Նախագահ Սերժ Սարգսյանը և նրա հրավերով պետական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հայ-ռուսական միջտարածաշրջանային երրորդ համաժողովի բացումից հետո Գյումրիում, 1988թ. Սպիտակի ավերիչ երկրաշարժի 25-րդ տարելիցի նախօրեին, ծաղկեպսակ են դրել երկրաշարժի զոհերի հիշատակին, նաև փրկարարներին և Հայաստանին օգնության ձեռք մեկնած բոլոր պետություններին ու ժողովուրդներին նվիրված հուշակոթողին:
***
Լրացուցիչ տեղեկություններ
1988թ. երկրաշարժի զոհերին նվիրված հուշակոթողի վերաբերյալ
Հուշակոթողի բացումը տեղի է ունեցել 2008 թվականի դեկտեմբերի 7-ի ավերիչ երկրաշարժի 20–րդ տարելիցի կապակցությամբ: Այն կերտել է ՌԴ և Ուկրաինայի ժողովրդական նկարիչ, Հայաստանի վաստակավոր նկարիչ, Լենինյան մրցանակի դափնեկիր, ծագումով գյումրեցի՝ Ֆրիդ Սողոյանը: Պղնձաձույլ հուշարձանը պարունակում է 17 մարդկային ֆիգուր, ինչը կազմում է քանդակի կոմպոզիցիան: Հուշարձանի խորհուրդն արտահայտվում է հակիրճ ձևակերպմամբ` «Անմեղ զոհերին, բարեգութ սրտերին»: 7 մետր բարձրություն ունեցող պղնձաձույլ հուշակոթողը խորհրդանշում է աղետ տեսած ժողովրդի ցավը, իսկ մյուս կողմից՝ արիությունը, որով նա վերածնվում է փլատակներից: Հուշակոթողը պատրաստվել է Ֆրիդ Սողոյանի մոսկովյան արվեստանոցում: Հուշակոթողի կողքին տեղակայված հինգ քարե սալիկներին գրված է բարեգութ այն անձանց ու երկրների անունները, որ աղետի առաջին իսկ պահից զորակցության ձեռք մեկնեցին հայ ժողովրդին: Հուշակոթողի ստեղծման և տեղափոխման գործում մեծ օգնություն է ցուցաբերել Նիկոլայ Ռիժկովը, ով ժամանակին գլխավորում էր «Երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հանձնաժողովի հոգաբարձուների խորհուրդը»:
Ֆրիդ Սողոյանը նաև այսօր Երևանում բացված հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամությունը խորհրդանշող «Միասնական խաչ» հուշարձանի հեղինակային խմբի ղեկավարն է:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ