Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանագետ. «Ալիևի վարած հակահայկական քաղաքականությունը որոշ դիվիդենդներ է տալիս Հայաստանին»

Դեկտեմբեր 02,2013 14:43

«Ալիևի վարած հակահայկական քաղաքականությունը որոշ դիվիդենդներ էլ է տալիս Հայաստանին, քանի որ այդ քաղաքականության միջոցով նա ցույց է տալիս, որ ադրբեջանական կողմը բավականին ապակառուցողական ու անհանդուրժող է հայերի հանդեպ»,-Aravot.am-ի հարցին՝ համամի՞տ է, արդյոք, ՀՀ նախագահի այն կարծիքի հետ, թե ՀՀ-ի համար Ալիևի վերընտրությունը ամենաձեռնտու տարբերակն էր, այսպես պատասխանեց ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը:

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսով մեկնարկեց ՀԵՀ-ի և Տարածաշրջանային իրադարձությունների գիտավերլուծական կենտրոնի կողմից դեկտեմբերի 2-6 անցկացվող «Հարևաններ. հայացք Հայաստանից» գիտաժողովը:

Այդ շրջանակներում կքննարկվեն Ադրբեջանին, Թուրքիային, Իրանին վերաբերող տարածաշրջանային զարգացումները:

Տաթև Հայրապետյանը փաստեց, որ այժմ էլ նկատվում է հայ-ադրբեջանական հարաբերություններում լարվածություն: Հարցին՝ արդյոք բավարա՞ր էր Սաֆարովի գործի հետ կապված Հայաստանի մեղմ դիրքորոշումը, ադրբեջանագետը նշեց, թե գուցե այդ հարցը հատուկ էր թեժացվում, որ Հայաստանին գցեն աֆեկտի մեջ, այնուհետև անընդհատ հիշեցնեն, թե ինչ վարք ցուցաբերեց Հայաստանը:

Իրանագետ Գոհար Իսկանդարյանը անդրադարձավ Իրանի միջուկային ծրագրին առնչվող խնդիրներին, Մեղրու ՀԷԿ-ի կառուցմանը՝ իրանական կողմի ներդրումներով, որը հետո հանձնվելու է Հայաստանին: Իրանի նոր ատոմակայանի կառուցմանը վերաբերող մտահոգություններին Գոհար Իսկանդարյանն այսպես արձագանքեց. «Չեմ կարծում, թե Իրանի նոր կառուցվող ատոմակայանը կարող է խնդրահարույց դառնալ ՀՀ-ի համար, միևնույն է՝ Իրանը նախընտրում է Հայաստանից գնել էլեկտրաէներգիա»:

Իրանագետ Տիգրան Սարգսյանն էլ կարծիք հայտնեց, թե ՀՀ-ի՝ Մաքսային միության անդամակցությունից չեն կարող տուժել հայ-իրանական ջերմ հարաբերությունները, բացի այդ, Իրանում կա ստվար հայկական զանգված:

Թուրքագետ Լևոն Հովսեփյանն էլ անդրադարձավ թուրքական բանակին վերաբերող խնդիրներին: Նա, մասնավորապես շեշտադրում կատարեց այն հանգամանքի վրա, որ բարեփոխումների արդյունքում թուրքական բանակն այլևս իրավասություններ չի ունենա ազդեցություն գործել Թուրքիայում կազմակերպված ընտրությունների վրա:

Թուրքագետ Արտակ Շաքարյանը, ամփոփելով զարգացումները, շեշտեց, որ Թուրքիայում ինչ էլ տեղի ունենա, դա ուղղված է լինելու Էրդողանի սեփական շահերը ծառայեցնելուն, հաղթանակ ապահովել ապագա ընտրություններում: Թուրքիայի վարած քաղաքականությունը նա որակեց՝ որպես «շոու, թե Թուրքիան ուզում է ՀՀ-ի հետ բարելավել հարաբերությունները»: Նա հստակեցրեց. «Դա, իհարկե, նաև ցեղասպանության 100-ամյակի ֆոնի վրա է, դրան են ուղղված թե Դավութօղլուի հայտարարությունները, թե սահմանի մի հատվածի ականազերծման՝ Թուրքիայի նախաձեռնությունը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031