Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ-ն անհանգստացած էր «ապօրինի ձերբակալություններով» (Տեսանյութ)

Դեկտեմբեր 02,2013 14:22

Ազգային ժողովի հերթական եւ այս տարվա վերջին քառօրյան մեր պառլամենտականները սկսեցին նրանով, որ իրենց շարքերն ընդունեցին նոր պատգամավորի՝ ՕԵԿ խմբակցության անդամ Լեւոն Դոխոլյանին, որը փոխարինում է ՕԵԿ-ական Խաչիկ Հարությունյանին: Հիշեցնենք, որ պարոն Հարությունյանը հրաժարվել է մանդատից՝ այլ պաշտոնի անցնելու կապակցությամբ. նա դարձել է ՀԱՊԿ ակադեմիայի ռեկտոր:

Այդ լուրից հետո ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, նույն խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, «Ժառանգություն» խմբակցությունից Ալեքսանդր Արզումանյանը, նույն խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը, ոչ մի խմբակցությունում չընդգրկված պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը բարձրացրեցին այսօր առավոտյան մի շարք ակտիվիստների ձերբակալության հարցը՝ ԱԺ նախագահին կոչ անելով որեւէ ձեւով անդրադառնալ այս խնդրին, քանի որ ձերբակալություններն ապօրինի են, եւ ոչ թե որեւէ արարքի կամ գործողության համար են ակտիվիստները տարվում բաժիններ, այլ իրենց քաղաքացիական եւ քաղաքական ակտիվության: Նկատենք, որ խոսքը գնում է ՌԴ նախագահ Պուտին այցի կապակցությամբ ակցիաներ անող ակտիվիստների մասին:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ասաց, որ ինքն էլ է դատապարտում որեւէ ապօրինություն եւ խոստացավ՝ եթե դիմում լինի պառլամենտին, ապա «մենք անպայման քննարկում կկազմակերպենք և կճշտենք՝ օրինականության սահմաններո՞ւմ են ձերբակալությունները, թե՞ ոչ»,- պատգամավորներին պատասխանեց Հ․Աբրահամյանը։

ԲՀԿ խմբակցությունից Գուրգեն Արսենյանը նկատեց, որ ներկայումս, երբ բոլորի ուշադրության կենտրոնում է գտնվում Հայաստանը, քանի որ այստեղ միջազգային մասշտաբի հանդիպում է տեղի ունենում, ակտիվիստների ձերբակալման «փոքր հարցը» կարող է ուռճացվել եւ դա չի բխում մեր պետական շահերից, եւ խորհուրդ տվեց ԱԺ նախագահին՝ «արագ կարգավորել» խնդիրը: Հ. Աբրահամյանը տեղից ասաց «Խորհրդի համար շատ շնորհակալ եմ», իսկ Նիկոլ Փաշինյանը հակադարձեց, որ «ցավալի է, որ դա ոմանք դիտարկում են որպես փոքր հարց:

Այդ նույն հարցը բարձրացրած «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն առաջարկեց ԱԺ-ն հայտարարություն ընդունի կատարվածի մասին, նա խոսեց նաեւ այն մասին, որ Պուտինին դիմավորելու համար ստիպողաբար մարդկանց են հանել փողոց: Այս վերջին դիտարկման հետ Հ․Աբրահամյանը համաձայն չէր, քանի որ իրեն որեւէ նման բողոք չի հասել:

Ի դեպ, ԱԺ նախագահը ավելի ուշ խոսակցություն էր ունեցել իրավապահների հետ եւ տեղեկացրեց, որ ձերբակալվածներ չկան, իսկ բերման ենթարկվածներն արդեն ազատ են արձակվել:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Տեսանյութը՝ «Ա1+»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031