Անդրադառնալով Ուկրաինայում տեղի ունեցող բողոքի ցույցերին` բրիտանական «Ինդեփենդենթ» թերթը գրում է, որ «Նարնջագույն հեղափոխությունից» հետո կիրակի օրվա կիևյան ցույցն ամենամեծն էր, որին մասնակցել է մոտ 350 հազար մարդ:
Ընդդիմությունը ավտոբուսի վրա կանգնած խոսելով` կոչ էր անում համազգային գործադուլ սկսել` «խաղաղ հեղափոխություն» իրականացնելու նպատակով:
«Մեր ծրագիրը շատ պարզ է: Սա հանրահավաք չէ, ոչ Էլ ինչ-որ բանի արձագանք: Սա հեղափոխություն է», – ասում էր Նարնջագույն հեղափոխության առաջնորդներից մեկը, ներքին գործերի նախկին նախարար Յուրի Լուցենկոն:
Բռնցքամարտիկ Վիտալի Կլիչկոն, որը ենթադրաբար 2015թ. իր թեկնածությունը կդնի նախագահական ընտրություններում, ասում էր. «Մենք նորմալ Ուկրաինա ենք ուզում, որտեղ կոռուպցիան տեղ չունի, որտեղ ոստիկանությունը մարդկանց ծեծելու փոխարեն պաշտպանում է նրանց, և որտեղ լավ աշխատավարձեր կլինեն: Եթե իշխանությունները պատրաստ չեն իրականացնելու այս ամենը, մենք կփոխենք իշխանությունը»:
Կարդացեք նաև
Թեպետ ընդդիմության առաջնորդներն ասում էին, որ ցույցերը խաղաղ բնույթ են կրելու, սակայն շաբաթվա պատկերները լի էին դաժանությամբ:
25-ամյա Ալեքսանդրն ասում է, որ միացել է ցույցերին «Մայդանում ոստիկանության բռնությունների դեմ իր խաղաղ բողոքն արտահայտելու համար և Ուկրաինայի՝ դեպի Եվրոպա գնալու ուղղությանն աջակցելու համար»:
Ալեքսանդրն իր ընկերների հետ գնացել էր նախագահական` տեսնելու, թե ինչ է կատարվում այնտեղ. «Սարսափելի էր, ամեն տեղ արյուն, գազ և ձայնային նռնակներ: Հետո զինված Բերկութը (ոստիկանության հատուկ ստորաբաժանում), ծեծում էր բոլորին՝ առանց խտրականություն դնելու: Մենք գնացինք, բայց այլք մնացին ու քարեր էին շպրտում նրանց [ոստիկանության] վրա»:
Մեկ այլ ցուցարար, 32-ամյա Տանյան, թերթի հետ զրույցում ասել է, որ ինքը դեմ է բռնությանը. «Ես համոզված եմ, որ մենք խաղաղաբար կարող ենք հասնել մեր ուզածին, եթե միայն մեզ պահենք խաղաղ»:
Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը նոյեմբերի 28-29-ին Վիլնյուսում Արևելյան գործընկերության գագաթաժողովում հրաժարվեց ստորագրել Եվրամիության հետ ասոցացման ու Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու պայմանագրերը, ինչի դեմ Կիևում հազարավոր մարդիկ բողոքի են դուրս եկել:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ