիճակ է, տարհանողները, մասնավորապես` ոստիկանությունը գուցե իրավունք ունի նման քայլեր անելու»:
Ըստ նրա. «Մենք պատասխանատու ենք մեր մատուցած ծառայության համար Երեւանի քաղաքապետարանի առջեւ: Մեր պայմանագիրը քաղաքապետարանի հետ է, ըստ այդ պահանջների էլ մատուցում ենք մեր ծառայությունները»:
Մեր հարցին, թե քաղաքապետարա՞նն է պատասխանատու ավտոկայանատեղում կայանված ավտոմեքենայի համար, պարոն Հարությունյանն ասաց, որ օրենքում նշված չէ, որ ավտոմեքենայի անվտանգության եւ մնացած բաների համար «Փարքինգ սիթի սերվիսը» կամ ծառայություն մատուցող կազմակերպությունը պատասխանատու են:
Վճարումը ձե՞զ չեն անում քաղաքացիները մեր հարցին էլ, ընկերության տնօրենը պատասխանեց` «Ոչ, քաղաքացին վճարում է քաղաքապետարանին՝ որպես ավտոկայանտեղիի տուրք: Հավաքագրվում է քաղաքապետարանի բյուջետային հաշվին, այնուհետեւ մեր մատուցած ծառայության համար մենք ստանում ենք պարգեւավճար»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ