Լրահոս
Օրվա լրահոսը

Կինոգետը՝ «Անպետքը» ֆիլմի մասին. Երաժշտախեղդ է, պաթետիկ դերակատարումներով (Տեսանյութ)

Դեկտեմբեր 02,2013 16:08

Արշակ Զաքարյանի կարճամետրաժ ֆիլմը, որը կրում է «Անպետքը» վերնագիրը, մեկ շաբաթվա ընթացքում շուրջ 28000 դիտում ունի, այն քննարկվել է սոցցանցերում ու հիմնականում դրական գնահատականի արժանացել: Ֆիլմի գլխավոր հերոսին մարմնավորվել է տաղանդավոր դերասան Գեորգի Հովակիմյանը:

Aravot,am- հետ զրույցում կինոգետ Արծվի Բախչինյանը եւս դրական կարծիք հայտնեց ֆիլմի վերաբերյալ, սակայն նաեւ որոշ վերապահումներ ներկայացրեց, որոնց մասին գրել է նաեւ իր ֆեյսբուքյան էջում:

Մասնավորապես, նա գտնում է, որ չարժեր Կարլ Օրֆի «Կարմինա Բուրանա» օգտագործել:

Ինչ վերաբերում է Արշակ Զաքարյանի «Անպետքը» ֆիլմին պետական մրցանակ շնորհելու շրջանառվող կարծիքին, Արծվի Բախչինյանը գտնում է. «Անշուշտ, պետական մրցանակ չէի առաջադրի, բայց գնահատում եմ որպես սեղմ ձևի մեջ ավարտուն ու հուզիչ մի կինոգործ, որ մեր այսօրվա իրականության ողջ պատկերն է տալիս»:

Կինոգետ Րաֆֆի Մովսիսյանն (լուսանկարում) էլ Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ տեսել է Արշակ Զաքարյանի նախորդ՝ «Կինը» ֆիլմը, ինչից հետո «Անպետքն» իրեն դուր է եկել: «Իհարկե չեմ կարող ասել, որ իմ սիրած ժանրի ֆիլմերից է, չնայած սոցցանցերում այդ ֆիլմի հանդեպ մեծ հետաքրքրությանը եւ ժողովրդի կողմից հիացմունքին: Կարծում եմ, որ այդ տեսակի ֆիլմերը միանշանակ գոյություն ունենալու իրավունք ունեն: Իրականում որպես կարճամետրաժ ֆիլմ, այն ունի մի շարք թերություններ: Բացի Գեորգի Հովակիմյանի դերակատարումից, մնացած դերակատարումները պաթետիկ եւ չափից շատ անբնական են: Սյուժետային եւ կառուցվածքային իմաստով էլ թերություններ կան: Օրինակ՝ ավելորդ էր կնոջ նկարից բացի հետահայաց ցուցադրել, թե ինչ է պատահել այդ մարդու հետ, որովհետեւ նկարից արդեն երեւում է, որ այդ մարդը ընտանիք է կորցրել, անձնական խնդիրներ ունի: Ռեժիսուրայի իմաստով էլ ֆիլմը թույլ էր: Ռեժիսորը ընտրել էր հնարավոր բոլոր մեթոդները հուզական ազդեցություն թողնելու համար, մի տեսակ ֆիլմը երաժշտախեղդ էր արված: Նույն երաժշտությունը, որ սոցիալական գովազդում եւ այլ ֆիլմերում լսել էինք, այստեղ եւս օգտագործված էր, որ հուզական ազդեցությունն ուժեղ լինի: Ֆիլմի հենց սկզբից պարզ էր, թե ինչ է լինելու վերջում, ավարտը կանխատեսելի էր 11 րոպեանոց ֆիլմի համար»,-նշեց կինոգետը:

Իսկ ինչու է Արշակ Զաքարյանի «Անպետքը» ազդում մարդկանց վրա, այս հարցին էլ Րաֆֆի Մովսիսյանը հետեւյալ պատասխանը տվեց. «Այսօրվա հեռուստատեսային սերիալները կարեկցանք կորզելու նպատակ ունեն հերոսի հանդեպ, օրինակ՝ գյուղից եկած աղջկա, որը բազում խնդիրներ է ունենում, կամ մարդու, որը աջակցության կարիք ունի: Այս ֆիլմում էլ ամեն ինչ այդ իդեայի մեջ է, ուղղակի ավելի սեղմ: Սերիալի դեպքում մարդիկ կարող են մի 100 սերիա նայել, նոր հասնել կարեկցանքի, այստեղ 11 րոպեի ընթացքում ռեժիսորին հաջողվում է էդ տեսակի էկրանային մշակույթ նախընտրող մարդկանց 11 րոպեում հասցնել այդ վիճակին»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031