Ազգային ժողովն այսօր քննարկում էր Վերահսկիչ պալատի 2014թ. ծրագիրը:
Ծրագիրը քննարկվում էր ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի բացակայության պայմաններում, քանի որ նա պաշտոնական այցով գտնվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում:
Իր ելույթում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն անդրադարձավ ՎՊ գործառույթներին եւ դժգոհեց, որ Վերահսկիչ պալատը չի վերստուգում, ասենք, Կենտրոնական բանկը: Նա նկատեց, որ ի պատասխան ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանն ասել էր, որ չունեն այդ իրավասությունը, իսկ երբ ՀՀԿ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանն ասել էր, որ այդ հնարավորությունը կա, եւ անգամ առեւտրային բանկերին վերահսկելու հնարավորություն կա օրենքով, Ի. Զաքարյանը վկայակոչել էր բանկային գաղտնիքը: «Բայց մենք խոսում ենք ԿԲ դրամավարկային քաղաքականության մասին, ի՞նչ բանկային գաղտնիքի մասին է խոսքը»՝ զարմանում է Հրանտ Բագրատյանը: Ապա նկատեց՝ «Արմավիրի մա՜րզ, դեղե՜ր… բան չունեմ ասելու՝ կարող է կարեւոր հարցեր են, բայց ինձ ընդհանրապես չի հետաքրքրում դա»:
Նրանից հետո ելույթ ունեցավ ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Իշխան Զաքարյանի «մի քանի միլիոն դոլարանոց» տան կառուցմանը: Մեջբերելով Ի. Զաքարյանի՝ «168 ժամին» տված հարցազրույցը, որում վերջինս ասել է, որ իր տունը կառուցել է ԱՄՆ քաղաքացի Ալբերտ Բոյաջյանի բանկային հաշիվներում կուտակված գումարներից, որոնք կառավարելու լիազորագիր ունի: Նիկոլ Փաշինյանը հարց բարձրացրեց, թե ինչպե՞ս պատահեց, որ Վարդան Օսկանյանի դեմ քրեական գործ հարուցվեց, դատախազությունը եկավ նրան անձեռնմխելիությունից զրկեց՝ նույն բանի համար՝ նա ծախսել էր Հանթսմանի փողերը, ապա ինչո՞ւ դատախազությունը չի հետաքրքրվում, թե ինչո՞ւ է Ալբերտ Բոյաջյանի գումարներով իր համար տուն կառուցում Իշխան Զաքարյանը:
Կարդացեք նաև
Նա կոչ արեց, որ ոչ միայն դատախազությունը, այլեւ՝ էթիկայի հանձնաժողովը զբաղվի այս հարցով: Վերջում ասաց, որ դեմ է քվեարկելու Վերահսկիչ պալատի 2014թ. ծրագրին:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ